ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ «ՊՈԼԻ ՓԵՏ» Է Թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանի դիմումի քննարկումը ՍԴ-ում կկայանա հունիսի 25-ին: – Առայժմ մեկ բացառությամբ՝ երբ խնդիրը թիվ 50 ընտրատարածքում «ՕԵ»-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների մրցակցությանն էր վերաբերում՝ Սահմանադրական դատարանը հերթով մերժում է բոլոր դիմումները: Ուստի՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ քննությունից: – Նույն ակնկալիքները, որոնցով բոլորն են դիմում: Սակայն մեր պարագայում երեւի շատ ավելի հիմնավոր ենք «ընտրություն» կոչված այս այլանդակության փաստերն արձանագրել, փաստաթղթավորել: Երեւի այդ պատճառով՝ իմ ակնկալիքներն ավելի արդարացված են: Եթե զուտ իրավական դաշտում լուծվի հարցը, ապա կասկած անգամ չունեմ, որ թիվ 18 ընտրատարածքի ընտրությունները պիտի ճանաչվեն անվավեր: Բայց եթե նորից քաղաքական որոշում է կայացվելու, ապա, իհարկե, շանս չունեմ հաղթել ՍԴ-ում: – Այսինքն՝ դեռ հույս ունեք, թե նման հարցերը քաղաքական որոշմա՞մբ չէ, որ լուծվում են: Ակնհա՞յտ չէ, որ ՀՀԿ-ն ունի ԱԺ-ում իր ներկայացվածությունը չնվազեցնելու խնդիր, իսկ Ձեր մրցակից Գեւորգ (Վլադ) Հակոբյանը ՀՀԿ-ից է: – Այս խնդիրը պետք չէ դիտարկել Աբրահամյան-ՀՀԿ հարթության վրա. ես խնդիր չունեմ հանրապետականների հետ: Ամբողջ ընտրարշավում ինձ մի փաստարկ էին ներկայացնում, թե Սերժը «դաբռո» է տվել Վլադին: – Ձեր մրցակիցը հայտարարեց, թե նման փաստեր չկան՝ «Ինչ էլ խոսում են՝ սաղ սուտ է»: Հերքեց նաեւ, թե Աշոտ Գիզիրյանն էր ակտիվորեն աջակցում իր վերընտրությանը. «Գիզիրյանի մասին ինչ ասում էր Սուրեն Աբրահամյանը՝ սա՛ղ սուտ է»: Եթե հարկ լինի՝ կկարողանա՞ք փաստարկել Ձեր պնդումները: – Դուք եք առնչվել Նուբարաշենի ավտոկանգառն ինձ հետ կապելու Գիզիրյանի փորձերին: Այդ ամենի պատճառը միայն այն էր, որ դրա տերն ինձ շտաբի տարածք էր տրամադրել, ու նաեւ խնդիր կար վախեցնել համախոհներիս: Այդ նպատակին վաղուց էին ուզում հասնել՝ մարզադաշտի վերաբերյալ սարքովի քրգործով եւ նման այլանդակ միջոցներով: Բայց ընտրությունների ընթացքում այս ամենը դարձավ ավելի ակնառու: Չեմ ցանկանում սեւեռվել Վլադի վրա՝ նա այս խնդրում գրեթե դերակատարություն չունի: Միայն ասեմ, որ եթե աջակցություն չվայելեր՝ նա չէր կարող այն ազդեցությունն ունենալ ընտրահանձնաժողովների վրա, որն ուներ: – ՍԴ-ն հաճախ նշում է, թե չեն օգտագործվում ընտրախախտումների առնչությամբ 1-ին ատյանի դատարան եւ դատախազություն դիմելու հնարավորությունները: Դուք դիմել եք այդ մարմիններին. ի՞նչի եք հասել: – Մենք 6 նյութ ենք նախապատրաստել եւ ուղարկել Էրեբունու դատախազությանը, տեղյակ պահելով նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Ինչպես նաեւ՝ որոշակի հարցերի պարզաբանման համար փորձել ենք դիմել 1-ին ատյանի դատարան: Հավատացնում եմ, որ 1-ին ատյանի դատական համակարգի պարագայում ճնշումներն ավելի ակնառու են. նրանք ավելի կաշկանդված են, քան ՍԴ-ն, որի վրա դժվար թե լինեն տեղական իշխանիկների մակարդակով ճնշումներ: Դրա հետ մեկտեղ՝ մի հանգամանք եմ նաեւ ուզում փաստել. ընտրական եւ դատական համակարգերը մի փակ շղթա են ձեւավորել՝ ուզածդ «պոլի փետին» կարող են դարձնել ԱԺ պատգամավոր եւ անգամ չես կարողանա ապացուցել, որ դա ախր ընդամենը «պոլի փետ» է: – ԱԺ ղեկավարության ընտրություններն ապացույց դարձան, որ ի կատարումն ընդունված որոշումների՝ հնազանդորեն կոճակ սեղմողները ճնշող մեծամասնություն են: Այս խորհրդարանի՞ն եք այդքան ձգտում մաս կազմել, մանավանդ որ ակնհայտ է՝ ընդդիմադիրները չեն կարողանալու ոչինչ փոխել, ու կոալիցիան անցկացնելու է ցանկացա՛ծ որոշում: – Անկեղծ ասած, եթե երբեւիցե ենթադրեի, թե այս կարգի խորհրդարան է լինելու՝ երբե՛ք չէի առաջադրի թեկնածությունս: Բայց այժմ արդեն մինչեւ վերջ եմ պայքարելու, քանի որ կռիվս ոչ թե ԱԺ-ում իմ տաքուկ տեղն ապահովելու, այլ առավել՝ այն մարդկանց համար է, ովքեր ինձ վստահել ու ձայն են տվել: Շատ տխուր եւ ճնշող իրողություն փաստեց ԱԺ այդ առաջին նիստը: Առանձնակի խելք ու քաղաքական վերլուծությունների ձիրք պետք չէ ունենալ, որ հասկանաս, թե այս ԱԺ-ն չի զբաղվելու երկրի առաջընթացն ապահովող օրենսդիր գործունեությամբ: Շատերն ընդամենն իրենց ունեցածը պահելու խնդիրն են լուծում՝ հասկանալով, որ օրենքների եւ պետության վրա չեն կարող հույս դնել. թեք հայացքով նայես, քեզ այնպես չպահես՝ ուզածդ պահին ուղղակի վրայովդ կանցնեն ու կոչնչացնեն: – Նախընտրական շրջանում տպավորություն էին ստեղծում, թե ՀՅԴ-ի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակասություններ կան: Բայց այժմ նրանք նույն կոալիցիայում են: Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանքն է սա: – Նախագահի ընտրության հատկապես 2-րդ փուլում բոլորի համար էլ հասկանալի էր, որ «առաջին ջութակի» դերը կատարեց ՀՅԴ-ն: Ուստի եւ Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, ցանկացավ ԱԺ ընտրություններում ապացուցել, թե դեռ վաղ է կարծելը, որ ինքն իբր չի կարողանում կազմակերպել ընտրություններ, ու նաեւ «տղայավարի» ապացուցել ՀՅԴ-ին, թե ինքը դեռ կա ու մնալու է շատ երկար: Այս կոալիցիայով չլուծվեցին այդ հակասությունները. դրանք ընդամենը սառեցվել են: Համենայն դեպս, ՀՅԴ-ի փաստարկները՝ «հանուն պետական շահերի», ավելի հասկանալի են ինձ համար, քան մյուս կողմի պարագայում: Ինչ վերաբերում է հուշագրին՝ չգիտեմ, թե որքան երկար են աշխատել այդ փաստաթղթի վրա, բայց համենայն դեպս՝ դրանով բավական խիստ նվազեցին վարչապետի լիազորությունները: – Անգամ կառավարության հայեցակարգային որոշումներն են ենթակա կոալիցիայի կողմերի միջեւ նախապես քննարկման։ – Անհասկանալի է՝ վարչապետը «ռազբիրատների» գծո՞վ պիտի մասնագիտանա, թե՞ իրականացնի որոշակի տնտեսական ծրագրեր: Նույնիսկ իմ այս խղճուկ վիճակում՝ չեմ նախանձում նրան: Ինձ համար նաեւ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ կոլեկտիվ պատասխանատվություն: Նախկին քաղբյուրոյի չափանիշներո՞վ են առաջնորդվում: Այն ժամանակ էլ էին խոսում կոլեկտիվ պատասխանատվությունից, բայց հետո պարզվեց, որ այդ բոլոր տարիների ընթացքում միայն կոլեկտիվ անպատասխանատվություն է եղել: – Կառավարությունում փոփոխությունները հիմք տալի՞ս են կարծելու, թե գուցե հաջողեն իրականացնել այն շռայլ խոստումները, որ տալիս էին քարոզարշավի ընթացքում՝ թոշակ-աշխատավարձերի բարձրացում եւ այլն: – Չեմ պատկերացնում, թե ինչ համատեղ ծրագիր են ներկայացնելու նրանք, քանի որ իրար հետ եզրեր չունեցող, բացարձակ տարբեր բաներ են ասել քարոզարշավում ե՛ւ սոցիալական ոլորտի, ե՛ւ արտաքին ու ներքին քաղաքականության, ե՛ւ Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: Բայց այս ամենի մասին ավելի առարկայական ու որոշակի կխոսենք, երբ ծրագիրը ներկայացվի հանրությանը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ