ՀԿ-ները՝ նոր միջնորդ ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանի երեկ հրավիրած մամլո ասուլիսի կեսը «ծախսվեց» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գովքն անելու վրա։ Ի դեպ, դրանց թիվն այսօր անցնում է 3000-ից։ Այնուհետեւ պրն Դավոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպություններ նախաձեռնություն են հանդես բերել աշնանը հրավիրելու Հայաստանի ՀԿ-ների համագումար։ Համագումարի ժամանակ կստեղծվի նաեւ համակարգող խորհուրդ, որի առաքելությունը կլինի ՀԿ-ների ու պետական կառույցների համագործակցության մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը։ «Լավ է ուշ, քան երբեք,- ներկաներին փորձեց հուսադրել նախագահի խորհրդականը,- կարեւորն այն է, որ մենք ուշը լրացնելու հաստատակամություն ունենք»։ Ռ. Դավոյանը կարեւորեց հատկապես ՀԿ-ների մեծ էլեկտորատը, որի օգտագործմամբ վերջիններս կարող են իրենց անուղղակի մասնակցությամբ նշանակալի ներդրում ունենալ բոլոր ոլորտներում, նույնիսկ մասնակցել խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքին։ «ՀԿ-ները հասարակության հոգսերին ու ցավերին ավելի մոտ են կանգնած։ ԱԺ-ում օրենքներ ընդունելիս նրանք կարող են իրենց նախագծերը ներկայացնել խորհրդարան, որը պարտավորված կլինի հաշվի նստել այդքան լուրջ զանգվածների կարծիքի հետ»,- վստահ է Ռ. Դավոյանը։ Նա մի ուրիշ առաքելություն էլ վերապահեց ՀԿ-ներին. «ՀԿ-ները կարող են մասնակցել այն կարեւոր խնդիրների պարզաբանմանը, որ իր վրա է վերցրել ընդդիմությունը։ Ունենալով լայն շփման եզրեր հասարակության հետ՝ նրանք գործող իշխանության թերությունների մասին ավելի նուրբ ու կարեւոր տեղեկություններ կարող են փոխանցել եւ ավելի ճիշտ աշխատել ԶԼՄ-ների հետ, քան սուբյեկտիվ շահերով առաջնորդվող կազմակերպություններն ու անձերը»։ Ռ. Դավոյանը նաեւ հայտարարեց, որ այդպիսով ոչ թե ՀԿ-ների դերն է բարձրացվում, այլ պետությունը նրանց վերագնահատելու առաքելություն է սկզբնավորում, մի բան, որ վաղուց գործում է քաղաքակիրթ երկրներում։ Ըստ նախագահի խորհրդականի, որպեսզի հնարավոր լինի գլուխ հանել Հայաստանում հազարներով հաշվվող ՀԿ-ների աշխատանքը կանոնակարգելու դժվարին գործից, հրավիրվելիք համագումարում մանրազնին «ուսումնասիրվելու» են բոլոր ՀԿ-ները։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ