Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Հունիս 14,2003 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Շուտով ակնհայտ կդառնա, թե նախարարական ո՞ր պորտֆելներն են «յուղոտ», որոնք՝ «թույնոտ» Կոալիցիոն կառավարությունները ձեւավորվում են ճգնաժամային իրավիճակում, այն պահին, երբ երկրում լարված քաղաքական իրավիճակ է եւ հարկավոր է որոշակի ժամանակահատվածում հրատապ խնդիրներ լուծել կամ որեւէ քաղաքական ուժի զսպելով՝ կառավարական որոշ լծակներ տրամադրել։ Թեպետ մեր երկրում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը «ջախջախիչ» պարտություն է կրել, ամեն տարի գրանցվում է տնտեսական աճ, աշխատատեղեր են բացվում եւ դեռ կբացվեն, սակայն երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիոն կառավարություն ձեւավորեցին։ Ուրեմն ինչ-որ կարգի ճգնաժամ, այնուամենայնիվ, Հայաստանում գոյություն ունի, ասենք՝ պատասխանատվության ճգնաժամը։ Կոալիցիայի անդամ կուսակցությունների ստացած նախարարական պորտֆելներն ամենեւին էլ նույն կշռի չեն եւ ակնհայտ է, որ հանրապետականներն առավել ծանր պորտֆելներ են ստացել։ Էներգետիկայի, ֆինանսների, առեւտրի եւ տնտեսական զարգացման, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարարությունները, նաեւ մի շարք կառավարությանն առընթեր փողոտ վարչություններ շատ ավելին են իրենց մեջ ներառում, քան մշակույթն ու սոցիալական ապահովությունը։ Այսպիսով, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն հայտնվել են ոչ այնքան բարենպաստ իրավիճակում։ Մանավանդ, ամենեւին հասկանալի չէ այս երկու կուսակցությունների ներկայացրած նախարարների ընտրությունը։ Նրանցից միայն առողջապահության նախարարն է (ՀՅԴ) մասնագիտությամբ բժիշկ, սակայն կարծես թե առանձնապես հայտնի անուն չէ, մյուս նախարարների մասին մասնագիտական առումով բազմաթիվ վերապահումներ կան։ Մյուս կողմից՝ բազմիցս ասվել է, որ նախարարը քաղաքական պաշտոն է, հետեւաբար՝ մասնագիտական կրթությունը պարտադիր չէ։ Կոալիցիոն կառավարության հուշագրում նշված է, որ կառավարության հավաքական պատասխանատվության եւ խորհրդապահության սկզբունքները կիրառելի են բոլոր դեպքերում։ Սակայն ակնհայտ է, որ առեւտրի ծավալների անկման կամ բեռնափոխադրումների նվազեցման դեպքում ոչ ոք բողոքի ցույցեր չի անի, բայց կենսաթոշակի կամ նպաստի ուշացման դեպքում դրանք չեն բացառվում։ Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից փորձեցինք ճշտել՝ արդա՞ր է արդյոք բաժանումը, եւ պատասխանատվության հարցը ճի՞շտ է լուծված։ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ) շեշտում է, որ կառավարության պատասխանատվությունն ամբողջ կոալիցիան պետք է կիսի, եւ որոշ կուսակցությունների արդեն տրված են լծակներ, եւ նրանք կարող են ընտրողներին տրված իրենց խոստումներն իրականություն դարձնել, այլեւս չկարողանալով դժգոհել, թե լծակ չունեն, սակայն արդյո՞ք հավասար են բաժանված լծակները։ Ըստ պրն Սահակյանի՝ «կոալիցիայի ստեղծումը չի ենթադրում, որ յուրաքանչյուր կուսակցություն իր պատասխանատվության չափը պիտի չունենա։ Հանրապետականները մեծամասնություն են ԱԺ-ում, ունեն վարչապետ։ Բնականաբար, այդ տեսակետից կուսակցությունն ավելի պատասխանատու է իրեն զգում»։ Արդյո՞ք ՀՀԿ-ն վստահ է, որ 10 օրից, երբ վարչապետը կներկայացնի կառավարության ծրագիրը, ԱԺ-ն այն կընդունի առանց անակնկալների. «այդ ծրագիրը հիմնականում սնվել է թե՛ նախագահի, թե՛ մեր, թե՛ մյուս երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերից, եւ սկզբունքը կլինի նախորդ տարիների աշխատանքի շարունակական պրոցեսները եւ, կարծում եմ, որ պրոբլեմ չի լինի»։ «ՕԵԿ» ներկայացուցիչ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով է կուսակցությունն առաջնորդվել երեք նախարարների ընտրության հարցում, մանավանդ պրոֆեսիոնալիզմի հիմքերը կարծես քիչ են։ Ինչո՞ւ հատկապես այդ անունները. «որովհետեւ հարմար գտանք նրանց, մեր կուսակցության վարչության անդամներն են, բացի դրանից, Սերգո Երիցյանը երկար տարիներ աշխատել է գիտության ոլորտում, նա հանձնաժողովի մեջ է եղել երկար տարիներ, նաեւ Թամարա Պողոսյանն ունի շատ փորձ, նա կկարողանա շատ լավ նախարար լինել, եւ բացի դրանից՝ կին նախարար էր պետք»։ ՕԵԿ-ին, ինչպես եւ ՀՅԴ-ին տրված են ավելի «թույլ» նախարարություններ, բայց՝ հավասար պատասխանատվություն։ ՕԵԿ-ն իրեն այս պարագայում հարմա՞ր է զգում. «Սա քաղաքական պայմանավորվածության արդյունք է, մենք հարմար գտանք այդ նախարարությունները, երկար բանակցության արդյունքում ստացանք այդ նախարարությունները, այսինքն՝ մասնագիտական խնդիրներ կան. եթե մենք Սերգո Երիցյան կադր չունենայինք, չէինք կարող գիտության եւ կրթության նախարար նշանակել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել