ԿՌՈՒՆԿՅԱՆԸ՝ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ Թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վերսանդ Հակոբյանը լրատվամիջոցների օգնությամբ երեկ փորձեց իր ընտրողներին տեղեկացնել, որ «մենք մարտական ենք տրամադրված», որ «չընկճվեք, մենք հաղթելու ենք, եւ ձեր ձայներն այս անգամ ոչ ոք չի գողանա»։ Սակայն «Առավոտին» տված հարցազրույցում նա մտահոգվեց, որ «չնայած մեր խնդրանքին՝ մինչ օրս չի փոխվել ո՛չ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ոչ էլ՝ նրա նստավայրը»։ Իսկ դա նշանակում է, որ «ՏԸՀ նախագահ Ռուզաննա Կռունկյանը կշարունակի ընտրակեղծիքներ անել իմ հակառակորդ ու իր բարեկամ Հարություն Ղարագյոզյանի օգտին», իսկ Նորագավիթի կուլտուրայի տանը տեղակայված հանձնաժողովի նստավայրից «հաշվելու ընթացքում կրկին կանհետանան իմ քվեները»։ Թեկնածուն հերքեց իր եւ մյուս թեկնածուի միջեւ պայքարի կուսակցական «ծագումն ու պատկանելությունը»։ «Պայքարը մեր երկուսի միջեւ է, ոչ թե կուսակցությունների, Հարութն իր թղթին երեւի մեղրով է կպել (նկատի ունի մանդատը- Ռ. Ա.), ես դեռ մեղրի համը չգիտեմ, բայց փողոցային միջոցներով չեմ ուզում դառնալ պատգամավոր»,- ասաց նա։ Հունիսի 15-ին նախատեսված ընտրությունների արդար անցկացման համար Վ. Հակոբյանը մոբիլիզացրել է Հայաստանում մնացած արտերկրյա ու տեղական դիտորդներին, լրատվամիջոցներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Նույն ընտրատարածքի երրորդ թեկնածու Ռաֆայել Խաչատրյանը երեկ խմբագրություն էր ներկայացրել գրավոր հայտարարություն, որով իր ընտրողներին կոչ էր անում բոյկոտել հունիսի 15-ի ընտրությունները։