Հուշագիրը հակասում է Սահմանադրությանը Կարծում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը Երեկ Ժուռնալիստի տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն իր տեսակետը ներկայացրեց «Քաղաքական կոալիցիայի հուշագրի» վերաբերյալ, այն անվանելով հակասահմանադրական։ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի խոսքերով, սույն փաստաթուղթը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ լի է հակասություններով ու թերություններով. «Սահմանադրության մեջ հստակ նշված է, թե ով է աշխատանքի նշանակում եւ ով՝ ազատում»։ Մինչդեռ հուշագիրը, ըստ պրն Թորոսյանի, ենթադրում է պաշտոնյաների նշանակման այլ կարգ: ԳԽ պատգամավորական ակումբի նախագահությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Ըստ հայտարարության, ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի դիտարկումների համաձայն, 2003թ. ՀՀ ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում իրավախախտումների գերակշռող մասը իրականացվել է ՀՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կողմից։ Ռ. Թորոսյանի գնահատմամբ, հանձնաժողովը, հիմնվելով արձանագրված փաստերի վրա, հարց է բարձրացրել ԿԸՀ առջեւ՝ ուժը կորցրած ճանաչել այդ կուսակցությունների գրանցումները ԱԺ 2003թ. ընտրություններում։ «Օգտվելով ընդդիմության դաշտը զբաղեցնող կուսակցությունների անկազմակերպ, թույլ եւ անհետեւողական գործունեությունից, ՀՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, ՀՀ նախագահի անմիջական աջակցությամբ, դեռեւս չկազմավորված պառլամենտական խմբակցությունների պայմաններում, ստորագրեցին ՀՀ օրենսդրությամբ չկարգավորվող «Քաղաքական կոալիցիայի հուշագիր» կոչվող փաստաթուղթը, որը իշխանությունների ձեւավորման եւ նրանց գործունեության բնագավառում սահմանադրական նոր նորմեր է սահմանում»,- ասվում է հայտարարությունում։ Հետեւաբար, ակումբի նախագահությունը գտնում է, որ 2003-ի ՀՀ նախագահի եւ ԱԺ ընտրություններից հետո, Հայաստանի իշխանությունները ձեւավորվել են ոչ թե ՀՀ սահմանադրության, այլ՝ այդ հուշագրի պահանջներով պայմանավորված կարգի հիման վրա։ «Եթե ՀՀ սահմանադրության 79 հոդվածը ամրագրում է, որ ԱԺ նախագահը եւ նրա տեղակալները ընտրվում են ԱԺ կողմից, ապա հուշագրի 6.1 կետի պահանջները պարտադրում են՝ ԱԺ նախագահը լինելու է ՕԵԿ-ից կամ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀԿ-ից, մյուսը՝ ՀՅԴ-ից»,- մանրամասնում է Ռ. Թորոսյանը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնում, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ձեւավորման գործընթացներից մեկուսացվել է շուրջ 85 պատգամավոր, որը կազմում է ՀՀ ԱԺ-ի մոտ 65%-ը. «Միայն այն փաստը, որ կուսակցական ցուցակներով ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնող, այն էլ իշխանություններին ընդդիմադիր համարվող կուսակցությունը, տվյալ դեպքում՝ «Արդարություն» դաշինքը, մեկուսացվել է օրենսդիր մարմնի ձեւավորման եւ ղեկավարման գործընթացներից, իր հերթին բացասական ազդեցություն է ունենալու նաեւ մեր երկրի միջազգային վարկի վրա»։ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահությունը ՀՀ նախագահին կոչ է անում հետեւել գործող Սահմանադրության պահպանմանը եւ միջոցներ ձեռնարկել վերականգնելու երկրի սահմանադրական կարգը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ