2004-Ն ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏԱՐԻ Է Երեկ կայացավ ըմբշամարտի Երեւանի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որը վարում էր քաղաքային այս կազմակերպության նախագահ, ՀԸՖ փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Սամվել Գեւորգյանը։ Գործկոմը նիստին ներկա մարզիչներին եւ մասնագետներին ներկայացրեց վաղը մեկնարկող հանրապետության գավաթի առաջնության նախապատրաստման ընթացքը, մրցումների անցկացման կարգը։ Այնուհետեւ շահագրգիռ երկխոսություն ծավալվեց ազգային հավաքականի անդամների մարզումների, անցկացվող եւ անցկացվելիք հավաքների, մրցաշարերի մասնակցության շուրջ։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ իր որոշմամբ մեր չորս առաջատար ըմբիշները՝ Ռոման Ամոյանը, Կարեն Մնացականյանը, Վաղինակ Գալստյանը եւ Լեւոն Գեղամյանը ազատվել են գավաթի խաղարկությանը մասնակցելուց։ Նիստից հետո նա իր որոշումը հիմնավորեց այսպես. «Նշածս չորս ըմբիշները վերջին շրջանում հաջող քննություն են բռնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում եւ լրացուցիչ փորձարկումներ անցնելու անհրաժեշտություն չկա։ Նրանք այս տարի ունեն շատ ավելի կարեւոր մեկնարկներ ու անհատական ծրագրերով նախապատրաստվելու են դրանց։ Անշուշտ, գլխավորը հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ նրանք պայքարելու են ոչ միայն օլիմպիական ուղեգրերի, այլեւ մրցանակային տեղերի համար։ Բայց ասածս չի նշանակում, թե նրանց համար ազգային հավաքականում տեղերն ապահովված են։ Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցելու են հանրապետության բոլոր ուժեղագույն ըմբիշները։ Աչքի ընկածները կգան հավաքական, կմասնակցեն հավաքներին ու մարզումներին։ Եվ միայն վերջում կորոշվեն այն անունները, ում կվստահենք երկիրը ներկայացնել միջազգային մրցագորգերում։ Պարզապես, հավաքականի մարզիչներով եկել ենք այն եզրակացության, որ նշածս չորս մարզիկները հանրապետության ներսում նոր բան ապացուցելու բան չունեն, ուստի նպատակահարմար չէ չափից ավելի շատ մտնել մրցագորգ»։ Վերադառնալով նիստին, տեղեկացնենք, որ հաշվի առնելով սպորտին, մասնավորապես, ըմբշամարտին ցուցաբերած մշտական աջակցությունը, մարզաձեւի Երեւանի ֆեդերացիայի անդամ ընտրվեց ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալ Հովհաննես Վարդանյանը։ Գործկոմը քննարկեց նաեւ ըմբշամարտի ներկային ու ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր, սկսած մարզիկների ու մարզիչների մեջ կարգուկանոն ուժեղացնելուց, մինչեւ այս կամ այն մրցմանը գործուղվող ըմբիշների ընտրության կարգը, նրանց սննդով, թոշակով ապահովելը, ֆինանսական առկա հարցերի լուծման նոր ու ավելի արդյունավետ եղանակներ որոնելը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ