Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչինյանը չաքսորվեց Շնող

Հունիս 17,2003 00:00

Քոչինյանը չաքսորվեց Շնող Լոռու մարզպետն իր տեղում է Անցյալ շաբաթ պրն Քոչինյանը «Առավոտին» հայտնել էր դրա պատճառներից առաջինը՝ դրական պատասխանելով «Շարունակելո՞ւ եք աշխատել մարզպետի պաշտոնում» հարցին. «Էդպես եմ ուզում»։ Նախորդ օրը ձեւավորված կառավարության կազմի մասին մարզպետը կարծիք չհայտնեց. «Գիտե՞ք ինչ, մարդիկ պիտի աշխատեն, որ իրենց աշխատանքով կարողանանք գնահատել՝ ճիշտ էր ընտրությունը, սխալ էր»։ Սակայն կազմի ձեւավորման մասին ասաց. «Կարծում եմ (այս պահին կարելի է ասել) ճիշտ ընտրություն էր. նաեւ քաղաքական ուժերի համագործակցության արդյունք էր կառավարությունը»։ Կուսակցությունների ներկայացված լինելը կառավարությունում պրն Քոչինյանը համամասն համարեց խորհրդարանում ունեցած պատգամավորական տեղերի քանակին, թեեւ «չի կարելի ասել, որ պետք է խիստ թվաբանական համամասնություն պահպանել»։ Վերջին դատողությամբ մարզպետ Քոչինյանն ընդհուպ մոտեցավ մեր հաջորդ հարցին. «Չե՞ք կարծում, որ «Օրինաց երկիրը» մի քիչ ավելի շատ է ներկայացված կառավարությունում, քան ԱԺ-ում տեղեր ունի»։ «ՕԵ»-ն՝ 24, եւ ՀՅԴ-ն՝ 11 պատգամավոր ունենալու պարագայում ունեն երեքական նախարարական պորտֆել. «Եթե էդպես լուրջ թվաբանական նայենք, կարծես թե համամասնությունը խախտված է։ Բայց դա ոչինչ չի նշանակում. ԱԺ հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խոսնակ-փոխխոսնակներ եւ այլն՝ ինչ-որ տեղ խնդիրը սրանով կկարգավորվի»։ Պրն Քոչինյանն արդեն լրիվ հեռացավ «համամասնության սկզբունքից»՝ հայտարարելով. «Պետք է գտնել մարդիկ, ովքեր էդ գործը լավ կկատարեն»։ Պրն Քոչինյանը չի՞ գտնում, որ ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը շատ ավելի ստվերում մնաց, քան նախատեսվում էր։ «Մեր ընտրությունները անկանխատեսելի բաներ շատ ունեցան։ Պառլամենտում ուժերի հարաբերակցությունն անձամբ ես այդպես չէի պատկերացնում, մի քիչ այլ ձեւի»։ (Հիշեցնենք, որ մարզպետի եղբայրը ԱԺ-ում այդպես էլ տեղ չգրավեց)։ Ամեն դեպքում, մարզպետը գտնում է, որ պետք է կատարվածը հիմք ընդունել եւ դրանով առաջնորդվել եւ իր ցանկությունն է, որ նոր կառավարության անդամները «հանգիստ-նորմալ աշխատեն»։ Իսկ պաշտոնի նկատմամբ վերջին 13 տարիներին բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցրած Հենրիկ Քոչինյանը «խիստ իրատեսական մոտեցում» ունի («Էն սկզբում կատակ արեցի»- Հ. Ք.)։ Այսինքն, «չի կարելի ասել, որ մարդ պիտի միշտ պաշտոնյա լինի։ Ինչ-որ մի տեղ պիտի ստոպ էլ ասես, ջահելներին էլ պիտի տեղ տաս»։ Անձնավորված՝ իր երիտասարդ հետեւորդին չի տեսնում, բայց «երիտասարդներին պիտի տեղ տանք. եթե ուզում ենք, որ առաջընթաց լինի»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել