Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՄԵՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ

Հունիս 13,2003 00:00

ՀՀԿ-Ն ՄԵՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ հայտնեց լրագրողներին, որ ինքը հանդիպել է Արտաշես Գեղամյանին. «Մի քանի հեռախոսային զրույցներ ենք ունեցել, ցանկացել եմ, որ պրն Գեղամյանը մաս կազմի… համատեղ աշխատենք, համագործակցենք»: Չհայտնեց, թե ինչին պիտի մաս կազմեր Գեղամյանը, սակայն ժխտեց, թե խոսքը կոալիցիայի մասին է: Ժխտեց նաեւ «Առավոտի» այն ենթադրությունը, թե Գեղամյանին պաշտոն է առաջարկել. «Ուղղակի զրուցել ենք: Ես շատ գոհ եմ մեր զրույցի արդյունքներից, քանի որ շատ կառուցողական էր՝ ի պատիվ պրն Գեղամյանի: Մենք կարողացանք վեր կանգնել կուսակցական հավակնություններից: Պրն Գեղամյանն էլ է, ըստ իս, մտածում մեր երկրի, այն այս վիճակից դուրս բերելու մասին, ինչպես ՀՀԿ-ն եւ նախագահին սատարող բոլոր կուսակցությունները»: «Առավոտը» հիշեցրեց, որ ընտրարշավի ընթացքում ՀՀԿ-ն քննադատության էր արժանանում «ՕԵ»-ի եւ ՀՅԴ-ի կողմից, վարչապետն էլ դժգոհում էր, թե իրենց համբերության բաժակն արդեն լցվում է: Այս ամենն արդեն ետեւո՞ւմ է՝ հարցին պրն Մարգարյանը պատասխանեց. «Քանի որ «Հանրապետականը» հետեւում է «Կուսակցությանս հետ, պետության համար, ազգիս համար» կարգախոսին՝ ՀՀԿ-ն վեր է կանգնում կուսակցության շահերից՝ հաշվի առնելով պետության առջեւ ծառացած խնդիրները, որոնք միայնակ չի կարող լուծել «Հանրապետականը» կամ որեւէ այլ քաղաքական ուժ: Եվ պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել: Ես չեմ տեսնում թշնամի կուսակցություններ»: Այնուամենայնիվ՝ չի՞ կարծում, որ հուշագրի ստորագրմամբ որոշակիորեն խմբագրվեցին ԱԺ ընտրությունների արդյունքները, քանի որ ՀՀԿ-ն իր ստացած քվեներով ավելի մեծ դերակատարություն կարող էր ունենալ ԱԺ-ում եւ կառավարությունում՝ մեր այս հարցին վարչապետը պատասխանեց. «Տեսականորեն ընդունելի է ձեր ասածը, բայց գործնականում՝ գտնում եմ, որպեսզի ՀՀԿ-ն ավելի մեծ վստահության պաշար ունենա իր ծրագրերն իրագործելու համար՝ անհրաժեշտ են գործընկերներ: Մենք կարողացանք հասնել նրան, որ յուրաքանչյուրը ստանձնի ոչ միայն իր ոլորտի, այլ նաեւ՝ ամբողջ կառավարության պատասխանատվությունը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել