ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հատկացրած 42500 դոլարով առաջիկա 4 ամիսների ընթացքում կվերականգնվի նախկինում գործող ջրանցքը՝ կմաքրվի բաց ջրատարը, կնորոգվեն վնասված հատվածները, կտեղադրվեն խողովակներ։ «Մենք էնքան ուրախ ենք, որ ձեր խոսքը գործ դարձավ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, բնապահպանության նախարարությունից ու Կոտայքի մարզպետարանից եկած հյուրերի մոտ երեկ իր ուրախությունը չթաքցրեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը։ Ըստ հաշվարկների, չորս ամիս հետո (գուցե եւ՝ հաջորդ ոռոգման սեզոնին) գառնեցիները կարող են ոռոգել ու օգտագործել իրենց շնորհված հողերից եւս 370 հեկտար։ Ծրագրի ղեկավարները հաշվարկել են նույնիսկ գառնեցիների սպասելիք եկամուտի չափը՝ տարեկան 70 հազար դոլար։ Ի դեպ, երեկ Գառնիի գյուղապետն իր գյուղի համար ՄԱԿ-ից մի նվեր էլ «պոկեց»՝ տնկիներ, վնասված այգիների վերականգնման համար (կամ՝ դրանց համարժեք գումար)։ Դա էլ քիչ էր։ Մշակույթի տան դիմաց հավաքված մեծահասակ գյուղացիները դժգոհում էին, որ «մենք Էրեւանին խմելու ջուր ենք տալիս, բայց խմելու ջրի պրոբլեմ ունենք»։ Նրանք ակնկալիք ունեին խմելու ջրի խողովակները փոխելու-թարմացնելու գումարն էլ ստանալ «դրսից»։ Նրանց բարձրացրած աղմուկը հասավ միայն բնապահպանների ականջին՝ գառնեցիների կազմակերպած փոքրիկ համերգից հետո ՄԱԿ-ականները վերադարձել էին Երեւան։ Ի դեպ, նշենք, որ երեկ Անապատացման եւ երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն էր։ Գառնիի մշակույթի տան ճակատին փակցված էր այդ մասին ազդարարող մեծ ցուցապաստառ։ Հաջորդ՝ նույնքան մեծ ցուցապաստառով գառնեցիներին հիշեցվում էր, որ «Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվում գեղեցիկը»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ