Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» ՉԾԼԵՑ

Հունիս 14,2003 00:00

«ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» ՉԾԼԵՑ Ըստ որոշ լուրերի, անվճար բաժանվելիք կարտոֆիլի տնկանյութը գյուղացիներին են ծախել կիլոգրամը 450 դրամով 2002-03թթ. ցրտահարության հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանության Գյուղդեպարտամենտի նախաձեռնությամբ 100 հազար դոլար է տրամադրվել՝ ցրտահարությունից տուժած տնտեսություններին կարտոֆիլի տնկանյութով օգնելու համար։ Նախաձեռնողների ցանկությամբ, 50 հազար դոլարի օգնությունը տրամադրվել է Լոռու մարզին, մնացած 50 հազարը բաշխվել է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի միջեւ։ Մեր ունեցած տեղեկություններով, տնկանյութը պետք է գյուղացիներին բաժանվեր անվճար, իբրեւ օգնություն, մինչդեռ այն վաճառվել է կիլոգրամը 450 դրամով։ Այս պատմության ամենազավեշտալի հատվածն այն է, որ տնկանյութը մասամբ է ծառայել իր կոչմանը՝ մասամբ է ծլել։ Սույն տեղեկությունը տեղ-տեղ հերքեց եւ տեղ-տեղ էլ հաստատեց ՀՀ գյուղնախարարության գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը։ Համաձայն հերքման, տնկանյութը ոչ թե պետք է նվիրաբերվեր, այլ վաճառվեր գյուղացիներին 100 դրամով։ Իբրեւ հավելյալ տեղեկություն, պարոն Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ ձեռք է բերվել 227 տոննա տնկանյութ՝ կիլոգրամը 230 դրամով։ Այն գնվել է մասնավոր ֆերմերային տնտեսություններից։ Իսկ մատակարարների, տնկանյութի ընտրության, որակի նկատմամբ հսկողության հետ կապված հարցերով զբաղվել են Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչները։ Պնդելով, որ այս ծրագրի հետ կապված նախարարությունը որեւէ բողոք չի ստացել, Գ. Պետրոսյանը նաեւ հավաստիացրեց, որ տրանսպորտային ծախսերն առավելագույնը 20 դրամ կարող էին կազմել։ Այսինքն, սույն սերմացուի 450 դրամով վաճառելը, նույնիսկ նախարարության ներկայացուցիչը անհեթեթ համարեց։ Ապա, փորձելով որոշակի հիմնավորումներ անել, պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ տարբեր սուբյեկտների կողմից, տարբեր երկրներից հանրապետություն է ներկրվել ավելի քան 2800 տոննա կարտոֆիլի տնկանյութ՝ «գուցե այլ տնկանյութի է դա վերաբերում»,- եզրակացրեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է տնկանյութի մասամբ ծլողունակության փաստին՝ պատասխանելով «ինչո՞ւ անորակ սերմացու գնվեց» հարցին, ՀՀ գյուղնախարարության ներկայացուցիչն անմիջապես հակադարձեց. «Անորակ չի կարող լինել»։ Ապա պարզաբանեց «հանրապետությունում նկատվող» մի երեւույթ, որը վերաբերում է հոլանդական տեսակի «Մոնա Լիզա» տնկատեսակին։ Ի դեպ, հենց այդ տնկատեսակի է եղել նաեւ գնված կարտոֆիլը։ Ըստ այդմ՝ «ցանքատարածությունները նոսր են, ծլողունակությունը մի քիչ ցածր է»։ «Մի քիչ» ասվածի տակ պարոն Պետրոսյանը նկատեց՝ «25-40% ցածր է լիարժեքությունը»։ Իսկ թե ինչու հատկապես այդ տնկատեսակը ընտրվեց՝ «վերջին 20-25 տարիների ընթացքում այդ սերմացուն անցյալ տարի է ներկրվել Հայաստան եւ բավականին լավ բերք է ստացվել»,- պատասխանեց Գ. Պետրոսյանը։ Իսկ ցանքերի նոսրության երեւույթներ՝ «ոչ ոք չէր կարող կանխատեսել»։ Չնայած գնահատականներ տալը պաշտոնյան դեռ վաղ համարեց, որովհետեւ «ջերմաստիճանը ցածր է եւ, բնականաբար, սերմը դեռ ակտիվ կենսունակություն չի դրսեւորել»։ Ապա խորհուրդ տվեց վերջնական գնահատականը թողնել բերքահավաքին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել