Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Հունիս 17,2003 00:00

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ Մայիսի 25-ի քվեարկությունից մի քանի օր առաջ Մաքսային կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե Գյումրիի շուկայում առգրավել են ավելի քան 2 հազար տուփ ոչ միայն ներկրված, «այլ նաեւ տեղական արտադրության չդրոշմավորված սիգարետ, որոնք հանդիսանում էին «Ինթերնեյշնըլ Մասիս տաբակ» ընկերության արտադրանքը»: Այնուհետեւ Աբովյանի տոնավաճառում այդ կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել էր նույն ընկերության եւս 90 հազար տուփ «Արարատ» եւ «Կոբրա» չդրոշմավորված սիգարետներ: Սկսվեց հետաքննություն: «Ինթերնեյշնըլ Մասիս տաբակ» ընկերության գործադիր տնօրեն, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե գուցե այս առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտները եւս իրենց ամանօրյա նվերների՞ց են, որոնք վաճառել են սոցիալապես անապահով մարդիկ: Հիշեցնենք, որ այսպիսի բացատրություն էր ներկայացրել «Գրանդ» խմբի ղեկավար Հրանտ Վարդանյանը՝ չդրոշմավորված ծխախոտների մեկ այլ խմբաքանակի հայտնաբերման առնչությամբ: Սակայն Միքայել Վարդանյանն այս առնչությամբ միայն ասաց. «Դատախազությունը զբաղվում է դրանով: Երբ որ նյութերը կլինեն՝ կհրապարակենք: Չեմ ցանկանում խոչընդոտել»: «Ինթերնեյշնըլ Մասիս տաբակ» ընկերությունը խախտում է մեկ այլ օրենք եւս. թեեւ ծխախոտի հեռուստատեսային գովազդն արգելված է՝ «Արարատ» սիգարետները շարունակում են անուղղակի գովազդվել մասնավորապես Հրանտ Վարդանյանի «Ար» հեռուստաընկերությամբ: «Արարատը» մերը չի»,- հրաժարվեց Միքայել Վարդանյանը: Իսկ «Ինթերնեյշնըլ Մասիս տաբակի» գովազդի առնչությամբ էլ ասաց. «Դա իմիջային գովազդ է, ինչպես անում է «Սիգարոնը»: Իմիջային գովազդն արգելված չէ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել