Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եռանկյան չորրորդ անկյունը

Հունիս 13,2003 00:00

Եռանկյան չորրորդ անկյունը Լույս է տեսել Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը» գիրքը։ Այն ավելի շուտ պատմվածանի է, որտեղ պատմվածքները «շեղված» են դասական ձեւից՝ նրանցում «չկա սկիզբ, զարգացում, բարձրակետ, լուծում»։ Իր խոսքով, կատարված ու չկատարված դեպքեր, չասված ու չլսված խոսքեր հավաքելով ու իրար կցմցելով, «Երկիր մոլորակի Հայաստան կոչվող աշխարհում ապրող Հարությունյան Մեսրոպը ոչ մեկին չի պարտադրում կարդալ իր գործը, իսկ կարդացողներին խնդրում է խիստ դատել»։ Ափսոս, խիստ դատելու տեղ չի էլ մնացել, որովհետեւ հեղինակն ինքը, ավելի ճիշտ՝ նրա «ներքին սանիտարն» է այդ գործը հիմնովին ստանձնել։ Վերջինս շարունակ բողոքում է, որ հեղինակը «ամեն անկապ բան իրար հետեւից շարելով՝ պատմվածք է ուզում ստանալ, որ ասելիքը նախօրոք չի պլանավորում, որովհետեւ կարծում է՝ մտքերն ինքնաբերաբար կգան»։ Իբր դա քիչ է, «մարդավարի չի էլ գրում, չի կարողանում գրել եւ իր անկարողությունը քողարկում է այդպիսի մտքերով»։ Գրքում պատմվածք կա (իսկ դրանք հիմնականում մի քանի տողից են բաղկացած), ուր ընդամենը երկու թիվ է՝ 1904-1996։ Բայց, հեղինակի խոսքով. «Դու դրանց միացնող գծին նայիր։ Մարդն ապրել է 92 տարի՜։ Իսկ նրա ապրած կյանքն արտահայտել են ընդամենը պստլիկ գծով, որն առնվազը 10 վեպի նյութ ունի»։ Մ. Հարությունյանի կարծիքով, շատ բան է ասված նաեւ 26-րդ պատմվածքում, որն ընդամենը գրքի մաքուր էջ է, բայց քանի՜ վեպի նյութ ունի։ Եռանկյան A, B, C անկյուններում (գրքի բաժիններում) մենք ենք ու մեր կյանքը՝ ամենաօրախնդիր մտահոգություններով։ Եռանկյան չորրորդ՝ D անկյունում հեղինակը վերադառնում է իր՝ ի սկզբանե ունեցած կարծիքին, որ մեր օրերում շատ խնդիրներ ուղղակի լուծում չունեն։ Ինչպես, օրինակ, խնդիրը եռանկյան 4-րդ անկյունը գտնելու մասին, մինչդեռ «ինքը հիմարի պես լուծում է փնտրում»։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել