Կեղտաջրերից տուժածները Խարբերդ գյուղի Կաբելագործների 2-րդ փողոցի 4 տների բակերով բացօթյա հոսող կեղտաջրերի սկզբնաղբյուրն անհայտ է։ Իսկ երեւույթից տուժող բնակիչներն անգիր են արել իրավասու մարմինների հասցեները։ Թիվ 24 տան բնակիչ, 60-ամյա Անգին Մարտիրոսյանի խոսքերով, մոտ 2 շաբաթ է, ինչ անհայտ ծագման կեղտաջրերը լճացել են իր եւ հարեւանների բակերում՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ. «Հատկապես ամառվա տապից ուժեղացած կեղտաջրերի հոտը շրջապատում բնակվողների համար պարզապես անտանելի է։ Էլ չեմ ասում, որ անչափահաս երեխաներն ամեն վայրկյան անմիջական շփման մեջ են կողքներով հոսող «առվակի» հետ»։ Վարակից զերծ պահելու համար, Ա. Մարտիրոսյանն իր երկու անչափահաս թոռներին տեղափոխել է հարազատների մոտ, մինչեւ հարցը լուծվի։ Որ վիճակը լուրջ է, տեղում ուսումնասիրություն կատարելուց ու խնդիրն արձանագրելուց հետո վկայել են նաեւ Շենգավիթ համայնքի թաղապետարանի աշխատակիցները։ Թեեւ թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Արբակ Աբրահամյանի խոսքերով՝ այս դեպքում խնդիրն իրենց չի առնչվում եւ բնակիչները պետք է դիմեն Այգեգործների հանրապետական միություն կամ Ջրային տնտեսության պետական կոմիտե։ Ա. Մարտիրոսյանը պատմում է, որ տեղանքը կեղտաջրերից ազատելու համար թաղապետարանից ջուր քաշող մեքենա են տրամադրել, սակայն՝ անօգուտ. «Գիշեր-ցերեկ գետնի տակից բխող ջուրը չի կտրվում եւ նույն վիճակն է ստեղծվում»։ Բնակիչների խոսքերով, ճահճացած կեղտաջրերի հոտն արդեն առել են միջատները, որոնց խայթոցները շրջապատի մարդկանց համար (եւ ոչ միայն) հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։ Չինովնիկների անճարակությունից հոգնած բնակիչներն այս անգամ իրենք են փորձել փոս փորելով վարակի աղբյուրն ինչ-որ չափով հեռացնել տնից, սակայն ֆինանսական պատճառներով ընդհատել են։ Օրերս «Առավոտի» միջոցով խնդրին տեղեկացան նաեւ Այգեգործների հանրապետական միությունում։ Վերջինիս նախագահ Ա. Մինասյանից տեղեկացանք, որ երեկ իրենց աշխատակցի նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «այդ հատվածում անձրեւաջրերի եւ ստորգետնյա ջրերի կուտակումներ կան, որոնք խառնվում են մոտակա զուգարանների կեղտաջրերին եւ մի տեղից դուրս գալիս»։ Ըստ միության նախագահի՝ համապատասխան միջոցներ կձեռնարկեն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ