Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առընթերներին մաս-մաս կանդրադառնան

Հունիս 17,2003 00:00

Առընթերներին մաս-մաս կանդրադառնան Երկրի Գլխավոր օրենքում որեւէ տող չկա կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների մասին։ Ուրեմն կարելի է փաստել, որ կառավարության բոլոր 11 «առընթեր» մարմինները երկրի Գլխավոր օրենքից դուրս են։ Այնուամենայնիվ, քանի որ դրանք գոյություն ունեն եւ նրանցից յուրաքանչյուրը ծնվել է իրավիճակի համապատասխան փոփոխության հետեւանքով, քննենք, թե նոր կառավարության «առընթեր» մարմիններին ու նրանց ղեկավարներին ինչ ճակատագիր է սպառնում։ Ըստ էության, իրենց տեղերում կմնան եւ կշարունակեն նույն կարգավիճակով պաշտոնավարել Ազգային անվտանգության պետ Կառլոս Պետրոսյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Մանուկ Վարդանյանը, Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը։ Նոր ստեղծված «առընթեր» է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն, որի պետ է նշանակվել Իշխան Զաքարյանը։ Երերուն վիճակում են Արտակարգ իրավիճակների վարչության պետը (ըստ որոշ պնդումների՝ գլխավոր ոստիկանապետ Հայկ Հարությունյանին սպասվում է աշխատանքի փոփոխություն, եւ չի բացառվում, որ հենց նա կդառնա Արտակարգ իրավիճակների վարչության պետը)։ Իսկ գլխավոր ոստիկանապետի պաշտոնը թերեւս կտրվի այժմ Սյունիքի մարզպետ Էդ. Բարսեղյանին։ Թեպետ այս փոփոխության շուրջ լուրջ անհամաձայնություններ կան իշխանական վերին էշելոններում։ Ըստ երեւույթին, Սյունիքի մարզպետ կնշանակվի Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), եթե Էդ. Բարսեղյանին «արժանի» գործ գտնվի՝ ի պատասխան նրա կատարած ընտրական մեծ աշխատանքի։ Հարկային պետական ծառայության պետ Երվանդ Զախարյանը, հավանական է, կթողնի պետի իր պաշտոնը եւ կդառնա Երեւանի քաղաքապետ։ Սակայն այստեղ եւս ամեն ինչ հարթ չէ, քանի որ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է կենտրոնի համայնքապետը՝ Գագիկ Բեգլարյանը, եւ համապատասխան կառավարական շրջանակներն աջակցում են նրան այս հարցում։ Հնարավոր է՝ Հարկայինի պետ դառնա այսօր Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը։ Թեպետ վերջինիս՝ մաքսային պետի պաշտոնի վրա լուրջ աչք ունի Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանը։ Ենթադրելի է, որ լինի այլ՝ առայժմ անհայտ պահվող նշանակում։ Իր պաշտոնին հրաժեշտ կտա Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը, որը, ըստ որոշ պնդումների՝ հրաժեշտ կտա ընդհանրապես որեւէ պաշտոնի։ Այս պահին կառավարությունը (ավելի կոնկրետ՝ ֆինանսների նախարարը) զբաղված է իր տարեկան ծրագրի մշակմամբ, որը, եթե դեռ չեք մոռացել, կազմված է լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից, պլյուս՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի ծաղկաքաղը։ Իր առընթեր մարմիններին եւ նրանց պետերին կառավարությունը կանդրադառնա կամաց-կամաց, մաս-մաս։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել