ՊԱՐՈՒՄ ԵՆՔ «ԱՂՎԵՍԱՔԱՅԼ» Ընդունելության քննությունների համար նախապատրաստված հայոց լեզվի նորացված «Շտեմարանում» կան բառեր, որոնք չկան որեւէ բառարանում եւ հայտնի չեն լեզվաբան պրոֆեսորներին։ Կրթության ոլորտի պատասխանատուները մշտապես հավաստիացնում են, որ ընդունելության քննությունների հարցաշարի առաջադրանքները «դպրոցական ծրագրերին համարժեք են»։ Այս վստահությամբ էլ բացում ենք «Շտեմարանի» նոր էջերը եւ հանդիպում, ասենք, «աղվեսաքայլ» բառին (էջ 29)։ Կարծես վատ բառ չէ. դե ի՞նչ իմաստ պետք է ունենա, եթե ոչ՝ աղվեսի (կամ՝ աղվեսային) քայլ։ Համենայնդեպս, մի երկու դոկտոր-պրոֆեսոր գործընկերոջ ես դիմում, նրանք էլ են մտմտում, որ բառը հավանաբար «խորամանկ» իմաստն է ներառում։ Բայց, ով զարմանք, ոչ մի հայտնի կամ նեղ մասնագիտական բառարանում այդ բառը չկա։ Իսկ այստեղ՝ դիմորդի «Շտեմարանում» կա։ Ուրեմն հենց նա՝ դպրոցականը պիտի հայտնագործի, որ «աղվեսաքայլը» անգլերեն «ֆոքսթրոթ» պարանվանման հայերեն պատճենահանումն է: Եթե դիմորդն այս հայտնագործությունը չանի, տրված զույգ բառերի՝ «իծաշարուկ-աղվեսաքայլ» արմատներից կարող է իր տրամաբանությամբ կազմել «իծաքայլ» բառը։ Եվ չարաչար կսխալվի։ Որովհետեւ առաջադրանքի վերջնական լուծումը պիտի լինի, ոչ ավել, ոչ պակաս, «քայլաշարը» (ոչ թե, ասենք, «շարաքայլը»)։ Միա՛յն «քայլաշար», քանի որ վերջինս հորինված է «ալգորիթմ» օտարամուտ հասկացության համար։ Եվ պիտի խոստովանել՝ բավականաչափ հաջողված նորաբանություն է (ի տարբերություն՝ կապկած «աղվեսաքայլի»). ե՛ւ բարեհունչ է, ե՛ւ ճշգրիտ, ե՛ւ ընկալելի։ Այդուհանդերձ, հարց է առաջանում. մի՞թե սա դիմորդի գործն է, դպրոցի շրջանավա՞րտն է հիմա որոշելու ինչ-որ նորաբանությունների իրավունքը ու դրանով էլ՝ իրեն տրվող ճակատագրական կես միավորը։ Արդարեւ որ. դպրոցական ծրագրերի սահմաններում քի՞չ նյութ կա՝ դիմորդի գիտելիքները ըստ ամենայնի ստուգելու համար։ Անսպա՛ռ նյութ կա, եւ իրենք՝ ժողովածուն կազմողները, դա մասնավորապես ցուցադրել են 5-րդ հարցաշարի 6-րդ բաժնով, ուր նախորդ 218 վարժություններն առավել քան կրկնապատկվել են՝ հասցվելով 558-ի։ Դրանց շնորհիվ շատուշատ դիմորդներ են պատեհություն ունենալու հարստացնելու իրենց գիտելիքները հայերենից, խուսափելու այնքան շատ տարածված քերականական-ոճական տարաբնույթ մեղանչումներից, բառիմաստի կամ բառաձեւի աղավաղված ընկալումներից։ Ցավոք, սրանցում եւ այլ բաժիններում կան այնպիսի առաջադրանքներ, որոնք ոչ միայն դպրոցականին հրամցնելու ենթակա չեն, այլեւ առհասարակ մերժելի են։ Միայն՝ մեկ-երկու օրինակ։ Հենց հիշատակածս բաժնում, ուր պահանջվում է «փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը», կա այսպիսինը. «Գյուղացիներն աշնանը (բավական, բավականին) բերք հավաքեցին» (թ. 369)։ Իսկապես՝ տվյալ դեպքում ո՞րն է ճիշտ։ Իրողությունն այն է, որ թե՛ քերականական կիրառման եւ թե՛, մանավանդ, բառիմաստի տարորոշման տեսանկյունից այստեղ հստակություն չկա։ Հայտնի բառարանները երկու բառաձեւի դիմաց էլ նույն նշանակություններն են արձանագրում՝ չնչին նրբերանգներով։ Եվ գրեթե ոչ ոք (անգամ լեզվաբան-մասնագետը) չի էլ նայում, թե երկուսից որն է գործածում։ Հասկանալի է՝ դիմորդից պահանջվում է, որ նա իմանալով «բավականին» բառի մակբայ լինելը, չգործածի գոյականի հետ («բավականին բերք»), այլ ընտրի «բավական»-ը, որը ոչ միայն մակբայ է, այլեւ ածական, ուստի եւ ճիշտը կլինի՝ «բավական բերք»։ Սակայն նույն վարժության հարեւանությամբ (թ. 306) առաջարկված է «բավականին լուրջ» կապակցությունը։ Այսինքն՝ «լուրջ» ածականի հետ համարվում է միանգամայն ճիշտ, իսկ «բերք» գոյականի հետ՝ սխալ։ Դիմորդը չպիտի՞ նախ ապավինի դասագրքի այն ցուցումին, թե «չափ ու քանակի մակբայները դրվում են նաեւ գոյական, ածական, թվական անունների եւ մակբայների վրա»։ Ի դեպ, սա իրավունք է տալիս ճիշտ համարելու նաեւ «բավականին բերքը»։ Հապա էլ ո՞րն է հիշյալ առաջադրանքի իմաստը։ Նույն բաժնում մի ուրիշը սա է. «Հոգնած ուխտավորը բախեց առաջին իսկ պատահած իջեւանատան դուռը եւ (ապաստան, ապաստարան) խնդրեց՝ ընդարմացած ոտքերին փոքր-ինչ հանգիստ տալու համար» (թ. 520)։ Փակագծերում տրված բառերից ո՞րը ճիշտ համարի դիմորդը։ Խոստովանում եմ՝ ես ինքս էլ չեմ գուշակում, թե այս վարժությունը հրամցնողի քիմքին հատկապես ո՛րն է դուր եկել։ Որովհետեւ, ասենք, ըստ Էդ. Աղայանի «Բառարանի», բացարձակապես տարբերություն չկա «ապաստանի» եւ «ապաստարանի» միջեւ։ Տարորոշությունների շարքը շարունակելի է։ ՀԵՆՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ