Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց Թռչունիչին

Հունիս 14,2003 00:00

ՍԴ-ն մերժեց Թռչունիչին Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները կարող են համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքում անդամագրվելու լուրջ հայտ ներկայացնել՝ ամեն օր մերժելով մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրված ու ընտրախախտումների հետեւանքով պատգամավոր չընտրվածներին: Երեկ հերթը նախորդ ԱԺ գումարման ՀԿԿ պատգամավոր Խորեն Թռչունիչի դիմում-բողոքինն էր, որով նա վիճարկում էր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեությունը, որի թերացումները, ըստ նրա, կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դատական նիստում պատասխանող կողմին՝ ընտրահանձնաժողովի նախագահ Սեւակ Խլղաթյանին, ասաց, որ Խ. Սարգսյանը՝ ՍԴ դիմելով, իրեն տեղեկացրել է, որ ինքը չէր դիմի ՍԴ, եթե թիվ 31 ընտրատարածքի նախագահի կողմից արհամարհական վերաբերմունքի չարժանանար: «Այդ մարդը, որն այդքան սիրված է՝ վրդովված, վիրավորված էր, մի՞թե չէիք կարողանում այնպես անել, որ մարդիկ ոչ թե զզվեն իրենց պետությունից, այլ…»,- պատասխանող կողմին հռետորական հարց ուղղեց Գ. Հարությունյանը: Սակայն Ս. Խլղաթյանը հերքեց իր կողմից նման վերաբերմունքի առկայությունը՝ ասելով, թե ինքն ընդունել է Խ. Սարգսյանի վստահված անձանց կողմից ներկայացված բոլոր դիմում-բողոքները, մինչդեռ Թռչունիչի նախընտրական շտաբի ղեկավարը հակառակն էր պնդում: Ընտրահանձնաժողովի նախագահ Ս. Խլղաթյանը չհերքեց, որ թիվ 08/58 ընտրատեղամասում քվեաթերթիկների համար նախատեսված չհրկիզվող պահարանը եղել է ոչ թե ընտրախցիկների մոտ, այլ կողքի սենյակում, ինչն, ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ օրենքի կոպիտ խախտում է: Բացի այդ, նա նաեւ տեղեկացրեց, թե իր գլխավորած ընտրատարածքի ոչ բոլոր ընտրատեղամասերում են եղել չհրկիզվող պահարաններ, քանի որ Գեղարքունիքում այդքան չհրկիզվող պահարաններ չկան: Իսկ ինչ վերաբերում է 08/58 տեղամասի պահարանին, ապա Խլղաթյանն ասաց. «1 տոննանոց, հին սեյֆ է, ծանր էր, չէինք կարող տեղափոխել, դրա համար էլ մնաց տնօրենի սենյակում»: Խ. Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ նկատեց. «5-6 տղամարդ չկա՞ր, տեղափոխեր»: Այս առնչությամբ պատասխանող կողմն ասաց. «Էդքան շատ էիք ուզում, դուք գայիք՝ տեղափոխեիք»: Այս ընտրատարածքի տեղամասերում, ըստ դիմումատուների, օրենքի պահանջին՝ ընտրացուցակների ընտրողների թվի եւ 5 տոկոս քվեաթերթիկների անհամապատասխանությունը եղել է 19 ընտրատեղամասերում, այնինչ այդ ընտրատարածքում կա 21 տեղամաս: 08/46, 08/47, 08/57, 08/71 ընտրատեղամասերի քվեատուփերի մեջ ավելի շատ քվեաթերթիկներ են եղել, քան գրանցամատյաններում ընտրողների մասնակցությունը: 08/67 տեղամասում քվեաթերթիկները կնքվել են նախապես օգտագործված կնիքով: Չնայած այս հանգամանքներին, դիմող կողմը որեւէ կոնկրետ փաստ, արձանագրություն չկարողացավ մատնանշել՝ պատճառաբանությամբ, թե ընտրահանձնաժողովի նախագահը տարբեր ձեւակերպումներով հրաժարվել է ընդունել դրանք: Իսկ դա արդեն ՍԴ համար ցանկալի թերացում էր, որով նա հանգիստ որոշում կայացրեց մերժել Խ. Սարգսյանի դիմում-բողոքը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել