Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԿՐԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հունիս 18,2003 00:00

ԿՈՆԿՐԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Օրերս սպորտն առանձնացավ մշակույթի նախարարությունից եւ դարձավ ինքնուրույն կառույց։ Այդ առթիով զրուցեցինք Սպորտպետկոմի նորանշանակ նախագահ Իշխան Զաքարյանի հետ։ – Սա շատ կարեւոր քայլ էր,- ասաց նա,- խորհրդային տարիներին ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը գործում էին որպես ինքնուրույն կառույց։ Անկախացումից հետո Հայաստանը եզակի երկրներից մեկը դարձավ, որ շտապեց այն միացնել այլ ոլորտների հետ։ Արդյունքում՝ աստիճանաբար դադարեցին գործել մասսայական ֆիզկուլտուրայի եւ մեծ սպորտի կայացած շատ օղակներ։ Այս առումով Սպորտի պետական կոմիտեի ստեղծումը պետք է ծառայի այդ երկու կարեւորագույն ուղղությունների կայացմանը, դրանց նպատակային եւ արդյունավետ գործունեությանը։ Սպորտկոմիտեի ստեղծումը նաեւ մեծացնում է պատասխանատվությունը։ Երբ մի համակարգում ես, որտեղ կան մի քանի ճյուղեր՝ իրենց խնդիրներով, դժվար է արդյունավետ աշխատել։ Սպորտը յուրահատուկ ոլորտ է։ Այստեղ խնդիրներն էլ յուրահատուկ են, նեղ մասնագիտական։ – Ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը։ – Դրանք մի քանիսը կլինեն։ Նախ՝ կազմավորել կոմիտեի նոր կառուցվածքը։ Չեմ կարծում, թե ուռճացված հաստիքներ, շատ բաժիններ պահելն արդյունավետության գրավական է։ Հիմա իմ առաջնային նպատակը հանրապետության ողջ տարածքում իրավիճակի ճիշտ նկարագիր ունենալն է, ու դա արդեն սեղանիս է։ Վեց տարվա իմ աշխատանքը բնագավառը պատկերացնելու հնարավորություն է տվել։ Պիտի կազմվեն անելիքների ծրագրերը, դրան զուգահեռ՝ նաեւ կոմիտեի նոր կանոնադրությունը։ Նորաստեղծ կոմիտեն երկու կարեւորագույն խնդիր ունի կատարելու՝ մասսայական ֆիզկուլտուրա եւ ազգաբնակչության առողջության պահպանում, եւ նաեւ դրա միջոցով՝ մեծ սպորտի առջեւ ճանապարհի հարթում։ – Ձեր ասածները թերի կլինեն առանց ֆեդերացիաների մասնակցության։ – Հիմա պատրաստվում ենք աշխատանքային հստակ հարաբերություններ հաստատել ֆեդերացիաների հետ, որոնց մի մասը, ճիշտն ասած, արդեն կայացած է, մյուս մասն այդ ճանապարհին է, շատ-շատերն էլ պարզապես գոյություն ունեն թղթի վրա։ Այս հարցի կարգավորումը ես շատ եմ կարեւորում։ – Դա էլ քիչ է՝ առանց անհրաժեշտ մարզաբազաների, նյութատեխնիկական համապատասխան բազայի առկայության։ Դրանց համար միջոցներ կա՞ն կամ կլինե՞ն։ – Սկսեմ գույքից։ Արդեն երկու տարի ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման ծրագրով գույք ենք բերում հանրապետություն։ Կարող եմ վստահեցնել, որ շատ-շատ վայրերում առայժմ, հատկապես հենակետային մարզաձեւերն այս առումով խնդիրներ գրեթե չունեն։ Օրինակ՝ ըմբշամարտը։ Բոլոր այն վայրերը, որտեղ մարզաձեւը գործում է, նոր գորգերով ապահովել ենք։ Պետական ծրագրով 20 գորգ է բերվել Հայաստան, ԱՕԿ-ի ծրագրով՝ 10։ Եվս 10 գորգ շուտով կմտնի հանրապետություն։ 40 գորգը Հայաստանին լրիվ բավարար է։ Բավականին երկար ժամանակ երկիրը բռնցքամարտի նոր ռինգ չուներ։ Գնել ենք 10 ռինգ։ Տասնյակ տարիներ երազում էինք ձյուդոյի տատամիների մասին։ Հիմա 4 նոր տատամի Հայաստանում է։ Մոտ մեկ ամսից կստանանք ծանրաձողերի առաջին խմբաքանակը։ Էլ չեմ խոսում մասսայական սպորտի համար գնդակների, ցանցերի, օղակների մասին, որ երկու տարի բերում ենք ու շարունակելու ենք բերել։ Իմ առջեւ ուղղակի խնդիր եմ դրել՝ մինչեւ 2004 թվականի վերջը հանրապետությունն ապահովել անհրաժեշտ մարզագույքով, որպեսզի ոչ ոք չասի՝ մարզվելու տեղ կա, բայց այս կամ այն գույքը չունենք։ Ավելի բարդ է ՄԴ-ների բազաների խնդիրը, որտեղ չկա ջեռուցում։ Ձմռան ամիսներին այդ պատճառով բազաները մի քանի ամիս չեն գործում։ Մարզիկը, երբ այդ ընթացքում չի մարզվում, արված աշխատանքը ջուրն է ընկնում։ Բացի այդ, չշահագործվելով, մարզաբազաները փչանում են, դուրս գալիս շարքից։ Այս հարցը բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակով ու լուծումը գտնվել է։ Անկախ պատկանելությունից՝ բոլոր ՄԴ- ները մտցվելու են Լինսի ծրագրի մեջ ու վերանորոգվելու են։ Դրանք ունենալու են իրենց փոքր կաթսայատները, նորոգված դահլիճները, մնացած բոլոր պայմանները։ Եթե այս տարի ծրագիրը կարողանանք մտցնել հիմնադրամ, սպորտում այլեւս մեծ խնդիրներ չենք ունենա։ – Ձեր ասածները վերաբերում են գլխավորապես չորս հիմնական մարզաձեւերին, իսկ մյուսնե՞րը։ – Ավելացրեք ձյուդոն, որի մասին արդեն ասացի։ Մոտ օրերս 15 հազար դոլարին համարժեք դրամ կհատկացնենք գեղարվեստական մարմնամարզության ամբողջական հավաքածու-գույք ձեռք բերելուն, որը Հայաստան կբերվի այս տարի։ Իսկ ամենախոշոր ծրագիրը, որ իրականացնելու ենք ամենաուշը մինչեւ եկող տարվա փետրվար, մոտ 100 հազար դոլարին համարժեք դրամի արժողությամբ սպորտային մարմնամարզության հավաքածու-գույքի ձեռքբերումն է լինելու։ Օրակարգում են նաեւ, այսպես կոչված, նեղ մասնագիտական մարզաձեւերը։ Դրանցից է, օրինակ, նետաձգությունը։ Հիմա պահանջվող գույքի ձեռքբերման հարցերն ենք քննարկելու մյուս մարզաձեւերի մարզիչների ու մասնագետների հետ եւ դրա իրականացմանը ձեռնամուխ կլինենք եկող տարվանից։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել