Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵԼԵՊԼԱՍԻ» «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ»

Հունիս 19,2003 00:00

«ԹԵԼԵՊԼԱՍԻ» «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ» Բաժանորդների եւ հավելավճարով ծառայություններ մատուցողների միջեւ պայքարում կառավարության դիրքորոշումը հստակ չէ: Թեեւ ասվում էր, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Թելեպլասի» հարցում արդեն «ԱրմենՏելի» հետ համաձայնության էր եկել, եւ ինչ-որ կազմակերպություններ՝ բաժանորդների շահերը պաշտպանելով, դրան խանգարեցին, «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը պնդում է, որ բանակցությունները նոր են սկսվել՝ անցած շաբաթ, ուստի՝ ինչ կայացած համաձայնության մասին կարող էր խոսք լինել դեռեւս անցած շաբաթ։ Եվ հետո, հայտնի է, որ բանակցությունների ընթացքում կողմերը զերծ են մնում կտրուկ կամ ագրեսիվ քայլերից։ Մինչդեռ, չնայած «արդեն համաձայնության էինք եկել», բայց հավելավճարով ծառայությունների համար պարտքի պատճառով «ԱրմենՏելը» հեռախոսներ է անջատում։ Հավելավճարով ծառայությունների գործող սակագները հաստատվել են տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի N 60Ն հրամանով։ Այս հրամանն ընդունվել է 2003թ. մարտի 18-ին, արդարադատության նախարարությունում գրանցվել է ապրիլի 3-ին, պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 15-ին, հետեւաբար, ուժի մեջ է մտել նույն ամսվա 25-ին։ Սակայն ծառայությունը սկսել է մատուցվել ապրիլի սկզբներից, դեռեւս չգործող սակագներով, ինչն ակնհայտ խախտում է։ Տրանսպորտի եւ կապի նախարարության կապի վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ նման խախտման մասին վկայող փաստեր չունեն, եթե ունենան, կուսումնասիրեն, նոր կպատասխանեն։ Նման փաստեր կան «Առավոտի» տրամադրության տակ, դրանք սակայն անձնական գաղտնիքներ են պարունակում եւ, քանի որ դրանք նախարարությանը տրամադրելու վերաբերյալ դեռեւս չունենք բաժանորդների համաձայնությունը, հուշում ենք այլ ճանապարհ. ընդամենը պետք է փնտրել «ԱրմենՏելում»՝ հետաքրքրվելով միլիոն դրամից ավելի պարտք ունեցող բաժանորդների զանգերի «վերծանումներով»։ Դրանք փաստում են, որ միեւնույն ծառայության սակագինը ե՛ւ ապրիլի սկզբին (այսինքն մինչեւ հրամանն ուժի մեջ մտնելը), ե՛ւ մայիսին (ուժի մեջ մտնելուց հետո) նույնն է եղել։ Այսպես չպետք է լիներ։ Այլ մեկնաբանությունների տեղիք չտալու համար մեջբերում ենք «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 22-րդ հոդվածի «զ» կետը, համաձայն որի, «լիազորված մարմինն իրականացնում է սույն օրենքի, գործող լիցենզիաների, հեռահաղորդակցության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաեւ հեռահաղորդակցության կանոնների եւ նորմերի պահպանման պետական վերահսկողություն»։ Իսկ հիմա՝ այն մասին, թե գործող եւ նախկին սակագներով վճարել-չվճարելու հարցն ինչու է այդքան էական։ Խնդիրն այն է, որ նախկին սակագները (նույնպես հաստատված նախարարի հրամանով՝ N19Ս, 12.04.2002թ.) համեմատաբար ցածր էին։ Նախկին հրամանով գործում էր 1 րոպեի համար 30(+6ԱԱՀ) ցենտ եւ ծառայություն մատուցելու իրավունքի համար՝ 1000 (+200ԱԱՀ) դոլար։ Վերջին հրամանով մասսայականություն վայելող ծառայությունների սակագները բարձրացել են՝ կազմելով 60 ցենտից $1,20։ Չնայած էժանացել է տեղադրման վարձը, կազմելով $270, այսպիսով՝ վճարելու ծանրաբեռնվածությունը մատակարարներից տեղափոխելով բաժնորդների վրա։ Այսպիսով, հարցեր են ծագում. նախ ինչո՞ւ են հաստատվել ավելի բարձր սակագներ։ Երկրորդ, բարձրացնելով սակագները, ինչո՞ւ է ծանրաբեռնվածությունը գցել բաժանորդների վրա։ Այս առնչությամբ կապի վարչության պարզաբանումը հետեւյալն էր. «Դրանք կապված են ֆինանսատնտեսագիտական հաշվարկ-հիմնավորումների հետ եւ համաձայնեցված են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ»։ Փաստն այն է, որ այդ հաշվարկների արդյունքները մեր քաղաքացիների շահերից չեն բխում, եւ հայտնի չեն բարձր սակագինը չկիրառելուն ուղղված կառավարության ջանքերը, քայլերը։ Փոխարենը, մեր տեղեկություններով, «ԱրմենՏելն» է սպառողների գործողություններին հակաքայլեր պատրաստում։ Մյուս շաբաթվա սկզբին ընկերությունում նոր գլխավոր գործադիր տնօրեն կնշանակվի, որն էլ կզբաղվի դրանով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել