Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ-Ն ՎԵՐԱԾԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԴԱԿԻՉԻ

Հունիս 14,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ-Ն ՎԵՐԱԾԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԴԱԿԻՉԻ Իսկ ինչո՞ւ պիտի խորհրդարանի ղեկավարության ընտրությունները բացառություն լինեն մնացած ընտրություններից, որոնք, փաստորեն, վերածվել են նշանակումների: «Օրինաց երկրի» առաջադրյալ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ստացած համեմատաբար սակավ ձայները, քվեարկությունից շատերի փախչելը հստակ նախանշաններ են, որ կոալիցիա դառնալուց հետո էլ քարոզարշավում իրար քննադատող կուսակցությունների միջեւ պահպանվում է թաքուն լարվածություն: Հունիսի 12-ին «Օրինաց երկրի» փոխնախագահ Գագիկ Մխեյանի խնդրահարույց ընտրությունն առաջին ճաքը դարձավ, որ մի կերպ կարողացան փակել: Սակայն այն, որ առաջին օրը քվեարկությանը մասնակցած 95 պատգամավորներից Մխեյանին կողմ էին 51-ը, իսկ 43-ը դեմ էին, առանձնակի մտահոգության առիթ չէր տվել խորհրդարանի եւ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին. «Չեմ կարծում, թե կոալիցիան ճաք տվեց: Ո՛չ: Կոալիցիան ամուր է: Հիմա մենք կճշտենք, թե ովքե՞ր են դեմ քվեարկել, ի՞նչ պատճառով, քանի որ կար քաղաքական համաձայնություն»: Թեկնածուի փաստորեն չընտրվելը փորձեցին ներկայացնել իբրեւ ընդամենը թյուրիմացություն: Սակայն երեկ ընտրությանը մասնակցեցին պատգամավորներից ընդամենը 81-ը, այսինքն՝ խուլ հակազդեցություն դրսեւորելով՝ շատերն ուղղակի փախել էին քվեարկությունից, ու նրանցից էլ կողմ էին միայն 67-ը: Պայմանավորվածությունը «ճռինչով» հնարավոր եղավ պահպանել՝ արարողակարգային բազմաթիվ սխալներով, «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտումով: Թերեւս գործոն էր նաեւ այն, որ «ՕԵ»-ն որոշակիորեն «պարկի մեջ կատու» էր առաջարկում: Մեր հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ խորհրդարանական աշխատանքի փորձ չունեցող պատգամավորին միանգամից հանձնաժողովի նախագահ առաջադրելը՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Մարդն ունի կազմակերպչական ու քաղաքական աշխատանքի ծանրակշիռ փորձ»: Պարզվեց նաեւ, որ «Օրինաց երկրի» ստվար շարքերում չկար մշակույթի ոլորտին ավելի մերձ մեկը ու մասնագիտությամբ կիրառական մաթեմատիկոսին առաջադրեցին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար: Հիշեցնենք կոալիցիայի հուշագրի այն կետը, ըստ որի՝ կողմերն ընդունում են. «Կադրային նշանակումների ժամանակ պետք է առաջնորդվել արհեստավարժության, քաղաքական փորձառության սկզբունքներով»։ Եվ արձանագրենք, որ 2 օրն էլ բավական էր, որ երեւար բոլոր նման փաստաթղթերի սնանկությունը: Նշենք նաեւ, որ այժմ խորհրդարանականներ են ե՛ւ նախկին առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ե՛ւ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը, որոնք ակնհայտորեն ավելի արհեստավարժ եւ փորձառու են Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: ՀՀԿ խորհրդի անդամներից հետաքրքրվում էինք, թե կոալիցիայի կադրային պայմանավորվածություններում այնուամենայնիվ կա՞ն մասնագիտական չափանիշներ, թե՞ առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով՝ խոհարարուհին էլ կարող է ղեկավարել, եթե նրան առաջարկել է տվյալ կուսակցությունը: Ի պատասխան լսում էինք, թե, իհարկե, լավ կլիներ, որ դեր ունենար նաեւ այդ հանգամանքը. «Բայց դե լուծումները, բնականաբար, այն են՝ ինչ տեսնում եք: Իսկ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները պիտի պահպանվեն»: Շարքային հանրապետականները խոստովանում էին, որ ունեն նույն հարցադրումները, ինչ եւ մենք: Լավ թե վատ՝ խորհրդարանի ղեկավարությունն այլեւս ձեւավորված է, ուստի կարելի է ամփոփել: Ինչպես այս ԱԺ ընտրությունների ժամանակ էր ավելացել այն ընտրատարածքների թիվը, որտեղ թեկնածուներն առաջադրվում էին միայնակ, այնպես էլ ընտրվեցին նոր խորհրդարանի նախագահը, փոխնախագահները եւ հանձնաժողովների նախագահները: Սա աննախադեպ է՝ նախորդ 3 խորհրդարաններում այդ պաշտոնների մի քանի թեկնածուներ էին լինում, ծավալվում էր մրցակցություն, ծրագրերի շահագրգիռ քննարկում եւ այլն: Բայց ի՞նչ կարիք կար թիթիզանալու՝ կոալիցիան արդեն այլ վայրում վաղօրոք ամեն ինչ որոշել էր, եւ պատգամավորներին մնում էր ընդամենը հնազանդորեն կատարել ընդունված որոշումները: Դեռ կառավարության անդամներն էլ հսկում էին, որ անհնազանդներ չլինեն ու «դակելու» գործընթացն ու ձայների հաշվառման գործընթացը եւս սահուն անցնի: Այս առումով էլ նորություն չկար՝ ինչպես ընտրվել են, այնպես էլ շարունակում են գործունեությունն ԱԺ-ում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30