Կապ կա, որակ չկա Տրանսպորտի եւ կապի նախարարը հերթական անգամ խոստացավ բարելավել կապը «Մենք դեռ կոմունիստների ժամանակ ունեցել ենք այնպիսի բնակավայրեր, որտեղ ո՛չ հայկական հեռուստատեսությունն էր տեղ հասնում, ոչ էլ՝ ռադիոն,- վերհիշեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը,- իսկ այսօր այդ խնդիրը լուծված է, մնում է որակի հարցը»։ Եթե անգամ խնդիրը լուծված է, ապա միայն՝ հեռուստատեսային հեռարձակման համար, քանի որ Հանրային ռադիոն մնացել է պապենական թվերի լարային կապով եւ սփռվում է Երեւանում ու շրջակա գյուղերում։ Հատկացված 196 մլն դրամից միայն 31 միլիոնն է նախատեսված ռադիոկապին, որովհետեւ «ռադիոն ունի ընդամենը 98 հազար բաժանորդ»։ Այդ գումարն էլ ուղղվելու է եթերային կապի տեղադրման համար ուսումնասիրություններին։ Ընդհանուր առմամբ, որպեսզի հանրային ռադիոն սփռվի ողջ հանրապետությունով, անհրաժեշտ է 133 մլն դրամ։ Ա. Մանուկյանն անդրադարձավ նաեւ «Թելեպլաս» ընկերության շուրջ ծագած աղմուկին։ «Մենք արդեն «ԱրմենՏելի» հետ համաձայնության էինք եկել, որ «Թելեպլասի» ծառայությունից չիմացությամբ օգտված եւ խոշոր գումարներ պարտք ունեցող քաղաքացիներին զիջեինք պարտքը, բայց ինչ-ինչ կազմակերպություններ իրենց հաղորդումներով խանգարեցին, եւ գուցե հիմա «ԱրմենՏելն» էլ չհամաձայնի հարցին նման լուծում տալ»,- պարզաբանեց նախարարը։ Հետաքրքիր էր, որ բանակցություններին չի մասնակցել պարտքերի տեր ընկերությունը եւ «ԱրմենՏելն» անձամբ է տնօրինում իր հետ ընդամենը համագործակցության պայմանագիր ունեցող ՍՊԸ-ի ճակատագիրը։ Հետաքրքիր է նաեւ, որ մինչ օրս անհայտ է մնացել «Թելեպլաս» ծառայության սեփականատիրոջ ով լինելը։ Ասում են միայն, որ նա ազգությամբ հույն է, անունն էլ՝ Կոստաս։ Ի դեպ, կապի եւ տրանսպորտի նախարարը նույնպես չգիտեր, թե ով է նա։ Չի բացառվում, որ հենց «ԱրմենՏելի» գլխավորներից մեկն էլ լինի «Թելեպլասի» սեփականատերը։ Քանի որ խոսք գնաց «ԱրմենՏելից», Ա. Մանուկյանը նորից խոստացավ, որ «մինչեւ սեպտեմբեր երեւանցիները բջջային հեռախոսակապի որակի հետ կապված պրոբլեմ չեն ունենա, իսկ մինչեւ տարեվերջ բջջային կապը կծածկի ողջ հանրապետությունը»։ Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչու լռեցին «ԱրմեՏելին» մենաշնորհից զրկելու «կառավարական մակարդակներով» խոսակցությունները։ Նախարարի մեկնաբանմամբ, «Հայաստանի իշխանությունների միակ խնդիրն այն է, որ ապահովեն հեռահաղորդակցության որակյալ ծառայություն, եթե «ԱրմենՏելը» չկարողանա ապահովել ժամանակակից որակյալ կապուղի, մենք ստիպված կլինենք գնալ մենաշնորհից զրկելու քայլին»։ Հետո զգուշացրեց՝ «դա այդքան էլ հեշտ գործ չէ, այստեղ կան իրավական լուրջ խնդիրներ, դրա համար ուզում ենք այնպես անել, որ «ԱրմենՏելն» ուղղակի կատարի իր ստանձնած պարտավորությունները»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ