Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՂՄՎՈՂ ՕՂԱԿ

Հունիս 18,2003 00:00

ՍԵՂՄՎՈՂ ՕՂԱԿ Իրանի կառավարությունը եւ գերագույն հոգեւոր իշխանությունները հայտնվել են երկու կրակի արանքում Մի կողմից ուսանողական հուժկու ցույցեր են, ինչն իր հերթին հանգեցրել է բնակչության առավել առաջադեմ շերտերում ռեֆորմիստական տրամադրությունների ահագնացմանը, մյուս կողմից ուժեղանում է ԱՄՆ-ի ծավալած՝ առայժմ քարոզչական ճնշումը։ Պաշտոնական տվյալներով, միայն վերջին շաբաթվա ընթացքում ձերբակալվել են բողոքի ակցիայի ավելի քան 140 մասնակիցներ։ Թեհրանում լարվածությունը տակավին պահպանվում է, իսկ դրա հրահրման մեջ Իրանի իշխանությունները տեսնում են բացառապես «արտաքին ազդեցության» մեղքը։ Իրանի արտգործնախարարությունն արդեն իսկ իր «վճռական բողոքն» է հայտնել Միացյալ Նահանգներին՝ երկրի ներքին գործերին միջամտելու համար։ «Մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմել միջազգային դատարան»,- հայտարարել է ԱԳ նախարարության ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը մերժում է Թեհրանի ուսանողական բողոքների վրա ազդելու՝ իրեն ուղղված մեղադրանքները։ Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը, իրանցիներն ինքնակամ են բողոքում իրենց կառավարության կողմից տարվող քաղաքականության դեմ եւ «պետք չէ պատասխանատվությունը գցել ուրիշի վրա»։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անձամբ ողջունել է ցուցարարներին՝ նրանց գործողությունները որակելով իբրեւ ազատության համար մղվող պայքար։ Այս հանգամանքը միակը չէ, որ կարող է դիտվել որպես վերջին ժամանակներում Իրանի վրա ավելի ու ավելի սաստկացող արտաքին ճնշում։ Երկու օր առաջ Լյուքսեմբուրգում ԵԽ անդամ երկրների արտգործնախարարները Թեհրանին կոչ են արել առանց որեւէ նախապայմանի միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ) կից լրացուցիչ արձանագրություն ստորագրել, որով նախատեսվում է ուժեղացնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հավանական ստուգումների ընթացակարգը։ Այս կոչը ներդաշնակ կերպով լրացվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մոհամեդ Էլ Բարադեի այն հայտարարությամբ, թե Իրանը չի կատարել ՄԶՉՊ-ով իր ստանձնած պարտավորությունները։ Այսպիսով, արտաքին բազմաշերտ ճնշման օղակն աստիճանաբար ավելի է սեղմվում Իրանի շուրջը։ Միեւնույն ժամանակ, այդ ճնշման ուժեղացման համար խիստ հարմարավետ հող են ստեղծում Իրանի ներքաղաքական խմորումները։ Այլ խոսքով, արդեն իսկ տարածաշրջանում շրջում է նոր հակամարտության ուրվականը։ Ի դեպ, հատկանշական է, որ Իրաքյան պատերազմին եւս նախորդեցին տեսչական ստուգումներն ու գաղտնի միջուկային ծրագրերին առնչվող քարոզարշավը։ Այս համատեքստում Հայաստանի համար դարձյալ արդիական են դառնում վերահաս առճակատումից ենթադրվող վտանգները։ Հայաստանը մի կողմից բարի-դրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ, մյուս կողմից առավել ակտիվորեն է սկսել ներգրավվել ՆԱՏՕ-ի ծրագրերի մեջ։ Պակաս նշանակություն չունի նաեւ Ռուսաստանի գործոնը, որն արդեն անթաքույց նշել է էներգետիկայի ոլորտում Իրանի հետ համագործակցությունը շարունակելու իր մտադրության մասին։ Ըստ ամենայնի, տարածաշրջանը հերթական ճգնաժամի առջեւ է։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել