ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ՞ Ե՛վ նախագահի, ե՛ւ ԱԺ ընտրություններն, ըստ եվրոպական դիտորդների եզրակացությունների՝ չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: «Առավոտի» հարցին, թե երկու ընտրյալ իշխանության խնդրահարույց լեգիտիմության պայմաններում չի՞ դժվարանում իր աշխատանքն արտաքին ոլորտում՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Արդեն կարող եմ ասել՝ ո՛չ: Քանի որ նախագահի ընտրությունից հետո որոշ ժամանակ անցել է, եւ ես մի քանի անգամ դրսում գտնվել եմ արդեն՝ հենց նաեւ Եվրոպայի խորհրդում, պետք է ասեմ, որ ամեն ինչ իր բնականոն հունի մեջ է, ու խնդիրները հստակ ըմբռնվում են բոլորի կողմից: Դիտորդական առաքելությունը որոշ առաջարկներ է ներկայացրել, թե ինչ փոփոխություններ կարելի է անել մեր «Ընտրական օրենսգրքում» եւ ընդհանրապես այդ գործընթացներում, որ ավելի լավացնենք իրավիճակը: Այդ առաջարկները կհանձնենք խորհրդարանի եւ կառավարության ուշադրությանը: Եվ այստեղ ես իսկապես որեւէ խնդիր արդեն չեմ տեսնում մեր հետագա գործունեության առումով: Ընդհանուր գնահատականն է, որ թերություններ են եղել ընտրություններում, եւ մեր առջեւ խնդիր է դրվում, որ դրանք վերացնենք ապագայում, որպեսզի հաջորդ ընտրություններն ավելի համապատասխանեն միջազգային չափանիշներին»: Հիշեցրինք, որ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ռասել Ջոնսթոնը «պարզապես վատ» անվանեց այն իրողությունը, որ նախագահի ընտրության ժամանակ ընտրախախտումների հեղինակները չեն ենթարկվել պատասխանատվության՝ նշելով, թե սա նպաստում է անպատժելիության մթնոլորտի արմատավորմանը: Մինչդեռ կեղծարարներն անպատիժ են մնում նաեւ ԱԺ ընտրությունից հետո՝ արդյոք սա անդրադարձ չի՞ ունենա դիտորդների վերջնական եզրակացության վրա. մեր այս հարցին ի պատասխան՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Գիտեմ, որ դատախազությունում որոշ գործեր կան: Կարծում եմ՝ եթե իսկապես ակնհայտ ապացուցված դեպքեր կան՝ ճիշտ եւ լավ կլինի, որ պատժվեն այդ մարդիկ: Իսկ եթե դա չի արվում՝ դժվարանում եմ այս պահին ասել, թե միջազգային դիտորդական առաքելության հետագա եզրակացություններն այդ կապակցությամբ ինչ կարող են լինել»: Ա. Ի.