ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐԸ՝ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Պարգեւ Օհանյան) շարունակվում է Սամվել Առաքելյանի սպանության գործի քննությունը։ Վերջին երեք նիստերին ամբաստանյալներ Արթուր Այվազյանի եւ Մարտին Աճեմյանի նկատմամբ հսկողությունն այնքան է ուժեղացել, որ ոստիկանության 5 աշխատակիցներին (ուղեկցողներին) ավելացել են եւս 11-ը։ Ամբաստանյալները դատավարության ողջ ընթացքում պահվում են ձեռնաշղթաներով։ Ամբաստանյալ Արթուր Այվազյանի պաշտպան, ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Ալումյանը միջնորդել է ձեռնաշղթաները հանելու համար։ Միջնորդությունը մերժվել է։ Կալանավորի մայրը պահանջում է ձեռնաշղթաներ հագցնել իր որդու՝ Արթուրի ոտքերին, համոզված լինելով, որ միեւնույն է, բերանին դնչկալ չեն հագցնի, նա խոսելու է։ Երեկվա նիստը հետաձգվեց միայն այն պատճառով, որ Արթուր Այվազյանը պահանջում է հավասար պայմանների ապահովում դատավարության ընթացքում։ Կողմերի «հավասարության սկզբունք» հռչակելով եթե պատկերացնում են պաշտպանական կողմի ձեռնաշղթաներով «ամրացում», ապա նույնպիսի ձեռնաշղթաներ է սպասվում նաեւ մեղադրանքը պաշտպանող կողմին։ Մեր տեղեկություններով, ձեռնաշղթաներ հագցնելու պատճառն այն է, որ նախորդ նիստի ավարտին դահլիճից դուրս գալու ժամանակ ամբաստանյալ Այվազյանը հարվածել է սպանվածի հորը։ Տասնվեց ուղեկցողի ներկայությամբ դա դժվար թե հնարավոր լինի։ Ռ. Մ.