Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕԳՈՒՏ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ

Հունիս 18,2003 00:00

ՀՕԳՈՒՏ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ «Առավոտի» հարցին, թե չի՞ կարծում, որ ընդդիմությունը չարդարացրեց փոփոխությունների հույսերը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ժողովուրդն ընդդիմությանը տվեց իր ձայնը, բայց նրանք չկարողացան տեր կանգնել այդ քվեներին: Չեմ կարծում, որ դա չարեցին՝ չուզենալով: Ուղղակի ընդդիմությունը չունի քաղաքական հոտառություն ու պայքար մղելու փորձ: Ուստի եւ զոհ գնացին խարդավանքներին»: ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմելու խոստումների առնչությամբ ասաց. «Չգիտեմ՝ ինչքա՜ն միամիտ պետք է լինել, որ մտածես, թե այս ընտրությունների եւ մեր իրականության պայմաններում ընդդիմությունը կարող էր հավաքել 44 ձայն եւ հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանին «ցտեսություն» ասել: Անհասկանալի էր, որ նախագահի ընտրության առնչությամբ չդիմեցին Եվրոպական դատարան՝ ակնկալելով, թե ԱԺ ընտրություններում եւս կլինեն խախտումներ, միանգամից նաեւ դրանց դեմ կբողոքեն»: Վարդան Հարությունյանը նաեւ նշեց, թե մասնակցել է բոլոր հանրահավաքներին. «Նո՛ւյն ելույթներն էին, նո՛ւյն խոսքերը ու նո՛ւյն հավաստիացումները, թե տեր են կանգնելու մեր քվեներին: Սակայն հանրահավաքները շարունակում էին անել Մատենադարանի հարթակում, հավաստիացնելով, թե գնալու են միայն սահմանադրական ճանապարհով: Ի՞նչ ճանապարհ է դա՝ ես չգիտեմ: Սահմանադրությունն ամրագրում է, թե իշխանությունը ժողովրդինն է: Եվ ժողովուրդն էլ պատրաստ էր վերցնել իր իշխանությունը: Իսկ ընդդիմությունն այն ամբողջ էներգիան, որ կուտակվել էր ժողովրդի մեջ՝ տեղափոխելով պոնչիկանոցին հարակից տարածք՝ պարպեց: Ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու՝ դա ամենամեծ իրավունքն է, որ տրված է միայն ժողովրդին: Թե չէ՝ Սովետական Միության սահմանադրությունն էլ թույլ չէր տալիս ազատ խոսք. ի՞նչ, բոլորս այն ժամանակ էլ պիտի գնայինք սահմանադրական ճանապարհո՞վ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել