Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Աչքի լույսի պես պահեք»

Հունիս 13,2003 00:00

«Աչքի լույսի պես պահեք» Լոռու մարզի աղետի գոտու տարածքում տնակային դպրոց այլեւս չկա Երեկ Լոռու մարզի Ղուրսալ գյուղում բացվեց դպրոցի 150 տեղանոց նոր շենքը, որը կառուցվել է Հայաստանի սոցիալական ներդրումների (ՀՍՆՀ) ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) հետ համաֆինանսավորմամբ։ Ծրագրի 45%-ը ֆինանսավորել է ՀՍՆՀ-ն, 45-ը՝ ՀՀՀ-ն, իսկ համայնքի վճարելիք 10%-ը իր վրա է վերցրել «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունը։ Դպրոցի տնօրեն Ֆեոդոր Վարդանյանը հայտնեց, որ շենքը կահավորված է առայժմ նոր ստացված 50 նստարան, 100 աթոռով։ Իսկ դասապրոցեսի համար անհրաժեշտ նյութերից ունեն ֆիզիկայի եւ քիմիայի պարագաներ, թեեւ դրանք հնացել են։ 70 աշակերտ ունեցող դպրոցը ստիպված է դասարանները կոմպլեկտավորել մի քանիսը միասին՝ աշակերտների փոքր թվի պատճառով։ Ճաշակով կառուցված եւ հարմարավետ դպրոցում բացակայում էր սպորտդահլիճը։ Պրն Վարդանյանն ասաց, որ դրա համար նախատեսվում է առանձին կառույց։ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Մինաս Սայադյանի հավաստմամբ, մարզում տնակային դպրոց այլեւս չունեն. «Կարելի է ասել, սա վերջինն էր»։ Հետո մարզպետ Հենրիկ Քոչինյանից տեղեկացանք, որ սա վերջինն էր՝ մարզի աղետի գոտու տարածքում։ Եվս երկու դպրոցի բացում տեղի կունենա օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Տաշիրի տարածաշրջանում։ Իսկ ընդհանրապես, Մ. Սայադյանի ներկայացմամբ, մարզում կառուցվել է 80-ից ավելի դպրոց, որոնցից 62-ը՝ բոլորովին նոր, 18-19-ը՝ հիմնանորոգվել են։ Դպրոցական շենքերի այս առատությունը կարծես թե լայն հնարավորություններ է տալիս հանրակրթության համակարգում իրականացվող օպտիմալացման ծրագրի համար։ Պրն Սայադյանը հայտնեց, որ ըստ միջդպրոցական եւ ներդպրոցական ռացիոնալացման ծրագրի, այդպիսի բան նախատեսված չէ մարզում։ «Չունենք այս պահին որեւէ գյուղական համայնք, որտեղ դպրոցը պետք է չգործի, եւ պետք է երեխաները հաճախեն կողքի գյուղի դպրոց»։ Սակայն Մ. Սայադյանը ի վերջո ասաց. «Ուղղակի ռացիոնալացման ծրագիրը՝ կապված աշակերտների թվով ֆինանսավորման հետ, հանգեցնելու է բնականաբար նրան, որ այն գյուղական դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը բավարար չէ (եւ ֆինանսավորումն ըստ այդմ քիչ է), բնականաբար, ներդպրոցական ռացիոնալացման խնդիր պետք է լուծվի։ Միեւնույն է, մենք չենք կարող խուսափել երկկոմպլեկտ դասարաններ կազմավորելուց»։ Իսկ ինչպե՞ս են գոյատեւելու աշակերտ, հետեւաբար եւ՝ ֆինանսավորում չունեցող դպրոցները, մինչեւ իրականություն դառնա վարչության պետի լավատեսությունը՝ ապագայում աշակերտների թվի աճի հետ կապված։ «Չի բացառվում, որ ազատվող շենքերը մեկ տարով տրվեն վարձակալության, ինչի իրավունքը դպրոցներն ունեն՝ յուրաքանչյուր տարի թարմացնելով պայմանագիրը»։ Սակայն չի բացառվում, որ հիմնադիրը՝ կառավարությունը, որոշի այլ կերպ տնօրինել իր սեփականությունը։ Չստացվե՞ց օպտիմալացում։ Ամեն դեպքում, գյուղի համայնքին դիմելով՝ մարզպետ Հենրիկ Քոչինյանն ասաց. «Դպրոցի շենքն աչքի լույսի պես պահեք»։ Լոռու մարզի կրթական համակարգի պրոբլեմները նման են այլ մարզերի։ Պրն Սայադյանը հայտնեց, որ քաղաքային համայնքներում մասնագետ ուսուցիչների կարիք չունեն, հակառակը՝ կան գործազուրկ մանկավարժներ, որոնք գյուղեր չեն տեղափոխվում։ Ղուրսալի միջնակարգ դպրոցի տնօրեն Ֆեոդոր Վարդանյանն ասաց, որ իրենք գյուղապետարանի միջոցով կարողացել են լուծել միայն մեկ՝ քիմիայի ուսուցչի մեկ տարվա ճանապարհածախսը Վանաձորից։ Իսկ բարձրագույն մասնագիտական կրթությամբ մասնագետների պակասը լրացնում են ոչ մասնագիտական կամ բարձրագույն ոչ մասնագիտական կրթությամբ անձանցով։ Այսօր մարզում 1000-1100 մանկավարժ մասնագետի կարիք կա, ինչպես տեղեկացրեց Մ. Սայադյանը։ Վարչության պետը հպարտացավ նաեւ պարտուսից դուրս մնացած դպրոցահասակների ցածր թվով՝ մարզում 15-20 երեխա, որոնց մեծ մասը Ֆիոլետովո, Լերմոնտով ռուսաբնակ գյուղերից են։ Նրանց ծնողները, ըստ Մ. Սայադյանի, կրոնական պատճառներով, 4-5-րդ դասարանից հետո թույլ չեն տալիս դպրոց հաճախել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել