ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ Ինչո՞վ է պայմանավորված դաժանության բռնկումը ՀՀ ոստիկանության կապի եւ լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը «Առավոտի» գրավոր հարցմանն ի պատասխան (կապված հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների հետ), պատասխանել էր, որ միայն 2002թ. ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 84 դեպք, որից 72-ը ծանր հանցագործություն է։ Վերջին 10 օրերին սպանությունների թիվը կտրուկ աճել է։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սպանություններն իրականացվում են առանձնակի դաժան եղանակներով, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է կատարվել. զորանոցում, քրեակատարողական հիմնարկում, թե այլ վայրում։ Հունիսի 9-ի երեկոյան մայրաքաղաքում լուր տարածվեց, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում սպանել են 2 դատապարտյալի (դանակով)։ Նշվեց անգամ սպանվածների անունները՝ «Արթուր եւ Չարբախի Մուկուչիկ»։ «Ինչ դրդապատճառներով էր եղել սպանությունը, որն է իրականությունը, ինչ միջոցառումներ են հետեւել սպանության բացահայտման ուղղությամբ»: Այդ հարցերով դիմեցինք արդարադատության նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Արա Սաղաթելյանին։ Վերջինս հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկում հունիսի 9-ից ծառայողական քննություն է անցկացվում «աշխատանքում թերացածներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։ Ըստ պաշտոնական վարկածի, երկու եղբայր կալանավորներ ներխուժել են խոհանոց եւ սուր-կտրող գործիքով հարվածներ են հասցրել մի կալանավորի, ճաշարանի աշխատողին, որը նույնպես դատապարտյալ է։ Վերջինիս քներակն էին վնասել։ Էրեբունի համայնքի դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ «Առավոտի» այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք շրջանառվող լուրը, որ դատապարտյալի վիզը կտրել են քնած ժամանակ, Ա. Սաղաթելյանը պատասխանեց. «Ծառայողական քննությամբ վարկածն այլ է»։ Մեր ունեցած տեղեկություններով, քներակի վնասվածք ստացած Մկրտիչ Գրիգորյանը մահացել է, իսկ ծանր վիրահատության ենթարկված Ոսկան Ծատուրյանը դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում է։ Ինչ վերաբերում է սպանությունն իրականացնողներին, նրանք երկու եղբայր են՝ Հայկ եւ Ռոբերտ Միրզոյաններ։ Մեզ առայժմ հաջողվեց պարզել նաեւ, որ նրանք Նուբարաշենում են գտնվել նախկինում կատարված դիտավորյալ սպանության փորձի եւ ավազակային հարձակման համար։ Սպանություն Գավառում Հունիսի 12-ին, ժամը 15.30-ին Գավառի հիվանդանոցից հաղորդվել էր, որ մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Նորադուզ գյուղի բնակիչներ Լեւիկ Մաթեւոսյանը, Վարուժան եւ Արայիկ Գրիգորյանները, իսկ սուր-կտրող գործիքի վնասվածքներով՝ Գրիգոր Գրիգորյանը, որը հիվանդանոցում մահացել է։ Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նույն օրը, ժամը 15-ի սահմաններում գյուղում վիճաբանության ժամանակ Ալիկ եւ Արա Բանդուրյանները ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով, վնասվածքներ են հասցրել համագյուղացիներ Մաթեւոսյանին եւ Գրիգորյանին։ Բանդուրյաններին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Ինքնասպանության վարկածը չի հաստատվում Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը թիվ 5 բանակային կորպուսի Նուբարաշենի զորամասում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Պետրոսյանի դիակը։ Շրջանառվող վարկածն այն էր, թե զինծառայողն ինքնասպան է եղել եւ գրպանից էլ անհետացել է մի գրություն, որը կարող էր ողբերգության բանալին լինել։ Զինդատախազության քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանը երեկ «Առավոտին» ասաց, որ տեղի է ունեցել սպանություն եւ ոչ թե ինքնասպանություն, ինչը բացահայտվել է Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության հետ համագործակցության արդյունքում։ Նա հայտնեց, որ կան ձերբակալվածներ եւ նախաքննության գաղտնիության պահանջից ելնելով՝ չհայտնեց ձերբակալվածների անունները։ Բացահայտում՝ 10 տարի հետո Հասարակության մեջ գերիշխող է այն կարծիքը, որ սպանությունները երբեք չեն բացահայտվում, քանզի առկա է քրեածին հանդուրժողականության մթնոլորտ։ Երեկ, սակայն, ՀՀ ոստիկանությունից մենք տեղեկացանք, որ բացահայտվել է Արտակ Մեջլումյանի սպանության գործը։ 1993թ. հունիսի 18-ին հաղորդվել էր Վեդի քաղաքի գինու գործարանի մոտակայքով հոսող ջրանցքից Արտակ Մեջլումյանի դիակը (հրազենային վնասվածքներով) հայտնաբերելու մասին։ 2003թ. հունիսի 14-ին, այսինքն ուղիղ 10 տարի անց, ոստիկանություն բերման ենթարկված հայր եւ որդի Գագիկ եւ Արմեն Ենոքյանների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելիս պարզվում է, որ 1993թ. հունիսի 10-ին, 23.30-ի սահմաններում Մեջլումյանն ու Ենոքյանը վիճաբանել են Արտաշատ քաղաքի զբոսայգում, որի ընթացքում Մեջլումյանը իր մոտ եղած հրթիռանետով կրակել է Ենոքյանի ոտքին, պատճառել նրան մարմնական վնասվածք։ «Աղմուկի վրա նրան է մոտեցել Գ. Ենոքյանը եւ իր մոտ եղած «Մակարով» ատրճանակով կրակել եւ սպանել է Մեջլումյանին։ Այնուհետեւ իր անձնական օգտագործման մեքենայով դիակը տեղափոխել եւ նետել են Քաղցրաշեն գյուղով անցնող ջրանցքը»,- հայտնեցին մեզ ՀՀ ոստիկանությունից։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քաղաքացիների մոտ առկա է մեծաքանակ հրազեն։ Նկատենք, որ ուժային գերատեսչություններում եւ արդարադատության մարմիններում կատարված հանցագործությունները տեղի ունեցան ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Հավանաբար, դա ընտրական ամենաթողության (երբ օգտագործվեցին հանցաշխարհն ու նրանց սպասարկող հեղինակությունները) արդյունքում էր, մականունավորների ԱԺ-ում հայտնվելու շքերթի սկիզբը։ Համենայնդեպս, Երեւան քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում նախորդ շաբաթ կատարված սպանություններից մեկը (նույնպես հեղինակություն՝ Մուշեղ Ազատյանի) կապում են ընտրական գործընթացների հետ։ Վարկած, որն արժե ուսումնասիրել նաեւ այդ համատեքստում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ