Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն սկսեց վարժվել

Հունիս 17,2003 00:00

ՆԱՏՕ-ն սկսեց վարժվել Երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջեւի քայլահրապարակում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի «լավագույն համատեղ ջանք-2003» պայմանական անվանումը կրող զորավարժություները, որոնք իրենց առջեւ պայմանական խնդիր ունեն՝ կանխել եւ չեզոքացնել զինված հակամարտության տեղային օջախը։ Բուն ռազմական վարժանքները կուղեկցվեն բնակչությանն արագ արձագանքման հումանիտար եւ բժշկական օգնություն ցույց տալու գործողություններով, որոնք, մասնավորաբար, կծավալվեն նաեւ Լոռվա եւ Սյունիքի մարզերում։ Այս զորավարժությունները, փաստորեն, նոր փուլ են նշանավորում Հայաստան-ՆԱՏՕ շուրջ տասնամյա հարաբերությունների պատմության մեջ եւ հատկանշվում են մի քանի աննախադեպ հանգամանքներով։ Նախ, դրանք առաջին անգամ են անցկացվում Հայաստանի տարածքում։ Առաջին անգամ այս կարգի միջոցառմանն իր մասնակցությունն է բերում նաեւ Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի անդամ եւ համագործակից երկրների նմանատիպ համատեղ վարժանքներին Ռուսաստանը չէր մասնակցել։ Վերջապես, առաջին անգամն է, որ Թուրքիայի հիմնը Հայաստանում պաշտոնապես հնչում է, այն էլ՝ հայ զինվորական երաժիշտների կատարմամբ։ Նշենք, որ Թուրքիան այս զորավարժություններին պաշտոնապես ներկայացված է երեք դիտորդ սպաներով։ «Համատեղ լավագույն ջանք»-ի մեկնարկից հետո, որի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարարը, ԱԺ խոսնակը եւ հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, տեղի ունեցավ կարճատեւ մամուլի ասուլիս։ «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները գերազանց հնարավորություն է տալիս ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետություններին, այդ թվում եւ՝ Հայաստանին, վարժվել միասին՝ ինչպես առանձին զորամասերի, այնպես էլ առանձին զինվորների մակարդակով»,- դրա ընթացքում հայտարարեց ՆԱՏՕ-ի հավաքական միացյալ հրամանատարության շտաբի պետ, գեներալ Ռաֆայել Բարբուդոն։ Վերջինս բարձր գնահատեց հյուրընկալ երկրի պատրաստակամությունն ու գործադրած ջանքերը՝ ՆԱՏՕ-ի համար խիստ կարեւոր այս միջոցառման կազմակերպմանը մասնակցություն բերելու համար, եւ հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ «Պարզ է, որ սա ամենամեծ նախընտրություններից է Ձեզ համար, եւ ՆԱՏՕ-ն շատ է դա գնահատում»,- հավելեց գեներալ Բարբուդոն։ Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց այն, ինչը վերջին տարիներին նա հաճախ է ընդգծում. «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչներից մեկն է»։ Այդուհանդերձ, փաստենք, որ ՆԱՏՕ-Հայաստան այս աննախադեպ մերձեցումը, ըստ էության, հնարավոր է դարձել հատկապես ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սերտացման համատեքստում։ ՆԱՏՕ-ի «Համատեղ ջանքին» մասնակցում են մոտ 400 զինծառայողներ։ Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հունիսի 27-ը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել