Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԵՎՆԵՐԸ ԾՐԱԳԻՐ ԳՐԵԼ ՉԳԻՏԵՆ

Հունիս 14,2003 00:00

ՎԵՐԵՎՆԵՐԸ ԾՐԱԳԻՐ ԳՐԵԼ ՉԳԻՏԵՆ Իսկ ներքեւները մոռացել են կարդալը Անցած խորհրդարանական ընտրություններին 21 կուսակցություն եւ դաշինքներն էլ հանդես եկան զանազան ծրագրերով: Միաժամանակ վերջիններս հրապարակավ հայտարարում էին, որ այս ընտրություններն ամենագաղափարազուրկն են /ծրագրազուրկը՝ թերեւս/: Մասամբ նրանք ճիշտ էին, մասամբ՝ քանզի ծրագրեր իրոք կային /բուկլետների տեսքով/, սխալ էին, որովհետեւ ծրագրի էությունը ոչ թե վերջինիս էքզիստենցիան է, այլ որակը: Նախ ընտրություններից առաջ օբյեկտիվ պայմաններ չկային շեշտադրումը ծրագրերի վրա դնելու համար, քանզի /դժվար չէր կռահել/ ընտրությունների արդյունքը չէր պայմանավորվելու ծրագրային մրցակցությամբ: Ընդամենը պետք էր կարգավորել հարաբերությունները իշխանությունների հետ եւ հնարավորինս մարդիկ գնել ՏԸՀ-ներում: Մյուս կողմից, կուսակցությունները չունեին /եւ չունեն/ ներքին ռեսուրսներ գիտականորեն հիմնավորված պետության զարգացման մոդելների ծրագրավորման համար: Ո՞վ պետք է գրեր Ստեփան Դեմիրճյանի ծրագիրը՝ Արամայիս Բարսեղյա՞նը, իսկ «Օրինաց երկրինը»՝ գուցե Սերգեյ Երիցյա՞նը: Որեւէ մեկը հարցրե՞լ է՝ Հայաստանում դոմինանտ կուսակցություններն ունե՞ն գիտնականներից՝ քաղաքագետներից, տնտեսագետներից, իրավաբաններից, հասարակագետներից կազմված վերլուծական խմբեր: Եթե ունեն՝ ինչո՞ւ դրանք հայտնի չեն եւ այդ խմբերի մեջ չկա բանավեճ /գոնե հրապարակված 1 հոդված/: Հետեւաբար, որտե՞ղ են գրվում կուսակցական ծրագրերը: Խոհանոցում՝ այսպես է եզրակացրել տնտեսագետ Է. Աղաջանովը՝ վերլուծելով 5 /ՀՀԿ, Արդարություն, ՕԵ, ՀՅԴ, ԱՄ/ կուսակցությունների ծրագրերի տնտեսական բլոկը: Ենթադրենք, պարոն Աղաջանովը հաճախ է լինում «Արմատում», բայց ինչպե՞ս անվանել այն ծրագրերը, որտեղ երբեմն բացակայում է վերջնական արդյունքը, հաճախ՝ ռիսկայնությունը, գրեթե՝ իրացման մեխանիզմները, իսպառ՝ համաշխարհային զարգացման տենդենցները: Երբ Վլ. Պուտինն ընտրվեց ՌԴ նախագահ, վերջինիս սեղանին դրվեցին պետության զարգացման մոդելների 5 լայնածավալ, ընդգրկուն ծրագրեր /այդ թվում արմատական ընդդիմության՝ Կոմկուսի եւ չափավոր ընդդիմադիր՝ աջ ուժերի դաշինքի կողմից/, մոդելները պայմանականորեն եվրոպական, եվրասիական, ասիական, ծավալապաշտական, «սեփական առանձնահատուկ» ուղու բնույթի էին: Այսօր էլ ՌԴ-ում ակտուալ են տարբեր քաղաքական ուժերի, հրապարակախոսների, գիտնականների եւ գիտական խմբերի միջեւ բազմաշերտ բանավեճերը: Էական է, որ այս խնդիրները Ռուսաստանում բարձրացված են մինչեւ փիլիսոփայական պոլեմիկայի մակարդակի եւ ի տարբերություն մեր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անհասկանալի եւ ամուլ լոզունգ-գաղափարի, լուրջ հող են տեսական մտքի զարգացման համար: Ուշադիր կարդալով հայրենական կուսակցությունների ծրագրերը՝ պարզվում է, որ, օրինակ, արտաքին քաղաքական բնագավառում Դաշնակցության, նախագահ Ռ. Քոչարյանի եւ «Արդարություն» դաշինքի թեզերը ամենամոտն են, իսկ ահա «Հանրապետականի» պլանները նույն ոլորտում լուրջ հակասությունների մեջ են Ռ. Քոչարյանի պատկերացումների հետ: ՀՀԿ փոխնախագահ Տ. Թորոսյանն անցած շաբաթ անընդհատ կրկնում էր, որ ԱԺ ընտրություններից հետո աթոռների բաժանման տրամաբանությունը պետք է կառուցվի ոչ թե ինտրիգների, այլ ծրագրային սկզբունքների վրա: Հասկանալի պատճառներով պրն Թորոսյանը լռեց այն մասին, որ ԱԺ անցած հինգ մեծ կուսակցությունները լուրջ ծրագրեր չունեն, հետեւաբար քաղաքական սկզբունքներ՝ եւս, այլապես «Արդարությունը» կսատարեր Ռ. Քոչարյանին, «Հանրապետականը» կպահանջեր Վ. Օսկանյանի հրաժարականը, թիվ 1 հակաճգնաժամայինը կընդունվեր Արեւելագիտության ֆակուլտետ, որպեսզի հասկանար, որ ազգային գաղափարախոսությունը /եթե այդպիսին կա/ չի կարող հակակշիռ լինել պանթուրքիզմին /այդպիսի թեզեր կան հակաճգնաժամային ծրագրի մեջ/, ՀՀՇ-ն չէր ղեկավարի նրա «թաղապետարանի ամենալիբերալ» թեւը, իսկ «Օրինաց երկիրը» ընդհանրապես չէր լինի: Կուսակցությունները դեռ ոչինչ, ողջ դժվարությունն այն է, որ կառավարության տարեկան ծրագիրը սեփական գործունեության վերաբերյալ /ըստ էության, պետության զարգացման/ իր որակով շատ չի տարբերվում կուսակցությունների ծրագրերից: Հետաքրքիր է, անկախության տարիներից ի վեր երբեւէ հրապարակավ քննարկվե՞լ է կառավարության տարեկան ծրագիրը /կա՞ առավել երկարաժամկետը/, հայտնի՞ են փորձագիտական խմբերը, որ աշխատել են այդ ծրագրի վրա: Ցանկացած նորմալ երկրում, անկախ նրանից, թե որտեղ են գրվում կառավարման տարեկան ծրագրերը, գերագույն իշխանությունների կողմից նախօրոք տրվում է զարգացման ընդհանուր փիլիսոփայությունը, ընդ որում՝ այդ փիլիսոփայությունը բխում է ԱԺ-ում հաղթանակած եւ կառավարություն ձեւավորող կուսակցության ծրագրային թեզերից: P.S. Դատելով ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի գաղափարախոսությունից՝ շուտով ունենալու ենք տարոնական-ցեղակրոնական պետության զարգացման մոդել՝ համեմված Հայ Դատի եւ ավանդները ետ վերադարձնելու սոուսով: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել