Լրահոս
Օրվա լրահոսը

՝ԿՍԵՂՄԵ՞Ն ԳԵՂԱՄՅԱՆԻ ՁԵՌՔԸ

Հունիս 18,2003 00:00

՝ԿՍԵՂՄԵ՞Ն ԳԵՂԱՄՅԱՆԻ ՁԵՌՔԸ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը վերջերս վերստին սկսել է ռեւերանսներ անել «Արդարություն» դաշինքի հասցեին՝ չբացառելով համագործակցությունը, առաջարկելով անցյալ համարել միմյանց հասցեին փոխադարձ քննադատությունը: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպես են այս հեռանկարին վերաբերվում «Արդարություն» դաշինքի գործիչները: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Չի բացառվում, որ որոշակի հարցերի շուրջ համագործակցենք ԱԺ-ում»: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը եւս հանդուրժողաբար էր տրամադրված. «Ես երբեք «Ազգային միաբանությունը» չեմ համարել «Արդարություն» դաշինքին թշնամի կուսակցություն: Եվ այն երբեք իմ թիրախը չեմ համարել. իմ թիրախը Ռոբերտ Քոչարյանն է: Եվ եթե վաղը ՀՌԱԿ-ի Միրզախանյանն էլ թիրախ համարի Քոչարյանին՝ նորմալ կհամարեմ դա»: Նշենք սակայն, որ «Արդարություն» դաշինքում կային այլ տեսակետներ եւս, որ Արտաշես Գեղամյանի այս հերթական շրջադարձը պայմանավորված է կառավարության եւ ԱԺ-ի ղեկավարության ձեւավորման շուրջ ինչ-ինչ չբավարարված ակնկալիքներով: Ասենք՝ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ շեշտելով ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների, այդ թվում՝ «ԱՄ»-ի հետ համագործակցելու իրենց տրամադրվածությունը՝ հիշեցրեց. «Ցավոք, նախագահի ընտրության 1-ին փուլին հաջորդող շրջանում ու ԱԺ ընտրություններում չստացվեց այդ համագործակցությունը, քանի որ, ի զարմանս մեզ՝ «ԱՄ» գործիչները քննադատության թիրախ էին դարձրել «Արդարությունը» եւ նրա ղեկավարներին: Կարծում եմ՝ համագործակցության նախադրյալների առումով դեռեւս բավարար չէ այն, որ ե՛ւ «ԱՄ»-ը, ե՛ւ «Արդարությունը» բոյկոտել են ԱԺ առաջին նիստը: Ե՛վ գաղափարական, ե՛ւ քաղաքական գծի հետեւողականության առումով «ԱՄ»-ն տակավին պիտի ապացուցի, որ սկզբունքային է իր դիրքորոշումներում եւ գործում է ընդդիմության դաշտում, քանի որ քարոզարշավից այն տպավորությունն էինք ստացել, որ այդ կուսակցությունը գործում է վերահսկելի ընդդիմության դաշտում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել