Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանեկան տեսաերիզն էլ չփրկեց

Հունիս 14,2003 00:00

Հարսանեկան տեսաերիզն էլ չփրկեց Արեգնազ Մովսիսյանն արդեն հինգ տարի փորձում է ապացուցել, որ ինքը հանգուցյալի կինն էր, ոչ թե աղախինը: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժում է ընդունել նրա հայցադիմումները: Ա. Մովսիսյանը 1996-ին ամուսնացել է Ալբերտ Մելքոնյանի հետ եւ բնակություն հաստատել Եղվարդ քաղաքում գտնվող նրա առանձնատանը: Ամուսնությունը Ա. Մելքոնյանի հետ թեեւ չի օրինականացվել, սակայն նշանավորվել է հարսանեկան արարողությամբ: Ամիսներ հետո Ալբերտ Մելքոնյանը մեկնել է ՌԴ Նովի-Ուրենգոյ քաղաք՝ իր մշտական բնակության վայրը: Արեգնազ Մովսիսյանը բնակվել է Մելքոնյանի տանը, եւ վերջինիս Նովի-Ուրենգոյ մեկնելուց հետո Մելքոնյանից ստացել է նյութական օգնություն։ Երեք տարի հետո Ալբերտ Մելքոնյանը հանկարծամահ է եղել, Արեգնազ Մովսիսյանի հարազատների օգնությամբ նրա դին տեղափոխել են Եղվարդ ու հուղարկավորել: Այնուհետեւ ժառանգությանը տիրանալու համար Ալբերտ Մելքոնյանի հարազատների ու Արեգնազ Մովսիսյանի միջեւ սկսվել են դատական վեճեր: 2000թ. սեպտեմբերի 4-ի որոշմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Յ. Բաղդասարյանը մերժել էր ընդունել քաղաքացի Արեգնազ Մովսիսյանի հայցադիմումը՝ հանգուցյալ Ալբերտ Մելքոնյանի ընտանիքի անդամ, ինչպես նաեւ Եղվարդի Սպանդարյան փողոց թիվ 13 տան նկատմամբ իր բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու մասին: Դատարանը գտել էր, որ հայցադիմումը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ: Որոշումը բողոքարկվել է նշված դատարանի նախագահ Տ.Սահակյանին, որը քննելով դատավոր Յ. Բաղդասարյանի որոշումը՝ վերանայելու մասին քաղաքացու դիմումը, հայցադիմումը մերժելու համար վկայակոչել է այլ հիմքեր: Իրավաբանները վերլուծելով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի հայցադիմումը մերժելու մասին դատավորի ու դատարանի նախագահի որոշումները, դրանք միանշանակ ապօրինի են համարում: Փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատարանը մերժելով Ա. Մովսիսյանի հայցի ընդունումը, խախտել է վերջինիս ՀՀ Սահմանադրության 39 եւ ՀՀ քաղդատօրի 2-րդ հոդվածներով երաշխավորված՝ խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը: Հարկ է նշել, որ հայցվորն իր պահանջը հիմնավորող ապացույցներ ունի դատարանին ներկայացնելու, անկախ նրանից՝ դատարանը նրա ներկայացրած փաստարկները բավարար կհամարե՞ր պահանջը բավարարելու համար, թե՝ ոչ: Ա. Մովսիսյանի հայցապահանջը հիմնավորող մի շարք փաստարկներ հետազոտվել են այլ դատական գործերով: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Գալստյանի նախագահությամբ, ընդունել է, որ «1996թ. սեպտեմբերի 1-ին Ալբերտ Մելքոնյանի տանը տեղի է ունեցել նրանց ամուսնության արարողությունը, սակայն ամուսնությունը զագսի մարմիններում չի գրանցվել»: Ավելի ուշ հարուցված մի քրեական գործով հարսանյաց արարողության տեսաերիզը իրեղեն ապացույց է ճանաչվել: Նույն քրեական գործի քննության ժամանակ հարեւանները ցուցմունք են տվել, այնուհետեւ նաեւ նոտարով հաստատված հայտարարություններով հավաստել են, որ Ա. Մովսիսյանը «փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա. Մելքոնյանի հետ»: Ի տարբերություն վերջինիս հարազատների այն պնդումների, որ տիկին Մովսիսյանը վարձվել է իբրեւ աղախին կամ պահակ՝ տան խնամքն իրականացնելու համար: ՍՈՆԱ ՄԱՇՈՒՐՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ WWW. hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել