Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՍՏ ՊԱՏԵՐԻ»

Հունիս 17,2003 00:00

«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՍՏ ՊԱՏԵՐԻ» Հատված Հովհաննես Մելքոնյանի վեպից Պարույր Սեւակն իր անձնական եւ ստեղծագործական ճակատագրով դարձավ այն ոգեղեն ափը, որին գալիս-զարնվում էին ժամանակի տգիտության պղտոր ալիքները, չար նախանձի դեղին ջրերը, խարտիչ հալածանքի փշոտ ավազները, բիրտ բանսարկության խորշակ քամիները, պիղծ ու քաղցրմեղցր թույնի շիթերը… ինչպես սարդերը իրենց լորձունքով հյուսում են ոստայններ, այնպես էլ սերնդակից բանաստեղծները եւ գրաքննադատները իրենց չկամության ու նախանձի աներեւույթ լորձունքով սարդոստայններ էին դնում նրա թռիչքների դեմ եւ զգայուն բանաստեղծին գցում հոգեկան ծանր տվայտանքների մեջ։ Եվ արյուն ունի նաեւ նախանձը, Արյունն այդ սեւ է, Ինչպես արյունը միջատ-մրջյունի… 1957 թվականին լույս էր տեսել «Նորից քեզ հետ» ժողովածուն եւ ընկերներից մեկը Երեւանից նամակ է գրում Մոսկվա աքսորված Պարույր Սեւակին՝ հայտնելով, որ Հակոբ Սալախյանը, Վահագն Դավթյանը, Սուրեն Աղաբաբյանը եւ Հրաչյա Հովհաննիսյանը հավանել են գիրքը եւ ուզում են դրվատանքի խոսք ասել մամուլում, եւ ահա ինչպիսի ցավագին երկյուղով եւ ծայրահեղ կասկածանքով է պատասխանում բանաստեղծը. «..Ի սեր Աստծո, պետք չէ։ Շատ ավելի կարեւոր է, եթե նրանք չտպեն որեւէ ջարդարարական-անխիղճ, վնասակար բան։ Այ, թող դա անեն։ Իսկ գովասանքի ոչ մի կարիք չկա։ Թող լուռ անցնի։ Ոչինչ»։ Հաշվի առնելու է, որ այս դառնաշունչ խոսքերը ասվում է 1957 թվականին, երբ բանաստեղծի համբավը նոր-նոր արեւածագ էր ապրում եւ երբ գնալով զենիթին հասավ նրա փառքը, զուգահեռաբար ավելի թանձրացավ նախանձողների սեւ արյունը։ «Երկրի վրա եւ երկրի ընդերքում» որոնումներ անող եւ քսաներորդ դարի հայ մեծ պոեզիայում բանաստեղծական նոր զանգակատներ կերտող եւ զանգերը անլռելիորեն հնչեցնող ոգու եւ մտքի սպասավորին՝ Պարույր Սեւակին, արի ու տես, ինչ ասես որ չէին ասում, ի՜նչ մեղքեր, ինչքա՜ն մեղադրանքներ… Այնքան՝ որ կաղամբի գլուխն էլ այդքան թուփ չունի։ Եվ մեղադրողները գրողների տան տնեցիներն էին՝ կաղամբի գլխով գրականագետներ, գրողներ, սիրողական մակարդակի գրախոսներ, Գրողների միության ուսադիրավորներ, բոլորը ի մի առած՝ միջակներ… Գրողը պետք է պատրաստ լինի ողջակիզման խարույկին, կախաղանի պարանին, գնդակահարող պղնձին։ Բռնակալական ժամանակներում ովքեր պատրաստ չեն դրանց, գրելով նրանք վաստակում են իրենց հացուջուրը, հագուստ-կապուստը, պահում իրենց տունուտեղը, այդպիսի գրողներ կային Եղիշե Չարենցի կողքին, այդպիսի գրողները բազում էին Պարույր Սեւակի շուրջը։ Եվ սրանց՝ վասն հացի եւ հագուստի բանաստեղծողների բազմությունը արդարացվում է մի Պարույր Սեւակով, մի Հովհաննես Շիրազով, մի Համո Սահյանով… Եվ սրանց բնական մահն անգամ անբնական է՝ նրանք չեն մեռնում, նրանք սպանվում են։ Նրանք սպանվում են մի ուրիշ՝ մի կերպարանափոխ աքսորանքով, ողջակիզման խարույկով, կախաղանային պարանով, գնդակահարող պղնձով։ Սպանում են՝ բանտարկելով նրանց գրքերը, խարույկ հանելով… «Եղիցի լույս» գրքի խարույկ հանելու լուրը Պարույր Սեւակն առավ իր սպանությունից տասնչորս օր առաջ՝ 1971 թվականի հունիսի 3-ին, երբ հունիսյան ճանճերով, հունիսյան իշխանավորներով եւ հունիսյան գրողներով լեցուն դահլիճում ավարտին էր հասնում Հայաստանի գրողների միության հունիսյան համագումարը. երկու բանվոր մարդ՝ թղթի եւ տպագրական ներկի թթվաշ հոտը գլխի մազերին, հագի հագուստներին եւ քրտնած ճակատներին, մտան Կառավարական տան նիստերի դահլիճ, գտան Պարույր Սեւակին եւ հայտնեցին, որ իրենց կարգադրված է «Եղիցի լույսի» 25 հազար օրինակը հանել եւ կուտակել բակում՝ այրելու համար։ Անսպասելի չէր, իսկ սպասված բոթը չի ալեկոծում մարդու հոգին՝ Պարույր Սեւակը հանգիստ լսեց եւ ափը դնելով տպարանային բոթաբերներից մեկի ուսին՝ ասաց. «Դահիճները պետք է անընդհատ գրքեր այրեն Մայիսյան սանդուղքի ներքեւում… Դա մի վայր է Փարիզում՝ խորհրդարանի մոտ գտնվող հրապարակում, որտեղ դահիճը կատարել է դատապարտված գրքերի հրկիզման արարողությունը։ Ես «Եղիցի լույսի» հեղինակն եմ եւ խնդրելու եմ, որ իմ գիրքը հրկիզեն այստեղ՝ կառավարական տան բակում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել