Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»

Հունիս 19,2003 00:00

«ՍԴ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ» Վերջապես գլխի ընկավ Մյասնիկ Մալխասյանը Այդ հայտնագործությունն անելուց հետո թիվ 20 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու պրն Մալխասյանը երեկ կոչ արեց իր համախոհներին դուրս գալ դահլիճից: Վերոնշյալ մեղադրանքը նա հնչեցրեց այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց պատասխանող կողմի՝ թիվ 20 ԸԸՀ նախագահ Հովաննես Օհանյանի պատասխանն իր այն հարցադրմանը, թե արդյոք ինքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի հետ նախընտրական փուլում հանդիպե՞լ է, եւ արդյոք նրան տրվե՞լ են ցուցումներ ու հանձնարարականներ: Հ. Օհանյանն էլ դատարանում հայտարարեց, որ ինքն իսկապես հանդիպել է Ա. Հովսեփյանին, սակայն որեւէ ցուցում իրեն ոչ ոք չի տվել: Եվ երբ Մ. Մալխասյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ մասին են զրուցել հանձնաժողովի նախագահն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նախընտրական փուլում, Գ. Հարությունյանն այլեւս չդիմացավ՝ ասելով, թե դա գործի քննությանը չառնչվող հանգամանք է: Մինչդեռ դիմող կողմի՝ Մ. Մալխասյանի դիմում-բողոքում հստակ արձանագրված է, որ թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Լեւոն Խաչատրյանի օգտին քարոզարշավի շրջանակներում քարոզչություն էին իրականացնում ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ՝ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ, ինչն «Ընտրական օրենսգրքով» արգելված է: Բացի այս, դիմումում նշված է, որ Լ. Խաչատրյանի օգտին քարոզչություն է իրականացրել նաեւ Ապարանի տարածքային ոստիկանության պետ Գ. Խաչատրյանը, որն իր անօրինական այդ քայլը բացատրել է նրանով, թե թեկնածու Խաչատրյանն իր որդու քավորն է, ու ինքն այլ կերպ վարվել չի կարող: Այս փաստի կանխման առնչությամբ, դիմող կողմը դիմել է անգամ ՀՀ գլխավոր ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, սակայն որեւէ պատասխան այնտեղից չեն ստացել: Մ. Մալխասյանն իր դիմումում նաեւ այլ փաստարկներ էր ներկայացրել, ինչը նույնպես ՍԴ-ն շրջանցեց: Խոսքն այն մասին էր, որ Լ. Խաչատրյանին պատգամավորության թեկնածու գրանցելն անհիմն է, չնայած այն փաստին, որ նա տեղեկանք է ներկայացրել Շենգավիթի ՆԳ բաժնից, թե ինքը վերջին 5 տարում հաշվառված է, այլ ոչ թե մշտապես բնակվում է Երեւան քաղաքում: Քանի որ ԸՕ պահանջով փաստաթուղթը պետք է տրվեր մշտապես բնակության վերաբերյալ, ինչն արվել է մյուս բոլոր թեկնածուների պարագայում: Մ. Մալխասյանն անգամ դատարանին էր փոխանցել տեղեկանք, ըստ որի Լ. Խաչատրյանը 2000թ. մայիսի 23-ից հաշվառված է Աստրախան քաղաքի Ձերժինսկու 72ա շենքի 1-ին բնակարանում: Իսկ վերջինիս նախընտրական բուկլետում գովազդվում էր, որ Խաչատրյանը Աստրախանի հայ համայնքի ղեկավարն էր, ինչն, ըստ Մ. Մալխասյանի լիազոր ներկայացուցիչ Մ. Մկրտչյանի, ապացուցում է, որ Խաչատրյանն իր աշխատանքի բնույթով չէր կարող վերջին 5 տարին մշտապես բնակվել ՀՀ-ում, որը պահանջվում է ԸՕ-ով՝ թեկնածուների գրանցման համար: Լ. Խաչատրյանի կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ նույնպես դատարանում հիմնավոր փաստեր ներկայացվեցին, որոնց կցված էին նաեւ համապատասխան լուսանկարները: Մ. Մալխասյանի ներկայացուցիչը նշեց, որ Խաչատրյանը քարոզարշավի ընթացքում համակարգիչներ է նվիրել մի շարք դպրոցների, Փարպի գյուղին նվիրել է ջրի խողովակներ, իսկ Բերքառատ գյուղի գերեզմանատան համար անհատույց տրամադրել է ցանկապատի մետաղյա ցանցեր: Այս ամենից բացի, Մ. Մալխասյանը դատարանին փոխանցեց նաեւ այն ցանկը, որտեղ արձանագրված են՝ բոլոր այն ապարանցիների ու աշտարակցիների անուն-ազգանուններն ու անձնագրային տվյալները, որոնց Լ. Խաչատրյանը բաժանել է գազի հաշվիչներ. 250 հատ՝ Աշտարակի բնակիչներին, 200 հատ՝ Ապարանի: Այդ ցուցակում նշված են նաեւ հաշվիչների տվյալները: Չնայած այս աղմկահարույց փաստերին, ՍԴ-ն երեկ Մ. Մալխասյանի վերոհիշյալ հայտարարությունից հետո, երբ դատական նիստը դեռ չէր ավարտվել, հայտարարեց, թե Մ. Մալխասյանն այդ քայլին դիմեց, քանի որ փաստարկներ չկան: Եվ՝ չնայած «փաստարկների բացակայությանը», ՍԴ-ն շուրջ 5 ժամ փակվեց խորհրդակցական սենյակում, որից հետո ազդարարեց դիմումը մերժելու մասին իր որոշումը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել