Կվերականգնվե՞ն ավանդույթները 1830թ. Խոյից եւ Սալմաստից գաղթած մեր հայրենակիցներով հիմնադրվեց Արարատի մարզի Գետազատ գյուղը։ Գետազատ գյուղի վերջին նշանակալի իրադարձությունը 2003-ի մայիսի 25-ին թիվ 29/1 ընտրական տեղամասում անցկացված ընտրություններն էին, ուր ԱԺ պատգամավոր ընտրվեց Հենրիկ Աբրահամյանը։ Գյուղում այսօր հեռախոս չկա։ Մինչեւ 1993թ. 86 հեռախոսակետ կար։ Կար մանկապարտեզ։ Հիմա չկա։ Գյուղն ունի 520 տնտեսություն, եւ, ինչպես գյուղապետ Գեղամ Ղարիբյանը տեղեկացրեց, մոտ 2700 բնակիչ։ Գետազատը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 127 զինվոր ուղարկեց ճակատ, 46-ը զոհվեց։ Արցախյան պատերազմում զոհվեցին Ռաֆիկ Համբարձումյանն ու Գեղամ Առաքելյանը։ Գյուղապետի վկայությամբ, 300-ից ավելի գետազատցիներ դուրս են եկել գյուղից։ «Առավոտին» մտահոգեց հատկապես այն, որ մշակույթի ակումբը չի գործում: Լուսանկարները ցույց են տալիս գյուղի ներկան եւ անցյալը: Զարմանալի զուգադիպությամբ բոլոր տիպի ընտրարշավների թատերաբեմ են դառնում տարածքային մշակութային կենտրոնները։ Ժողովրդի ոչ մի ընտրյալ ընտրվելուց կամ նշանակվելուց հետո չի բացում մշակույթի այդ մոռացված ակումբների դռները։ Գետազատը միակը չէ։ Ասենք՝ ինչո՞ւ այցելել այնտեղ. հո Վահրամ Փափազյանը կամ Օլգա Գուլազյանը չե՞ս, կամ Մհեր Մկրտչյանը, որոնք իրենց անկրկնելի արվեստն առաջինն են ցուցադրել այնտեղ։