«Կոալիցիան չի կարող երկար տեւել» Կանխատեսում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Ըստ պրն Դալլաքյանի, կոալիցիոն կառավարության ստեղծումը, ըստ էության, հակասում է երկրի Գլխավոր օրենքին։ Ըստ Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետի, ՀՀ նախագահը նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին, այսինքն՝ կառավարության ձեւավորումը նախագահի բացառիկ իրավունքն է, եւ կառավարության ծրագրի ու գործունեության բացառիկ պատասխանատուն հանրապետության նախագահն է։ Ըստ կոալիցիոն կառավարության հուշագրի՝ պատասխանատվությունը հավաքական է եւ որեւէ երաշխիք չկա, քանի որ ցանկացած պահի կոալիցիայի ցանկացած անդամ կարող է ձեռքերը լվանալ, պատասխանատվության հարցն այդպիսով թողնելով պարզ չէ, թե ում։ – Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին նախագահ Ռ. Քոչարյանն ընդդիմությանը հրավիրեց խորհրդարան եւ ասաց, թե իշխանությունը պետք է իր ետեւում շարունակ զգա ընդդիմության շունչը։ Ինչպե՞ս եք սա գնահատում։ – Նախ՝ ընդդիմությունն ինքը կորոշի իր անելիքը։ Եվ հետո, մինչ այս եղած իրադարձությունների ֆոնի վրա ես այդ հայտարարությանն «ըմբռնումով» եմ վերաբերվում, որովհետեւ երկրի կյանքում ընդդիմությունը մեծ արժեք է, եւ եթե այդ բանը հասկանում են կեղծ ընտրությունների պարագայում նախագահ դառնալուց հետո, ԱԺ-ում նշանակումներ կատարելուց հետո, ապա դա ուղղակի ժպիտ է առաջացնում։ Եվ դա ասում է այն մարդը, որը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ որեւէ միջոցի առջեւ չի կանգնել ընդդիմությանը ոչնչացնելու, Հայաստանի քաղաքական դաշտը ապականելու, հենց իրեն սատարող կուսակցություններին «քցելու» հարցում։ Ճիշտն ասած, ես չեմ ուզում ավելի կոշտ արտահայտություններ օգտագործել, բայց դա համարում եմ ոչ պարկեշտ վերաբերմունք ընդդիմության նկատմամբ։ Փշալալերի, մահակների եւ ջրցան մեքենաների հսկողության տակ երդվելուց, կանանց ու երեխաներին մահակներով խփելուց հետո միասին աշխատելու առաջարկ անելը, պարզապես, ֆարս է, հերթական բլեֆ է։ Այսինքն՝ բոլոր կեղծիքներն արել-վերջացրել են, հետո հիշել են, որ ընդդիմություն կա, ու նրա հետ պետք է աշխատել։ – Ինչպիսի՞ն է նորընտիր ԱԺ-ն եւ, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ այն քիչ թե շատ պրոֆեսիոնալ դառնա։ – Դուք շատ լավատես եք, քանի որ հարցում կարծիք եք հնչեցնում, թե հնարավոր է՝ որոշ ժամանակից հետո այս ԱԺ-ն պրոֆեսիոնալ դառնա։ Ես ուղղակի զարմանում եմ ձեր լավատեսության վրա, պետք է ձեզ հիասթափեցնեմ, որովհետեւ իմ դիտարկմամբ արդեն սեպտեմբեր ամսից ԱԺ-ի դահլիճը դատարկ կլինի, դահլիճում կլինեն ձեզ հայտնի 10-15 հոգին, ուղղակի պրոբլեմներ կառաջանան նաեւ հանձնաժողովների աշխատանքի հետ կապված։ Օրենսդիր մարմինը որոշակի նրբություններ ունի, իսկ պատգամավորների որոշակի հատվածն ԱԺ է եկել բոլորովին այլ նպատակներով։ Իրավիճակը ես գնահատում եմ շատ տխուր։ Եվ, ցավոք, սա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ մեր պետականության համար, առավել եւս՝ ներքին որոշակի լարվածություն կլինի եւ դա պայմանավորված կլինի սոցիալական լուրջ բեւեռացմամբ եւ արտաքին որոշակի ճնշումներով։ Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առջեւ, եւ այս իրավիճակում ունենալ նման դիմազուրկ խորհրդարան, դա երկրի համար չափազանց վտանգավոր է։ Ունենք խամաճիկային խորհրդարան հանրապետության նախագահի ձեռքին։ Անհասկանալի է՝ ո՞ւմ ծրագիրն է իրականացնելու ԱԺ-ն՝ չընտրված նախագահի՞, ԱԺ-ում գոյություն չունեցող մեծամասնությա՞ն, անհասկանալի կոալիցիայի՞։ Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար։ Իմ կարծիքով, այս կոալիցիոն կառավարությունը մի քանի ամսվա պատմություն ունի, եւ դրանից հետո սկսվելու են բազարի հետ կապված ռազբորկաները։ Այսինքն՝ շատ տխուր է, եւ ես ուղղակի ուզում եմ երկրի ղեկավարությանը հարց տալ՝ ո՞ւր եք գնում, պարոնայք, սա ճանապարհ չէ, սա փակուղի է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ