Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱ»

Հունիս 17,2003 00:00

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՉԿԱ ԿՈԱԼԻՑԻԱ» Պնդում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Համամի՞տ եք եվրոպական դիտորդների գնահատականին, թե խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախագահի ընտրության համեմատ: – Կարծում եմ, որ դիտորդները շարունակում էին մնալ Հայաստանում կայացած նախագահի ընտրության ազդեցության ներքո: Նրանց համար առավել էական էր նորից անդրադառնալ նախկին ընտրությանը, այդ պատճառով էլ ԱԺ-ի այսքան վատ ընտրությունները համեմատության մեջ դիտեցին՝ մեկ անգամ եւս գնահատական տալով նախագահի ընտրությանը, հիշեցնելով միջազգային հանրությանը եւ մեզ, որ Հայաստանի Հանրապետությունը չունի՛ օրինական նախագահ եւ, որ հայ ժողովուրդը պետք է անպայման ամեն ինչ անի՝ շուտափույթ այդպիսի նախագահ ունենալու համար: – Ինչպիսի՞ խորհրդարան ունեցանք այս ընտրությունների հետեւանքով: – Ունեցանք այն խորհրդարանը, որը պիտի ունենայինք նման նախագահական ընտրություններից հետո: Ռոբերտ Քոչարյանը նախապես հայտարարեց, թե կուզենար, որ իրեն սատարող ուժերը լինեին ԱԺ-ում եւ, քանի որ ոչ քաղաքական ուժերն էին իրեն սատարել՝ իր ողջ ուժն ու իշխանությունը կենտրոնացրեց, որպեսզի ունենա հենց այս ապաքաղաքական խորհրդարանը: Քաղաքականությամբ զբաղվելուց բացի՝ Հայաստանի նախագահին եւ իշխանություններին ամեն ինչ սազում է՝ բիզնես, մաֆիա, կլաններ եւ այլն: Եվ ԱԺ-ում այսօր չկա որեւէ քաղաքական գործիչ: Այս խորհրդարանը քաղաքականություն չի հանդուրժելու, եւ պատահական չէ, որ քաղաքական գործիչները, որոնք մշտապես իրենց ընտրատեղամասերում ունեցել էին բավարար ձայներ՝ այժմ չկարողացան ձայն ստանալ: – Սակայն կոալիցիայի մասին հուշագիրը ստորագրվեց բացառապես քաղաքական ուժերի միջեւ, եւ խորհրդարանի վերջին նիստերն ապացույց դարձան, որ այդ քաղաքական ուժերն ԱԺ-ում կազմում են մեծամասնություն: – Դա կոալիցիայի հուշագիր չէր, այլ ընդամենը սովորական գործարք իշխանությունը ժողովրդից խլած ուժերի միջեւ: Հուշագիրը ստորագրածներից որեւէ մեկը քաղաքական ուժ չէ, եւ նրանց շարքերում չեմ տեսնում քաղաքական կենսագրություն ունեցող անհատների: ՀՀԿ-ում թեեւ կան մարդիկ, որոնք ունեն քաղաքական անցյալ, առնչվել են քաղաքականությանը, բայց այսօր նրանք անսահման հեռու են դրանից: Այդ 3-ից միակ իրոք քաղաքական ուժը ՀՅԴ-ն էր: Բայց թեեւ դաշնակցականներն ասում էին, թե չեն բավարարվելու թուլաբաժնով՝ բավարարվեցի՛ն, եւ իրենց ներկայությամբ այժմ փորձում են քաղաքական երանգ տալ այդ պայմանավորվածություններին, որոնցով ամրապնդվում են միայն որոշ անհատների անձնական շահերը եւ իշխանությունը: – Իշխող ուժի դիրքերը, որոնք ամրապնդված էին թվում ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ այս հուշագրով բավականին թուլացան: Ու թեեւ ՀՀԿ-ն կարողացել էր իր համար ապահովել հարաբերական մեծամասնություն՝ (Քոչարյանի ուղղորդման հետեւանքով նաեւ) այժմ պակասեցվեց հանրապետականների դերակատարությունը ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն համաձայնեց այս պայմաններին: – Հանրապետական կուսակցությունը նույնիսկ ոչ թե հարաբերական, այլ՝ եթե գումարենք նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին՝ ուներ բացարձակ մեծամասնություն: Եվ եթե այս ամենն իրոք ունենար քաղաքական գունազարդում, ապա այդ մեծամասնության պարագայում՝ որեւէ մեկը չէր կարող ՀՀԿ-ին ստիպել նահանջել իր դիրքերից: Սակայն քանի որ ապաքաղաքական գործողությունների արդյունքում էին նրանք այդ իրավիճակում, եւ հանգամանքների բերումով էին ձեռք բերել այդ մեծամասնությունը՝ այդ պատճառով էլ ցանկացած կարգադրություն բավական կլիներ, որ նրանք թեկուզ չցանկանալով՝ զիջեն իրենց դիրքերը: Չէ՞ որ մեծամասնություն ստացածները նույնպես գիտեին, որ դրանք իրենց իրական աշխատանքի արդյունքները չեն: Ուստի եւ՝ ջրի բերածը տվեցին ջրին: – Հետաքրքիր միասնություն է սա՝ նրանցից ոմանք մյուսներին համեմատում էին կուրտիզանուհիների հետ, որոնք փորձում են հաճելի լինել ե՛ւ ժողովրդին, ե՛ւ իշխանությանը, մյուսներն՝ առարկում, թե ինքներդ եք կուրտիզանուհի, քանի որ Ձեր ցուցակում 2-րդ պատվավոր տեղում մի պաշտոնյա է, որի հրաժարականն էիք պահանջում ոչ շատ վաղուց: – Մեկ ամիս առաջ էին, չէ՞, այդ փոխադարձ մեղադրանքները: Կարծում եմ՝ մեկ կամ մի քանի ամիս հետո եւս լինելու է նույնը: – Հոռետե՞ս եք կոալիցիայի ճակատագրի հանդեպ: – Ոչ, հոռետես չեմ: Ես ուղղակի գիտեմ, որ կոալիցիա իրականում գոյություն չունի: Եվ նրանք միշտ կարող են իրար անվանել իրենց անուններով: Կոալիցիա գոյություն չունի, քանի որ նրանք բոլորը քաղաքականությունից հեռու են այնքան, որքան «այո»-ն եւ «ոչ»-ը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել