Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 17,2003 00:00

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երեւանի դպրոցների տնօրեններից մեկը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո թողնի իրենց՝ արժանանալով այլ մանկավարժների հավանությանը, թե «մեկ ուրիշ նախարար կգա՝ այլ ձեւով կսկսի ղեկավարել»: Սակայն Լեւոն Մկրտչյանը հանգստացրեց նրանց, որ եթե անգամ չլինի նախարար՝ մնում են իր ստորագրած փաստաթղթերը. «Ձեզ վստահեցնում եմ՝ ով էլ որ գա, ուզի թե չուզի, այդ ծրագրերով պիտի գնա»: Սակայն նախարար դարձավ ներկայացուցիչը մի կուսակցության, որը կտրուկ ընդդիմանում էր դպրոցների օպտիմալացման ծրագրին: Այժմ արդեն ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե վստա՞հ է, որ Սերգո Երիցյանը շարունակելու է իրագործել օպտիմալացման այդ ծրագիրը: «Սա ՍԱԿ-ի նախապայմաններից է, որը պետք է իրականացվի: 18 մլն դոլարի վարկային ծրագիր կա, որի մի մասը վերաբերում է դպրոցների եւ հանրակրթական համակարգի ընդհանուր օպտիմիզացիայի խնդրին,- պատասխանեց պրն Մկրտչյանը:- Եվ նոր նախարարն արդեն իսկ ասել է, թե պիտի իրականացնի այդ ծրագիրը»: Ճշտենք՝ Սերգո Երիցյանը հայտարարել է, որ թեեւ օպտիմալացումը հասարակության կողմից ոչ միշտ է, որ դրական է ընդունվում՝ «Պետք է դեռ ինձ համար եւս հստակեցնեմ, թե ինչ է նշանակում օպտիմալացում, ինչ բարդություններ կբերի իր հետ: Իհարկե, որպես քաղաքական գործիչ՝ իմ վերաբերմունքն ունեմ դրա նկատմամբ, սակայն ուրիշ բան է, երբ գնահատում ես որպես քաղաքական գործիչ, մի այլ բան՝ երբ գնահատում ես որպես նախարար»: Հիշեցնենք, որ նույն երկակի չափանիշներն «Օրինաց երկիրը» ցուցաբերեց նաեւ ավանդների վերադարձի խնդրում: Այժմ Արթուր Բաղդասարյանն ասում է, թե իրենց նախընտրական ծրագրում ներառել են բանկային ավանդների ապահովագրումը եւ «պետության հնարավորությունների շրջանակում՝ ավանդների վերադարձման գործընթացի նախաձեռնումը»: Հունիսի 19-ին կառավարության ծրագրում լինելու է այդ կետերից միայն մեկը՝ ապահովագրումը: «Հետագայում կանդրադառնանք այլ խնդիրների եւս»,- ավանդների մասին անորոշ խոստումներ է տալիս «ՕԵ» նախագահը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել