Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ

Հունիս 14,2003 00:00

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄԸ Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված աշխատանքային քննարկում։ Դեռ այս տարվա մարտի 24-25-ին ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցագործությունների գրասենյակի ու Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կողմից անցկացված համատեղ միջոցառման ժամանակ կառավարությանն առաջարկվեց համընդգրկուն օրենսդրության ընդունում, որը միտված է փողերի լվացումը կանխարգելելուն։ Հետաքրքիր առաջարկներ հնչեցին նաեւ երեկ. ստեղծել փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարող ֆինանսական հետախուզության ստորաբաժանում, ներդնել «ոչ ֆինանսական հաստատություններում՝ խաղատներում, ապահովագրական ընկերություններում սպառողների անձի բացահայտման համակարգ»։ «Առավոտը» երկու հարցով դիմեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվին. – Օգոստոսի 1-ից շրջանառության մեջ է դրվելու ՀՀ քրեական օրենսգիրքը։ Պրն դեսպան, ծանո՞թ եք օրենսգրքի նախագծին եւ գտնո՞ւմ եք, որ քննարկվող պրոբլեմները վերջնականապես հանգուցալուծում կստանան։ – Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման արդյունավետությունը պայմանավորված է համատեղ իրավական քայլերով։ Պետք է հաշվի առնել միջազգային համագործակցությունը պատկան մարմինների հետ եւ ֆինանսական վերահսկողություն սահմանել։ – Կա՞ն, Ձեր տպավորությամբ, փողերի լվացման «մասնագիտացված ոլորտներ» Հայաստանում։ – Անշուշտ՝ կան, բայց ես ձեռնպահ եմ մնում որեւէ կոնկրետ ոլորտ նշելուց։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել