2004-ին ՀԱԷԿ-ը շահագործումից չի հանվի Երեկ լրագրողներին հրավիրել էին «Grand-sun» ընկերություն՝ իրանական արտադրության արեւային ջրատաքացուցիչները ցուցադրելու նպատակով: «Grand հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը բացատրեց հայկական կենցաղում դրանց կարեւորությունը: Ծրագրի հեղինակները կյանքի կոչողները նույնիսկ ներկայացրին բնակչության կողմից օգտագործվող տաք ջրի վերաբերյալ իրենց հաշվարկները: Ըստ այդմ, օգտագործելով սույն ջրատաքացուցիչները, ազգաբնակչությունը տարեկան կտրվածքով կտնտեսի 40 մլն դոլարից ավելի գումար։ Ջրատաքացուցիչների ինքնարժեքը 400 դոլար է կազմում։ Ընկերության իրանական գործընկերը պատրաստ է իրենց արտադրանքի որոշ քանակ ինքնարժեքով տրամադրել «Grand-Sun»-ին։ Վերջինս, իր հերթին դրանք անվճար, պայմանագրային հիմունքներով (մեկ տարի հետո վճարելու պայմանով) կտրամադրի բնակչությանը։ Ենթադրվում է, որ բնակչությունը կզգա արեւային ջրատաքացուցիչների առավելությունը, ինչը կստեղծի պահանջարկ եւ ի վերջո կխթանի այդ սարքերի արտադրանքը Հայաստանում։ Ի դեպ, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին, այդ գործում, պրն Վարդանյանը ակնկալում է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների աջակցությունը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը, որը իր ներկայիս զբաղեցրած պաշտոնը հրապարակայնացնելու լրագրողների խնդրանքին այսպես արձագանքեց. «Ես այնտեղ եմ, որտեղ անելու գործ կա»։ Ինչ վերաբերում է 2004թ. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու Եվրամիության պահանջին, ըստ Սուրեն Ազատյանի, այն կկանգնեցվի էներգիայի նորմալ, կայուն այլընտրանքային աղբյուր ունենալուց հետո. «Էդ պրատակոլը ես մի երկու մինիստր առաջ եմ ստորագրել»։ Եվրոպացիներն, ըստ էության, երբեք «քթները չեն խոթել» մեր երկրի ներքին խնդիրների մեջ, պարզապես, ըստ Ս. Ազատյանի, մշտապես նկատել են՝ «Դուք Եվրամիության (խոսքը, հավանաբար, Եվրոպայի խորհրդի մասին է- Ն.Գ.) անդամ եք դառնում՝ ունեք տարբեր պարտավորություններ, որոնցից մեկն էլ դա է, ուրեմն պիտի կատարեք»։ Ատոմակայանի «անվտանգության առումով թող կասկած չլինի»։ Ավելին՝ «ես հանգիստ եմ, որ կատաստրոֆա չի կարա լինի»,- ասում է ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրենը։ Իսկ՝ «հուսալիությունը մեծ հարցականի տակ է»։ Սուրեն Ազատյանի հեռանալու պատճառն, իր մեկնաբանմամբ, հոգնածությունն է եղել։ Իսկ նոր նախարարի հետ «խնդիր չէր կարող լինել, դա իմ 11-րդ նախարարն է»։ Հնարավոր վերադարձի առիթով Ս. Ազատյանը նկատեց. «Ատոմակայանի տնօրենը ոտով-գլխով պատասխանատու է անվտանգություն ապահովելու համար, բայց նա այդքան իրավունքներ չունի»։ Ինչ վերաբերում է ՀԱԷԿ-ի կառավարումը զիջելուն՝ «ի՞նչ անհրաժեշտություն կար… սաղ գործերը հեշտ էր, անում էինք՝ փող հաշվելը տալիս ենք ուրիշին։ Ատոմակայանը տարեկան 2 մլրդ կվտ/ժամ էներգիա է արտադրում, որը կազմում է մոտ 85 մլն դոլար, 6 մլն չունի՞, որ վառելիք առնի։ Անկախ ամեն ինչից, պարտք պետք չէ, որ կուտակվեր»,- կարծում է Սուրեն Ազատյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ