Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Հունիս 14,2003 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԶԼՄ-ները նախապես տեղյակ էին, որ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը առանձնանում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ու դառնում առանձին կառույց։ Երեկ ՀՀ վարչապետը սպորտպետկոմում աշխատակազմին ներկայացրեց Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նորակազմ պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր վերոնշյալ նախարարության սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը։ – Մենք մեր նախորդ հանդիպումների ժամանակ խոսք էինք տալիս, որ որոշ ժամանակ անց առանձնակի ուշադրություն ենք դարձնելու ֆիզիկական կուլտուրային,-ասաց Անդրանիկ Մարգարյանը։-Եվ հիմա մենք մեր խոստումը կատարում ենք առայժմ մի մասով։ Նախարարության կազմից առանձնացվել ու վերաստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեն։ Դա սպորտի, դրա կատարելիք դերի նկատմամբ կառավարության վերաբերմունքի վկայությունն է հատկապես ֆիզիկական կուլտուրայի ոլորտում ունեցած բարի ավանդույթները կրկին զարգացնելու նկատմամբ։ Վարչապետը խոսեց շատ հակիրճ, բայց ըստ էության. «Քանի որ մենք գոհ ենք փոխնախարարի՝ մինչ այսօր կատարած աշխատանքից, որը նախկին նախարարությունում ղեկավարում էր այս ոլորտը, ուստի վարչապետի եւ կառավարության որոշումով պետական կոմիտեի նախագահ է նշանակվել պարոն Իշխան Զաքարյանը։ Ես շնորհավորում եմ նրան»։ Վարչապետը շատ հակիրճ անդրադարձավ նաեւ նորաստեղծ կառույցի առջեւ դրվող խնդիրներին. «Իհարկե, պետական այս նոր մարմնի առջեւ դրվող խնդիրներն ու ակնկալիքներն էլ են փոխվում,-ասաց Ա. Մարգարյանը։-Մեծանում է պատասխանատվությունը։ Ես հույս ունեմ, որ նորաստեղծ կոմիտեն, ինչպես որոշել ենք, մեկ ամսում կներկայացնի այն բոլոր անհրաժեշտ հարցերն ու հիմնախնդիրները, որոնք պետք է նպաստեն առկա խնդիրները լուծելուն։ Դրանց մեջ կարեւոր է ֆինանսական մասը։ Այս տարի պետք է բավարարվենք բյուջեով արդեն իսկ նախատեսված գումարներով, իսկ 2004 թ. բյուջեի քննարկման ժամանակ հաշվի կառնենք նաեւ նոր իրողությունները, որ կոմիտեն կդնի իր առջեւ։ Իմ կարծիքով, կարեւոր քայլ ենք կատարել։ Մնում է, որ դա լինի շարունակական։ Փորձենք սպասել արդյունքներին»։ «Շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն իմ, այլեւ ողջ բնագավառի անունից հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքից,- պատասխան խոսքում ասաց Իշխան Զաքարյանը։- Ինչ աշխատում եմ որպես այս ոլորտի ղեկավար ու պատասխանատու, համոզվել եմ, որ մարզաշխարհը երազում էր, որպեսզի ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը դառնային առանձին, ինքնուրույն կառույց։ Դա ինքնանպատակ չի եղել, այլ կյանքի թելադրանքն էր։ Օգտվելով առիթից, ուզում եմ իմ եւ գործընկերներիս անունից շնորհակալություն հայտնել Ռոլանդ Շառոյանին, որի հետ միասնաբար աշխատել ենք։ Նա, որ ղեկավարում էր միանգամից մի քանի ոլորտ, շատ ջերմ վերաբերմունք է ունեցել սպորտի հանդեպ։ Մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում սպորտի ոլորտը որեւէ խնդիր չի ունեցել։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, այն իրոք մեծանում է, գործունեության շրջանակներն ընդլայնվում են։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց տեղյակ է կառավարությունը, եւ որոնք բոլորս միասին ուզում ենք լուծել։ Մոտ ժամանակներս ծրագրերի ձեւով կկարգավորենք եղած խնդիրները եւ կաշխատենք դրանք քայլ առ քայլ իրականացնել»։ Մարզաշխարհի անունից ելույթ ունեցավ օլիմպիական եռակի չեմպիոն, 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը։ Որպես հայկական սպորտի ակունքներում կանգնած մարդ, «օղակների արքան» հիշեցրեց, որ ժամանակին ֆիզկուլտուրան եւ սպորտը գործել են որպես առանձին կառույց ու հենց այդ ժամանակ են արձանագրվել հայկական սպորտի նվաճումները։ Այնպես որ, հիմա ճիշտ քայլ է արվել։ Օգտվելով առիթից, Ալբերտ Ազարյանն Անդրանիկ Մարգարյանին նվիրեց մարզահագուստի հավաքածու։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել