ՀԺԿ-Ն ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է Հունիսի 15-ին ՀԺԿ գրասենյակում կուսակցության ակտիվի, «Արդարություն» դաշինքի եւ լրագրողների մասնակցությամբ նշվեց Ժողովրդական կուսակցության ծննդյան հնգամյակը։ Ստեփան Դեմիրճյանը, շնորհավորելով ՀԺԿ- ականներին, նշեց, որ անցած դժվարին հինգ տարիներին կուսակցությունը չի դավաճանել իր սկզբունքներին, հավատարիմ է մնացել Կարեն Դեմիրճյանին եւ չի հեռացել արմատներից։ «Արդարություն» դաշինքը, ըստ ՀԺԿ նախագահի, պետք է գնա խորհրդարան, որովհետեւ ժողովուրդը վստահության քվե է տվել եւ սպասելիքներ ունի. «Դաշինքը պետք է գործով ապացուցի, որ ինքն է այս իշխանությունների իրական այլընտրանքը»։ Պրն Դեմիրճյանը նկատեց, որ անցած հինգ տարվա ընթացքում ՀԺԿ-ն չորս անգամ հաղթել է նախագահական ընտրություններում եւ երկու անգամ՝ խորհրդարանականում։ ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Զաքարյանն իր հերթին նկատեց (այս անգամ՝ կատակով), որ ԱԺ-ի մականունավորների շարքն ավելացավ եւս մեկով՝ ազգընտիր։ Նկատի ունենալով ընդդիմության հանրահավաքներում Ստեփան Դեմիրճյանի մեծարման բառակապակցությունը՝ ազգընտիր նախագահ։ ՀԺԿ Երեւանի Կենտրոնի տարածքային կազմակերպության քարտուղար Ռուբեն Կանդայանը նկատեց, որ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի խոսք չասվեց. «այս ֆարսը մեկ անգամ եւս ցույց տվեց, թե մենք ինչ երկրում ենք ապրում եւ ի՞նչ վիճակում ենք»։ Պրն Կանդայանը նկատեց, որ «Արդարություն» դաշինքը ժողովրդի ամենամեծ հույսն է. «ես խնդրում եմ բոլորից, որ կարողանանք ժողովրդի հույսերն իրականացնել»։ Խմելով «Արդարություն» դաշինքի եւ Ստեփան Դեմիրճյանի կենացը, Ռուբեն Կանդայանը կոչ արեց. «Դաշինքը թող չկրկնի «Միասնություն» դաշինքի ճակատագիրը»։ Սեփ. լր.