ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ Լինսիի միջոցներով ճանապարհաշինությունը Հայաստանի համար հսկայական ռազմավարական խնդիրներ է լուծում։ Մնում է, որ կառուցվելիք ճանապարհների որակն էլ համապատասխանի նախատեսվածին։ Բայց շինարարները սրտին մոտ են ընդունում ու նեղանում են, որ հարցնում ես՝ «այս ասֆալտը փափուկ չի՞ նման ճանապարհի համար» կամ «(դատելով դիրքից) հետագայում սողանքները չե՞ն փլուզի ճանապարհը»։ Խոսքը Սելիմի լեռնանցքի, Սեւան-Դիլիջան թունելի եւ մյուս միջպետական նշանակության ճանապարհների մասին է, որտեղ կիրակի այցելեցին Հայաստանում Լինսի հիմնադրամի ծրագրերի աշխատանքները համակարգող խորհրդի անդամները՝ Արտաշես Թումանյանի գլխավորությամբ։ Պարոն Թումանյանն, օրինակ, վստահեցնում է, որ «որակը բավարարում է։ Վերահսկողները, համենայնդեպս, որեւէ դիտողություն չունեն։ Լինսիի գրասենյակն էլ է ստուգում»։ Իսկ որոշ բնակավայրերի միջեւ պարզապես ուղիղ ճանապարհային կապ չկար։ Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզի բնակչությունն իրար հետ շփվում էր կամ Երեւանի միջոցով (նաեւ միջնորդավորված), կամ ընդհանրապես չէր շփվում։ Արդյունավետ ապրանքափոխանակության մասին խոսք անգամ չէր կարող լինել, երբ, օրինակ, եղեգնաձորցին մի քանի տասնյակ կիլոգրամ միրգը Մարտունիում վաճառելու համար ստիպված էր Երեւան հասնել, հետո Մարտունի գնալ՝ կտրել-անցնելով շուրջ 250 կմ տարածք։ Սեւանցիները նույն ճանապարհն անցնում էին Եղեգնաձոր՝ ասենք, ձուկ վաճառելու համար։ Իսկ Սելիմի լեռնանցքով անցնող այս երկու մարզերի միջեւ ճանապարհը ե՛ւ ուղղակի է, ե՛ւ շուրջ 200 կմ-ով կարճ։ Այս ճանապարհը ոչ միայն ապակենտրոնացման խնդիր է լուծում, այլ նաեւ սոցիալական։ Մինչդեռ, 57,5 կիլոմետրանոց այդ ճանապարհի մեծ մասն ընդհանրապես չի եղել եւ այսօր ստեղծվում է ժայռեր պայթեցնելու միջոցով։ Անհնար է թերագնահատել նաեւ Սեւան-Դիլիջան թունելի նույնպիսի նշանակությունը, որը փորելու նախագիծ եղել է դեռեւս ԽՍՀՄ տարիներից։ Ծաղկաձորի մարզաբազայի հյուրանոցը միակ կետն էր, որտեղ Արտաշես Թումանյանը նման արտահայտություն արեց, խիստ դժգոհեց («գործն առաջ չի գնում») եւ կապալառուին ու «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենին զգուշացրեց, որ եթե 10 օրվա ընթացքում նոր ուժեր չընդգրկեն ու տեմպերը չարագացնեն, կապալառուն ուղղակի կզրկվի իր աշխատանքը շարունակելու հնարավորությունից։ Պարոն Թումանյանի այս տոնը բխում է Լինսիի պայմանից՝ բոլոր ծրագրերը պետք է ավարտվեն մինչեւ հոկտեմբերի վերջը, այլ ծրագրերի ֆինանսավորում ստանալու համար։ Սա, օրինակ, ճանապարհաշինարարների համար 2 հերթափոխով, առանց հանգստյան օրերի աշխատանք է արժենում։ Այս ահռելի ծավալներից դատելով, ակնհայտորեն, առաջիկա դարում էլ մեր պետությունը այդքան փող չէր ունենա այս ճանապարհները կառուցելու համար։ Նույնիսկ հարցականի տակ է, թե արդյոք պետբյուջեն կարո՞ղ է դրանք սպասարկել (մաքրել ձյունը, «կարկատել») հետագա տարիներին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ