Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Հունիս 18,2003 00:00

ՊԱՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ Քաղաքացին զրկված է ճանապարհից, ավտոտնակի մուտքից եւ արեւից Երեւանի Ֆիրդուսի փողոցի 70 տան եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջեւ դատական վեճը սկսվեց տարիուկես առաջ։ Ֆեդերացիան սկսեց բնակելի շենքի շինարարությունը, փակեց շրջակայքը, Ֆիրդուսի փողոցը։ Փակվեց նաեւ 70 տան տերերի՝ Հայկանուշ, Սարգիս, Վահագն, Լազար Սիրոյանների ճանապարհը (դեպի Չայկովսկու փողոց դուրս գալու հատվածը), սեփականության իրավունքով նրանց պատկանող ավտոտնակի մուտքը եւ համընդհանուր սեփականություն հանդիսացող արեւի լույսը։ Բնակիչները ստիպված էին դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Նրանք իրենց անդրանիկ հայցում գրել էին. «Շինարարության թույլտվություն տալիս ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից չի ներկայացվել բնակելի տան ռեժիմի վերաբերյալ եզրակացությունը» (վերոնշյալ եզրակացության պատճենը «Առավոտի» տրամադրության տակ է)։ Այն տրվել է 2002թ. «Հազարաշեն» ՍՊԸ-ի կողմից (ստորագրված է՝ տնօրեն Գ. Հակոբյան)։ Ըստ վերոնշյալ եզրակացության՝ «Շախմատի ֆեդերացիայի կառուցվող շենքի եւ գոյություն ունեցող Ֆիրդուսի փողոցի 70 տան դասավորումը հակասում է հանրապետական, միջպետական եւ քաղաքաշինության գործող նորմերին (դասավորում եւ մինիմալ 2 ժամ 30 րոպե անընդմեջ բնական լույսի ապահովում)»։ Դատարանից սեփականատերերը պահանջում էին անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի 1998թ. հունվարի 6-ի 764 որոշումը եւ ֆեդերացիայի ու քաղաքապետարանի միջեւ կնքված հողօգտագործման պայմանագիրն ու շինարարության թույլտվությունը։ Դատական նիստում (նախագահությամբ Գայանե Կարախանյանի) հայցվոր բնակիչների հայցը բավարարվեց մասնակիորեն։ Ավտոտնակից օգտվելու իրավունքի վերականգնման մասով միայն։ Դատարանը պարտավորեցրեց քաղաքապետարանին հայցվորների ավտոտնակի «կողոսկրից»՝ կողային մասից համապատասխան չափի՝ մոտ 8 քմ հողհատկացում կատարել, որպեսզի հնարավոր լինի ավտոտնակի մուտքը փոխել։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չհասցրեց վճիռը կատարել։ Շախմատի ֆեդերացիան նույնպես հայց ներկայացրեց։ Վերջինս իր առարկումներում նշեց, որ վերոնշյալ տունը վթարային կառույց է, քանդման ենթակա, իսկ տանը կից ավտոտնակը ինքնակամ շինություն է։ Ֆեդերացիան իր հերթին պահանջում էր «համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված սեյսմակայունության մասին դրական եզրակացությունը»։ Ըստ շախմատի ֆեդերացիայի. «Ֆիրդուսի 70 տունը մինչեւ այսօր էլ մնացել է վթարային եւ իր գոյությամբ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն շինարարական աշխատանքների, այլեւ ընդհանրապես շրջակա միջավայրի անվտանգության համար»։ Ուշագրավ է, որ տան «հասարակական վտանգավորության աստիճանը», մինչ շենքի կառուցումը, ոչ մեկին չի հետաքրքրել։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում (Գ. Մատինյան, Վ. Ավանեսյան, Գ. Վարդանյան) հայցը լուծվեց այսպես. անվավեր ճանաչվեցին Սիրոյաններին սեփականության իրավունքով «հողամասի մասով» հողհատկացման որոշումը, Շախմատի ֆեդերացիայի հողօգտագործման պայմանագիրը, շինարարության թույլտվությունը։ «Վերացվեցին» նաեւ ավտոտնակից օգտվելու խոչընդոտները։ «3-րդ խաղափուլը» տեղի կունենա վճռաբեկ դատարանում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել