Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք էս ծրագրին անուն չդնենք»

Հունիս 19,2003 00:00

«Եկեք էս ծրագրին անուն չդնենք» Առաջարկում է Գալուստ Սահակյանը Երեկ օրենսդիր մարմնի առավել գրաճանաչ անդամները պետք է ծանոթանային կառավարության ծրագրին, որպեսզի այսօր ԱԺ նիստի ժամանակ ծրագրի մասին հարցեր տալու հնարավորություն ունենան։ Դատելով ԱԺ վերանորոգվող սենյակների դատարկությունից, դժվար չէ կռահել, որ այսօր կառավարությունը պրոբլեմ չի ունենա։ Մանավանդ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գալու նիստի, իսկ «կոալիցիայի» անդամ երեք կուսակցությունները (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ), հավանաբար, իրար հարցերով չեն ծանրաբեռնի։ Այնուամենայնիվ, ծրագիրը կարդացածներից փորձեցինք որոշ հարցեր ճշտել։ Ի՞նչ անուն կարելի է տալ կառավարության ծրագրին, ավելի շատ ի՞նչ ուղղվածություն է այն ունենալու։ Հանրապետական Գալուստ Սահակյանը նկատեց. «Ծրագրի գաղափարախոսությունը եւ սկզբունքը շարունակական պրոցես է, եւ այդ սկզբունքն առավել եւս Հանրապետականի սկզբունքներից է բխում։ Ծրագրում տեղ է գտել նաեւ նախագահի նախընտրական ծրագիրը, որը, կարծում եմ, որոշակի տարբերություններ չի ունեցել Հանրապետականի ծրագրից, որովհետեւ ՀՀԿ-ն անցած տարիներին սատարել է նախագահին»։ Պրն Սահակյանը խնդրեց. «Եկեք էս ծրագրին անուն չդնենք, այն մեկ-երկու տարվա ծրագիր չէ, ամբողջացել են բոլոր չորս տարիները, ոլորտ առ ոլորտ ներկայացված են սկզբունքները եւ թվային տվյալներ կան, թե չորս տարվա ընթացքում ինչպիսի զարգացում կունենա։ Ծրագիրն ավելի շատ սոցիալական խնդիր կլուծի, բայց եւ մեծ իմաստավորում ունի։ Կարծում եմ, որ ծրագրին անուն պետք չէ տալ, դա երեք կուսակցությունների ծրագիր պիտի համարվի»։ Իսկ եթե կոալիցիոն կառավարության անդամ կուսակցություններից որեւէ մեկը որոշի դուրս գալ կոալիցիայի կազմից, ի՞նչ է լինելու ծրագրի նրա մասը՝ իր ծրագրային մասը վերցրա՞ծ է դուրս գալու, թե՞ մյուսները ստիպված են լինելու կատարել նաեւ այդ կուսակցության ծրագիրը։ Ըստ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ հուշագրի պահանջն է, եթե կոալիցիայի անդամներից մեկը դուրս է գալիս, կոալիցիան ինքն իրեն փլվում է, հետեւաբար ստեղծվում է նոր կառավարություն՝ նոր ծրագրով։ Իսկ ըստ Գալուստ Սահակյանի. «Իմ կարծիքն է, որ Հանրապետականը, լինելով քաղաքական ամենամեծ ուժը եւ ներկայացված լինելով որպես հարաբերական մեծամասնություն, ծրագրի կատարման պատասխանատվությունից չի կարող խուսափել»։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը՝ ի պատասխան մեր առաջարկի՝ որեւէ կերպ անվանել կոալիցիայի ծրագիրը, ասաց, որ ծրագրում լավ բաներ շատ կան (երեւի պրն Բալասանյանը եւս չէր ուզում ծրագրին անուն կպցնել)։ Իսկ եթե կոալիցիայի անդամ կուսակցություններից որեւէ մեկը նեղանա եւ դուրս գա կոալիցիայից, ծրագիրն ո՞վ է իրականացնելու, արդյո՞ք դուրս եկողն իր բաժին ծրագիրը հետը տանելու է տուն։ Ըստ Ս. Բալասանյանի. «ինձ համար շատ կարեւորագույն խնդիր էր կուսակցությունների միացումը։ Հայ ազգը միավորվում է ամենածանր պահին, բայց այսօր ունենք քաղաքական միավորում, որն, ինձ թվում է, պետք է շատ լավ աշխատի, եւ նմանատիպ խնդիր չպետք է լինի։ Եկեք լավատեսորեն սկսենք, որովհետեւ սա շատ կարեւոր է երկրի հետագա զարգացման համար»։ Նկատեցինք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ի կողմից շարունակ հնչեցվող ավանդների վերադարձման հարցը ծրագրում տեղ չի գտել։ Պրն Բալասանյանը նկատեց, որ այդ հարցում եղել են առարկություններ եւ հարցը մնաց «ուսումնասիրման, քննարկման շարունակական պրոցեսի մեջ»։ Իսկ ծրագրում միայն մեկ տող է գրված. «Պետության հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռք առնել խորհրդային տարիներին խնայբանկերում քաղաքացիների ունեցած ավանդների վերադարձման համար»։ Ենթադրելի է, որ պատմական տեսանելի ապագայում (ուր մնաց՝ 4 տարում) պետության «հնարավորությունների շրջանակները» թույլ չեն տալու 8,5 միլիարդ դոլար բաժանել իր քաղաքացիներին։ Ծրագրին անուն դնելու մեր առաջարկին ի պատասխան, Արմեն Ռուստամյանը նկատեց. «Սա մի կողմից համարձակ ծրագիր է, մյուս կողմից՝ ակնկալիքներն արտացոլող, որոնք իրար նաեւ չեն հակասում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել