Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվելու ժամը

Հունիս 13,2003 00:00

Կողմնորոշվելու ժամը Ամերիկացիները գալի՞ս են «ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում ամերիկյան զորքերի տեղակայում Ադրբեջանի տարածքում»: Նման ձեւալերպումով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում, փաստորեն, ոչ հերքել, եւ ոչ էլ հաստատել է այն տեղեկատվությունը, թե առաջիկայում ամերիկյան 15 հազարանոց զորախումբ է տեղակայվելու Ադրբեջանի տարածքում։ Նշենք, որ վերջին օրերին թուրքական մամուլում այս թեման աշխուժորեն քննարկվում է։ Ըստ այդմ, հղում կատարելով Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդվում է, թե Գերմանիայի տարածքում ամրակայված ավելի քան 60 հազարանոց զինվորական կոնտինգենտից շուրջ 20 հազարը տեղաբաշխվելու է Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի եւ Ռումինիայի տարածքներում։ Լուրը հաստատվում է նաեւ ամերիկյան հեղինակավոր «Ուոլ սթրիթ ջորնլ» հանդեսի կողմից։ Փաստորեն, Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը, ընդգծելով «առայժմ» բառը, առնվազն չի բացառել, որ տեսանելի ապագայում այդ մտադրությունն, այնուամենայնիվ, կիրագործվի։ Արժե վերհիշել, որ ընդամենը մի քանի տարի առաջ տառացիորեն նույն ձեւակերպմամբ ԱՄՆ պաշտոնական շրջանակները վերաբերմունք էին արտահայտում արեւելաեվրոպական երկրների հաշվին ՆԱՏՕ-ն դեպի արեւելք ծավալելու հեռանկարի մասին։ «Առայժմ չենք ծրագրում»,- այն ժամանակ հաղորդում էր Պետդեպարտամենտի լիազոր ներկայացուցիչը։ Այսպիսով, հեռու չէ այն օրը, երբ ռուսական ամենաավանդական ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում ԱՄՆ-ը զինված ներկայություն կապահովի։ Ռոս Ուիլսոնի խոսքերով, դեռեւս Իրաքյան պատերազմից շատ ամիսներ առաջ, զինված ուժերի պլանավորման ամերիկյան կառույցները քննարկել են «այն վայրերում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը, որտեղ հնարավոր է ընդհարում 21-րդ դարի տարբեր սպառնալիքների հետ»։ Մյուս կողմից, մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ հաղորդում են, թե ամերիկյան գեներալ, Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարի տեղակալ Չարլզ Վալդը հաստատել է Կասպյան տարածաշրջան ամերիկյան ռազմական ստորաբաժանումների տեղափոխման մասին տեղեկությունը։ Հետաքրքիր է, որ մինչ գեներալ Վալդն այդ ծրագիրը փաստարկում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի անվտանգության ապահովմամբ, դեսպան Ուիլսոնը խոսում է առավել համապարփակ սպառնալիքների մասին։ Նկատենք, որ այս ամենի լույսի ներքո ԱՄՆ-Իրան ռազմական հակամարտության հեռանկարն առավել քան իրական է դառնում։ Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ծավալումը տեւական է լինելու, եւ հազիվ թե ԱՄՆ բանակի շուրջ 20 հազար զինվորները Ադրբեջան եւ Վրաստան են գործուղվելու միայն խողովակներ հսկելու համար։ Այս համատեքստում, ուզես թե չուզես, դարձյալ օրակարգային է դառնում հայկական կոմպլեմենտարության վերագնահատման հարցը։ Ի՞նչ դեր է վերապահվելու Հայաստանին առաջիկա վերադասավորումների ընթացքում, դեպի Հարավային Կովկաս միտված նոր բաժանարար գծի ո՞ր կողմում է հայտնվելու մեր հանրապետությունը, եւ արդյո՞ք սպասվող զարգացումները ստիպելու են ճշգրտումներ կատարել ՀՀ անվտանգության ներկայիս հայեցակարգում։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշեց, թե Ադրբեջանում ամերիկյան զորախումբ տեղակայելու մասին լուրերը քաղված են բացառապես մամուլից։ Ուստի, ըստ ԱԳՆ խոսնակի, որեւէ պաշտոնական հաղորդագրության բացակայության պայմաններում, նախարարությունը ձեռնպահ է մնում դրանք մեկնաբանելուց։ Ի դեպ, նշենք, որ հիշյալ լուրերը չեն հաստատել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։ Ըստ «Էխոյի», նախարարության խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտնել է, թե այդ մասին «բացարձակապես ոչ մի տեղեկություն չունի»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել