Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քո գնալով պակասեց լավը, բարին»

Հունիս 17,2003 00:00

«Քո գնալով պակասեց լավը, բարին» Սա Մոնթե Մելքոնյանի հիշատակին կառուցված աղբյուրին հարող ջրավազանն է։ Այն ուրվագծել է ինքը՝ Մոնթեն, դեռեւս կենդանության օրոք՝ ամենեւին էլ իր անվան աղբյուրը նկատի չունենալով։ Զորավարի հաշվարկներով, պատերազմի ավարտին Արցախի քարտեզն այդպիսին պետք է լիներ։ Այժմ ԼՂՀ սահմանագիծը մոտավորապես այդ ուրվագիծն ունի, ինչը վկայում է Մոնթեի ռազմական տաղանդի մասին։ Աղբյուրը, ավելի ճիշտ՝ քանդակը, կառուցեց Մոնթեի մարտական ընկերը՝ գեներալ Հմայակ Հարոյանը. «Մի օր ճանապարհին մի քար գտա։ Քանի որ իրիկունները (պատերազմի տարիներին-Ա.Ու.), երբ խրամատներից վերադառնում էինք, պետք է մի բանով զբաղվեինք, քանդակում էի քարի վրա», շարունակությունն արել են մարտունեցիները (ԼՂՀ)։ Մոնթե Մելքոնյանի զոհվելու 10-րդ տարելիցի առթիվ զորավարի մարտական ընկերներն ու հարազատները այցելեցին նրա կռված, ազատագրած ու զոհված վայրերը։ Արցախը պետական մակարդակով հարգեց Մոնթեի հիշատակը։ Իսկ ԼՂՀ տանող ճանապարհին այգի հիմնվեց նրա անունով։ Մարտական ընկերները, եղբայրը՝ Մարգարը, կինը՝ Սեդան ու պարզապես նրանք, ում խաղաղ կյանքի համար զոհվել է Մոնթեն, տնկեցին ընկուզենիներ, որոնք առնվազն 700 տարով կհավերժացնեն նրա անունը։ ԼՂՀ պաշտպանության նախարարի ներկայացմամբ, Մոնթեն «ստեղծեց արցախյան բանակի ամենաընտիր զորամասերից մեկը։ Եվ Ավոյի կարիքն զգում ենք մինչեւ այսօր, որովհետեւ իր տեղում նա անթերի էր»։ Չնայած իր տաղանդին ու հեղինակությանը, Պարգեւ սրբազանի բնութագրմամբ, Մոնթեն «անսակարկ մարտիկ էր»։ Իսկ կնոջ՝ Սեդայի նկատմամբ, մարտական ընկերները պատմում են, որ նույնքան պահանջկոտ էր, որքան իրենց. «Երբ Սեդան զանգում էր, հարցնում էր՝ այսինչն արի՞ր, այնինչն ուղարկեցի՞ր»։ Մոնթեի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել