ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՓՈՒԼՈՒՄ Միայն ԱԺ ղեկավարության ընտրությունից եւ կառավարության ձեւավորումից հետո «Ազգային միաբանությունը» հրապարակեց իր հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների քաղաքական հետեւանքների մասին: «Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչակազմն ուզուրպացրեց պետական իշխանությունը,- ասված է այս սաստիկ ընդդիմադիր հայտարարությունում:- Զանգվածային ընտրակեղծիքներով ձեւավորված ԱԺ ղեկավարների նշանակմամբ ՀՀ-ում արմատախիլ արվեցին 90-ական թվականներին նշմարվող ժողովրդավարության ծիլերը»: Հայտարարությունն առանձնանում է նաեւ սուր որակումների առատությամբ. մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետությունը նետելով աշխարհի կողմից մերժված ամբողջատիրական կառավարման վերակենդանացման հորձանուտ, իրենց գործունեությամբ սերմանելով ապերախտություն, երախտամոռություն, անհանդուրժողականություն, ուխտադրժություն, ցինիկ քամահրանքով ընդունելով ժողովրդի ներողամտությունն ու մեծահոգությունը եւ դրանց պատասխանելով բռնակալին յուրահատուկ վրեժխնդրությամբ ու նենգությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը եւ ժողովրդի կողմից մերժված նրա շրջապատն իրենց դատապարտել են սերունդների նզովքին»: Եվ ժողովրդավարական ու սահմանադրական կարգերը վերահաստատելու նպատակով՝ «Ազգային միաբանությունը» պատգամավորներին կոչ է անում ի կատար ածել ՍԴ առաջարկը վստահության հանրաքվե անցկացնելու մասին. «Եթե ԱԺ-ի մեծամասնությունն ազգանպաստ որոշում կայացնելու պատրաստակամություն չցուցաբերի՝ «Ազգային միաբանություն» կուսակցությունը նախաձեռնելու է ազգաբնակչության ստորագրահավաք՝ վստահության հանրաքվեի անցկացման պահանջով»: Քանի որ ակնհայտ է, որ ԱԺ մեծամասնությունը չի ցուցաբերելու նման պատրաստակամություն՝ «ԱՄ»-ն հենց այսօրվանից կարող է ձեռնամուխ լինել այդ ստորագրահավաքի կազմակերպմանը: «Մեր ժողովրդի կամքը վավերացնող մեկ միլիոն ստորագրությունների ուժով եւ ՀՀ-ի կողմից ճանաչված միջազգային իրավական նորմերի հիման վրա մենք կհասնենք հանրաքվեի անցկացմանը եւ դրանով սկիզբ կդնենք մեր երկրում օրինական իշխանությունների ձեւավորմանը»,- եզրափակված է հայտարարությունը: Երեկ ասուլիսում «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հույս հայտնեց. «Ներքուստ ուզում եմ համոզված լինել, որ պրն Քոչարյանն ի՛նքը նախաձեռնողը կլինի այդ հանրաքվեի անցկացմանը, քանի որ ոչ լեգիտիմության պիտակով հնարավոր չէ 5 տարի երկիր կառավարել: Դա կլինի հայոց պետականության շահերին պարզապես թիկունքից հասցված հարված, քանի որ նա ոչ մի միջազգային ատյանում չի կարողանա հայ ժողովրդի անունից հարցեր լուծել, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող, եթե ոչ՝ լեգիտիմ լինելու այդ դրոշմը դաջված լինի իր պաշտոնին»: Ընդդիմության այլ հատվածների հետ համագործակցության առնչությամբ էլ ասաց. «Առանցքային հարցերի շուրջ մեր միավորվածությունն արդեն իսկ արձանագրված է. այն է՝ ջանք ու եռանդ չխնայել, որ ՀՀ-ում անցկացվի հանրաքվե՝ իշխանության վստահության հարցով»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ միայն այժմ սկսեց կարեւորել այդ հանրաքվեի անցկացումը՝ արդյոք պատճառը պաշտոնների վերաբերյալ չարդարացված հույսե՞րը չեն՝ Արտաշես Գեղամյանը հայտնեց, թե չի լռել՝ ժամանակին ԱԼՄ հեռուստաընկերությամբ էլ է հայտարարել. «Ես ողջունում եմ ՍԴ-ի այդ որոշումը, որը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ մեղմել ծայրաստիճան պայթունավտանգ վիճակը, որը ստեղծվել է Հայաստանում նախագահի ընտրության թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլից հետո»: Քիչ անց նշեց, թե կառավարության ու ԱԺ ղեկավար մարմինները ձեւավորվել են «ներիշխանական խարդավանքների» միջոցով, որոնց հետեւանքով «հիվանդությունն էլ ավելի խորացրին եւ մեր զսպված դիրքորոշումը, ցավոք սրտի, այդպես էլ չհասկացան»: «Ար»-ի թղթակիցը խնդրեց մեկնաբանել այն տեսակետը, թե «Ազգային միաբանությունը» կեղծ ընդդիմադիր է: «Այո, բնականաբար այդ ամենը ժամանակին տարածվում էր ՀՀՇ-ի կողմից՝ հեռահար նպատակներով,- պատասխանեց պրն Գեղամյանը:- Հետո, երբ իրենք այդ ամենի արդյունքում ստացան այն, ինչ ստացան՝ արդեն այդ լուրերը փոքր-ինչ նահանջեցին»: Հիշեցնենք, որ այս կուսակցությանը վերահսկելի ընդդիմություն էին համարում նաեւ «Արդարության» գործիչները: «Եթե մեր կուսակցության տված գնահատականները համադրենք ցանկացա՛ծ ուրիշ քաղաքական ուժի տված գնահատականներին, ապա այդ պնդումն անողն առնվազն պետք է քաղաքականապես բոբիկ կամ տգետ լինի,- ասաց «ԱՄ» նախագահը:- Ուրիշ խնդիր է, որ իրենք գիտակցում են, թե ի՜նչ հսկայական հարվածներ կարող ենք հասցնել իշխանություններին, որոնք իրենք իրենց ընդդիմություն համարողները չեն կարող, քանի որ, ցավոք սրտի՝ բոլորի վրա իշխանությունները հասցրել են կոմպրոմատներ հավաքել»: Այսուհանդերձ՝ ենթադրեց, թե իրենց այս հայտարարությամբ տվել են նման բոլոր հարցերի պատասխանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ