Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԿՈՒԶԻ՝ ԿՆԱՅԻ, ԿՈՒԶԻ՝ ՉԻ ՆԱՅԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ

Հունիս 17,2003 00:00

ՍԴ-Ն ԿՈՒԶԻ՝ ԿՆԱՅԻ, ԿՈՒԶԻ՝ ՉԻ ՆԱՅԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ Երեկ Սահմանադրական դատարանը սենսացիոն որոշում կայացրեց՝ անվավեր ճանաչելով Շիրակի մարզի թիվ 50 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները: Այդ ընտրատարածքից 7057 ձայնով պատգամավորության թեկնածու էր ընտրվել Մխիթար Վայրագյանը, եւ ամենայն պատասխանատվությամբ լծվել էր խորհրդարանական գործընթացներին: Թիվ 50 ընտրատարածքից՝ նույն հայցադիմումով ՍԴ էին ներկայացել միաժամանակ երկու թեկնածուներ՝ Կարապետ Ներսիսյանն ու ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանը: Դիմող կողմն իր դիմում-բողոքում արձանագրել էր, որ այդ ընտրատարածքում ընտրություններն անցկացվել էին «Ընտրական օրենսգրքի» եւ ՍԴ մասին օրենքի կոպիտ խախտմամբ՝ անտեսելով հիշյալ օրենքների պահանջները: Դիմող կողմը ՍԴ ուշադրությանը ներկայացրեց մասնավորապես այն, որ ընտրատեղամասերի կողմից խախտվել է ամփոփիչ արձանագրությունների լրացման կարգը, չի հաշվարկվել եւ ամփոփվել անճշտությունների չափը, տեղ են գտել ուրիշի փոխարեն քվեարկելու, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ընտրատարածքում անվերահսկելի է եղել քվեաթերթիկների շարժը: Պատգամավորության թեկնածու Կ. Ներսիսյանը նաեւ հավելեց, որ ընտրատարածքային հանձնաժողովն անտեսել է իր դիմում-բողոքները, որոնք վերաբերում էին 15/45, 15/51, 15/64 տեղամասերի քվեարկության արդյունքներին, որի վերաբերյալ եղել է նաեւ Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանի որոշումը: Դիմող կողմը ՍԴ ներկայացրեց նաեւ 1-ին ատյանի դատարանի ստուգմամբ հայտնաբերված, 15/45 տեղամասից՝ թվով 504 չստորագրված եւ 15/51 տեղամասից՝ 151 չմարված քվեաթերթիկների, ինչպես նաեւ ընտրական փաստաթղթերում հայտնաբերված այլ անճշտություններ, որոնք էապես ազդել են ընտրությունների վերջնական արդյունքների վրա, եւ որոնց պատճառով հնարավոր չէ պարզել, թե ով է իրականում թիվ 50 ընտրատարածքի ընտրված պատգամավորը: Պարզելու համար դիմող կողմի պնդումները, թե հիշյալ տեղամասերում ընտրություններին մասնակցել են կեղծ անձնագրային տվյալներով քաղաքացիներ, ՍԴ-ն որոշեց հիշյալ փաստերը հաշվի առնելով՝ դիմել ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում թվով 31 դեպքեր, ինչպես փաստեց ՍԴ անդամ Հ. Նազարյանը, հաստատվել են: Բացի ոստիկանության միջամտությանը դիմելուց, ՍԴ-ն դիմել է նաեւ ԿԸՀ՝ պահանջելով թիվ 50 ընտրատարածքի 15/ 51 ընտրատեղամասի գործավարության մատյանը եւ ուսումնասիրման արդյունքում պարզել է, որ այնտեղ ՀՀ ԸՕ 60 հոդվածի եւ ԿԸՀ 2002թ. թիվ 104 «Ն» որոշման սահմանված կարգով քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ կազմված չեն: «ՀՀ ՍԴ գնահատմամբ, դա կասկածի տակ է դնում 15/51 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման օրինականությունը եւ հիմք է տալիս ոչ հավաստի ճանաչել տվյալ տեղամասում եւ ողջ ընտրատարածքում մարված քվեաթերթիկների պաշտոնապես ներկայացված թիվը»,- հայտարարեց ՍԴ դատավոր Հ. Նազարյանը: Ի դեպ, ՍԴ որոշման 3-րդ կետի համաձայն, հիշյալ ընտրատարածքի գործի քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների փաստերի վերաբերյալ ՍԴ-ն պետք է տեղեկացնի ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ օրենքով նախատեսված կարգով ընթացք տալու համար: ՍԴ-ն սակայն նման որոշում կայացնելուց հետո երեկ մերժեց մեկ այլ՝ թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ենոք Ավետիսյանի դիմում-բողոքը, որով նա նույնպես պահանջում էր անվավեր ճանաչել այդ ընտրատարածքի ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով, որ թե՛ նախընտրական փուլում, թե՛ ընտրությունների օրն այդ ընտրատարածքում արձանագրված միջադեպերը չեն վրիպել անգամ ԵԱՀԿ դիտորդների ուշադրությունից: Քննության առնված նախորդ գործից ոչնչով չտարբերվող այս գործի առնչությամբ, սակայն, ՍԴ-ն բոլորովին այլ դիրքորոշում էր որդեգրել: Ավելին, այս ընտրատարածքում հրկիզել էին Ե. Ավետիսյանի նախընտրական շտաբը, որին չէր միջամտել ոչ Սեւանի ոստիկանությունը, ոչ էլ հրշեջ ծառայությունը: Այս հանգամանքներն իրար համադրելով, Ե. Ավետիսյանի ներկայացուցիչը ՍԴ-ում հայտարարեց, որ դրանում ակնհայտ միտում կա: Ե. Ավետիսյանի ներկայացուցչի պնդումներին, թե թիվ 33 ընտրատարածքում տեղի ունեցած բոլոր ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններ կան ընտրատարածքային հանձնաժողովի գրանցամատյանում, որոնք ուսումնասիրելուց հետո ակնհայտ կդառնա, որ այդ ընտրատարածքի ընտրությունները պետք է անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ կազմակերպել, ՍԴ-ն այս անգամ արդեն մերժեց այդ միջնորդությունը՝ հայտարարելով, թե յուրաքանչյուր գործի քննության ընթացքում եթե բոլոր դիմումատուները նման պահանջ ներկայացնեն, ապա իրենք չեն հասցնի սահմանված ժամկետում ավարտել ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուների բողոքները: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել