Սահմանդ բաց, ներս գամ ես Հայ-թուրքական հաշտեցման՝ վերջին շրջանում ծայր առած գործընթացը շարունակում է համալրվել նոր՝ ուշագրավ իրադարձություններով։ Երկու երկրների հարաբերությունների բարելավման խնդրով Վաշինգթոնում քննարկումներ են ծավալվել Թուրքիայի փոխարտգործնախարար Ուգուր Զիյալի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանի միջեւ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը։ Վաշինգթոնյան այցի ընթացքում թուրք բարձրաստիճան պաշտոնյան վերահաստատել եւ անգամ փոքր- ինչ զարգացրել է իր անմիջական շեֆի՝ Աբդուլա Գյուլի օրեր առաջ արտահայտած թեզերը։ «Թուրքիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- թուրքական «Անադոլու» գործակալության համաձայն՝ հայտարարել է Զիյալը, հավելելով, թե դրա համար «երկու կողմերն էլ պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ»։ Միեւնույն ժամանակ, « News» թերթում օրերս հրապարակված մի հոդվածում հաղորդվում է, թե Թուրքիայի ռազմական ղեկավարությունը զգում է, որ եկել է Հայաստանի հետ սահմանը բացելու ժամանակը։ Ի՞նչն է հարկադրել Թուրքիային վերջին շրջանում այդչափ ցցուն կերպով մեղմացնել իր երբեմնի անհանդուրժող կեցվածքը Հայաստանի նկատմամբ, եւ դեռ ավելին՝ պարբերաբար հանդես գալ հայերի հետ երկխոսությունը խորացնելու նախաձեռնություններով։ Որոշ դիտորդներ հակված են այս իրողությունը պատճառաբանել Եվրամիության կողմից Թուրքիային առաջադրած պահանջներով։ Հայտնի է, որ ԵՄ-ին անդամակցելու համար այս երկրին, մասնավորաբար, առաջարկվել է նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Մյուս կողմից, պակաս էական չէ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը։ Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգիռ այս խնդրով, եւ ի՞նչ պատասխան քայլեր են ակնկալվում Հայաստանից։ Այս համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «նոր առաջարկները», կարծես, հետաքրքիր երանգներ են ձեռք բերում։ Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմի համար ոչ այնքան անընդունելի այդ առաջարկներով (հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարարը դրանք որակել էր «քննության արժանի») Հայաստանին քաղաքական գործարք է առաջարկվելու։ Մի կողմից՝ սահմանների ապաշրջափակում, մյուս կողմից՝ փոխզիջումների առավել բարձր աստիճան։ Կգնա՞ Հայաստանը նման գործարքի, առայժմ դժվար է կանխատեսել։ Համենայնդեպս, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն արդեն նշել է, թե հանուն Թուրքիայի հետ համագործակցության ԼՂ-ի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում Հայաստանը զիջումների չի գնալու։ Իսկ եթե սրան ավելացնում ենք նաեւ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան բարձրացրած աղմուկը՝ կապված Հայաստանի ապաշրջափակման թուրքական նախաձեռնությունների հետ, ապա ենթադրելի է դառնում, որ համանախագահների նոր առաջարկների ճանապարհն այս անգամ եւս «փշոտ» է լինելու։ Պարզ է մի բան. ԱՄՆ-ն այս անգամ պինդ է բռնել տարածաշրջանի «պոչից» եւ առնվազն հոկտեմբերի 15-ից հետո, երբ Ադրբեջանում կհանդարտվեն ներքաղաքական կրքերը, ավելի պարզորոշ կդարձնի կայունության հաստատման իր պատկերացումները։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ