Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՓԱՍՏԸ ՍԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ

Հունիս 18,2003 00:00

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՓԱՍՏԸ ՍԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ Դատավորներն ուշադիր չեն կարդացել «Ընտրական օրենսգիրքը», ըստ որի, նման փաստերը չեղյալ են համարում թեկնածուի գրանցումը Երեկ ՍԴ-ն իր հերթական նիստում քննության առավ Կոտայքի մարզի թիվ 43 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ Վիկտոր Միրումյանի, Վանյա Հովհաննիսյանի եւ Արթուր Գալստյանի դիմում-բողոքը, եւ մերժեց՝ հաշվի չառնելով անգամ «ընտրված» պատգամավոր Սամվել Շահգալդյանի կողմից ընտրակաշառքներ բաժանելու ակնհայտ փաստերը, որոնք ներկայացրել էր դիմող կողմը: Դիմումատուները պահանջում էին անվավեր ճանաչել այդ ընտրությունները, քանի որ Ս. Շահգալդյանը՝ վայելելով եղբոր՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հովանավորությունը, ընտրությունների բոլոր փուլերում խախտել է Սահմանադրության եւ ԸՕ պահանջները եւ անհավասար պայմաններ ստեղծել թեկնածուների քարոզչության ու ընտրությունների ընթացքում: Բացի մի շարք ընտրախախտումներից, դիմող կողմը հատկապես դատարանի ուշադրությանն էր ներկայացնում այն տետր-ցուցակները, որտեղ պարզ երեւում էին ընտրակաշառք բաժանող պատասխանատու անձինք, ընտրակաշառք ստացողի հասցեն, ստորագրությունը, գումարի քանակը, թեկնածուի՝ Ս. Շահգալդյանի, եւ իշխանամետ կուսակցությունների /ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր»/ անվանումները: Թեկնածու Վ. Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ մայիսի 24-ին թեկնածու Շահգալդյանն անձամբ այցելել է իր նախընտրական շտաբ եւ բացահայտ ասել. «Գնում եմ ընտրակաշառքներ բաժանելու, եթե կարող ես՝ դու էլ բաժանիր»: Այս մարտահրավերն ուղղված է եղել ոչ միայն Վ. Հովհաննիսյանին, այլեւ մյուս թեկնածուներին՝ Վիկտոր Միրումյանին եւ Արթուր Գալստյանին: Թիվ 43 ԸԸՀ նախագահ Գայանե Փանոսյանի փոխարեն, որը Ս. Շահգալդյանի քեռու աղջիկն է, ընտրակաշառքների փաստերը փորձել են կանխել 3 թեկնածուները՝ իրենց վստահված անձերով եւ միջազգային դիտորդներով: Մայիսի 24-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Չարենցավանի 1-ին թաղամասի 12-րդ շենքի մոտակայքում թեկնածու Ա. Գալստյանն ականատես է եղել, թե ինչպես է նույն քաղաքի բնակիչ Վաչագան Կիրակոսյանն ընտրակաշառք բաժանում թեկնածու Շահգալդյանի եւ վերոնշյալ կուսակցությունների օգտին՝ թեկնածուի համար 2500-ական դրամ, իսկ կուսակցություններից յուրաքանչյուրի համար՝ տարբեր գներ. ՀՀԿ-ի համար՝ 4000 դրամ, ՀՅԴ-ի համար՝ 2500, իսկ «Օրինաց երկրին» քվե տալու համար՝ 1500-ից 2500 դրամ: Ա. Գալստյանին հաջողվել է առգրավել այդ տետր-ցուցակը: Իսկ արդեն ընտրությունների օրը ժամը 10:00-ին թեկնածուների վստահված անձինք ականատես են եղել, որ Չարենցավանի բնակիչներ Հ. Գուլյանը, Ն. Վարդանյանն ու Ա. Ավետիսյանն ընտրակաշառք էին բաժանում Շահգալդյանի եւ նշված իշխանամետ կուսակցությունների համար՝ դարձյալ «խնամված» ցուցակներով: ԹԵկնածուների վստահված անձանց դարձյալ հաջողվել է առգրավել այդ տետր-ցուցակները: Նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում, ըստ դիմումատուների փաստարկների, Չարենցավանի ավագանու անդամ ոմն «ֆուտբոլիստ» Վաչիկ 2-րդ թաղամասի հանրակացարանում բաժանում էր ընտրակաշառք, որին այս անգամ ականատես է եղել ԵԱՀԿ դիտորդ Քրիս Հարիսը եւ արձանագրել այդ անօրինականությունը: ՍԴ-ում դիմումատուները հայտարարեցին, որ չնայած այս հանգամանքներին, թիվ 43 ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահները ոչ միայն չեն շտկել վիճակը, այլեւ դիմում-բողոքներից ոչ մեկը չեն գրանցել համապատասխան մատյաններում: Բացի այդ, դատական նիստի ընթացքում դիմող կողմը հայտարարեց, որ ընտրական հանձնաժողովները՝ հովանավորվելով մարզպետարանի եւ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, ամբողջ ընտրական գործընթացը վերածել են բաց քվեարկության: Այս փաստը չհերքեց նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Փանոսյանը՝ պատճառաբանելով, թե 12/87, 12/91 տեղամասերում իսկապես եղել են բաց քվեարկություններ, որովհետեւ՝ «Ժամը 19:00-ից հետո այդ ընտրատեղամասերում ընտրողների անսպասելի ակտիվ հոսք է եղել, եւ շատերը չեն սպասել, որ ընտրողը դուրս գա քվեախցիկից, ու սկսել են պատերի վրա քվեարկել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել