Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ» ԿՎՆԱՍԻ՞ ԲՆՈՒԹՅԱՆԸ

Հունիս 13,2003 00:00

«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ» ԿՎՆԱՍԻ՞ ԲՆՈՒԹՅԱՆԸ Երեկ Լոռու մարզի Ղուրսալ գյուղի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, եկել էր մասնակցելու նաեւ Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Էդ Մելքերտը։ Պրն Մելքերտը ժամանել էր լուսադեմին Թբիլիսիից։ Ինչպես հայտնի է, մեր հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի մտահոգությունների առաջին պլանում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղն է, որի կառուցումով քաղաքական ու տնտեսական շատ հարցեր կարող են լուծվել, իսկ բնապահպանական ու սոցիալական հարցեր էլ՝ առաջանալ։ Դրանց դեմ բողոքներն արդեն իսկ թեժացել են հատկապես Վրաստանում։ Մինչեւ այժմ դեռ հայտնի չէ՝ ՀԲ-ն կորոշի՞ մասնակցել ԲԹՋ-ի ֆինանսավորմանը, թե՞ ոչ։ Թբիլիսիից ժամանած ՀԲ պաշտոնյայի՝ այս մասին առաջին հարցազրույցն «Առավոտինն» է։ – Պրն Մելքերտ, Վրաստան այցելության ժամանակ ձեր հետաքրքրությունների շրջանակում կա՞ր ԲԹՋ նավթամուղի շուրջ իրավիճակի ուսումնասիրությունը։ – Այո, վերջին երեք օրը ես Վրաստանում էի՝ ուսումնասիրելու ՀԲ տարբեր ծրագրեր եւ նաեւ ՀԲ-ի ֆինանսական աջակցության հնարավոր տրամադրումը ԲԹՋ նավթամուղին։ – Ի՞նչ եզրակացությունների եք եկել։ Այսինքն, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԲ-ն մասնակցի ԲԹՋ-ի ֆինանսավորմանը։ – Այժմ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա) է մտադիր ֆինանսավորել նավթամուղը, սակայն վերջնական որոշումը պիտի կայացվի այս տարվա աշնանը։ Եվ դա կապված է հիմնականում նավթամուղի կառուցման բնապահպանական հետեւանքների հետ։ Դա պատճառներից մեկն է, որ ես գնացի Բորժոմ՝ տեսնելու այն տարածքը, որտեղով անցնելու է նավթամուղը եւ գնահատելու շրջակա միջավայրի վրա դրա ազդեցությունը։ – Եվ ի՞նչ տեսաք Բորժոմում, որը Վրաստանի «ամենազգայուն» վայրերից է համարվում։ – Այո, դա միանշանակ «զգայուն» շրջան է, որի վրա պետք է շատ ուշադրություն դարձնել։ Բորժոմում ես զրուցել եմ ոչ կառավարական կազմակերպությունների շատ ներկայացուցիչների հետ։ Իմ տպավորությունն այն է, որ Վրաստանի կառավարությունը եւ ԲԹՋ կոնսորցիումը եւ ոչ կառավարական կազմակերպությունները մեծ առաջընթաց են ապահովում՝ գտնելու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխելու լավ միջոցներ։ Սակայն այդ ամենը դեռ ավարտուն տեսքի բերված չէ, այնպես որ առաջիկա ամիսները ցույց կտան, հնարավոր է գտնել ընդունելի հենման կետ։ – Վրաստանի բնապահպանական ՀԿ-ների հիմնական դժգոհությունների պատճառն այն է, որ որոշումներ կայացնելիս (մասնավորապես հանգստավայր եւ հանքային ջրերի աղբյուր Բորժոմը ԲԹՋ-ի երթուղի ընդգրկելիս) հաշվի չէր առնվել հասարակության կարծիքը։ Ավելին՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նիդեռլանդական անկախ հանձնաժողովի ուսումնասիրությունները եւս հաշվի չեն առնվել։ – Պետք է ասեմ, որ ես այժմ ավելի լավատես եմ՝ բնապահպանական ՀԿ-ների եւ հանձնաժողովի կարծիքները հաշվի առնելու առումով։ Եվ միանշանակ է, որ ՀԲ-ի պայմաններից է քաղաքացիական հասարակության առավելագույն ներգրավվածությունը՝ գտնելու ԲԹՋ պրոյեկտը իրականացնելու ձեւերը։ Ես լավ տպավորություններ ունեմ, որ այդ առումով առաջընթաց կա, սակայն դեռեւս կան որոշ հարցեր։ – Դուք տեղյա՞կ եք, որ Բորժոմը եւ Ծալկան ներառելով ԲԹՋ-ի երթուղու մեջ՝ խախտվել են Վրաստանի մի շարք օրենքներ, որոնցով այդ տարածքները «անձեռնմխելի» էին համարվում։ – Ես կարծում եմ, որ այդ մասին քննարկումը դեռեւս շարունակվում է։ Սակայն իմ կողմից հստակ հայտարարում եմ, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման միջոցները պետք է ավելի հասարակական եւ բացահայտ թեմա դառնան։ Եվ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, որովհետեւ վրացական կառավարության եւ ԲԹՋ կոնսորցիումի կողմից ես հանդիպեցի մեծ ըմբռնման։ Բայց առաջիկա ամիսներին կերեւա՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ – Ադրբեջանում մտահոգություններն ավելի շատ պատմական հուշարձանները, մասնավորապես Գոբուստան պատմական արգելոցը ԲԹՋ երթուղու մեջ ներառելու շուրջ են։ – Կարծում եմ, որոշակի տարբերություններ կան Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում ձեռնարկվելիք միջոցների միջեւ։ Բայց ՀԲ-ում դիտարկվելու է պրոյեկտն ամբողջությամբ եւ դա տեղի կունենա մի քանի ամիս հետո։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ.Գ. «Առավոտն» առաջիկայում կանդրադառնա Հարավային Կովկասի, հետեւաբար, եւ Հայաստանի համար բնապահպանական հետեւանքներ ենթադրող այս կառույցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել